1993 թվականի հունիսի 12-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու ինքնապաշտպանական ուժերը սկսում են Ակնայի շրջանի մի քանի գյուղերում տեղակայված ռազմական հենակետերի ոչնչացման գործողությունը: Ունենալով հաջող ընթացք՝ կեսօրին գործողությունն արդեն ավարտված էր: Ավոն, Կոմիտասը, Սարիբեկը, Սարոն, Հովիկը և Գևորգը «Վիլիսով» մտնում են Մարզիլի գյուղ: Տարածքը զննելուց հետո նրանք պետք է որոշեին նոր դիրքերի տեղերը: Խաչմերուկում զրահամեքենա նկատելով` «Վիլիսը» կանգնում է: Մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող զրահամեքենայի շուրջ հավաքված էին զինվորներ: Կոմիտասը, ով կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ, դուրս է գալիս մեքենայից, քայլում նրանց ուղղությամբ, գոռում է` հայե՞ր եք: Դիմացինները ադրբեջաներենով պատասխանում են` ոչ: Կոմիտասը հետո պատմում էր, որ հարցնելու պահին արդեն գիտեր, որ թշնամու զինվորներն են: Նա կրակելով ետ է քաշվում: Մեքենայում գտնվողները դուրս են նետվում և կրակելով սկսում են դիրքավորվել: Թշնամու ավտոմատավորներին միանում է զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացիրը: Առաջին կրակոցի ժամանակ տղաները պառկած էին: Ավոն վազում է դեպի կողքի տան պատը: Լսվում է գնդացրի երկրորդ կրակոցը: Պատին էր կպել… Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Ավոյի գլխի մեջ: Տղաներից չորսն արդեն վիրավոր էին: Հովիկը Ավոյին գրկած` ռացիայով օգնություն է կանչում. 00-ն չկա, 00-ին խփել են…
Այսօր ՀՀ ազգային հերոս Մ. Մեքոնյանի մահվան 30-րդ տարելիցն է: Հերոսն ուներ մի շատ կարևոր կարգախոս՝ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։ Հերոսի զոհվելուց 30 տարի անց դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները շրջում են հայոց պատմության վերջին էջը. Արցախը շրջափակման մեջ է: Եվ այսօր լրանում է շրջափակման ուղիղ կես տարին: Շրջափակման հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, սակայն չնայած դրանց՝ արցախահայությունն ամուր կառչած հայրենի հողին հերոսաբար դիմանում է բոլոր փորձություններին:
Հայկական ալիքը պարբերաբար անդրադարձ է կատարում շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակին: Այսօր փորձենք ևս մեկ անգամ ամփոփել 6 ամիս տևած շրջափակման աղետալի հետևանքները:
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված՝ արդեն մոտ կես տարի է, ինչ էներգետիկ ամբողջ ծանրաբեռնվածությունը Սարսանգի ջրամբարի վրա է։ Գերծանրաբեռնվածությունը հանգեցրել է ջրի՝ մեծ քանակությամբ կորստի, և լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի էներգետիկմիակ ռեսուրսը գրեթե ցամաքեցման եզրին է։ Ոչնչացման եզրին է նաև ջրամբարի կենսաբազմազանությունը:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից:
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 207 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 59 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման:
Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 114 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 153 օր շարունակ:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 38 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկանցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Այս ամենին գումարած Ադրբեջանի ԶՈւ-ն վերջին շրջանում կրկին սկսել է հաճախակի խախտել հրադադարը:
Այս լավատեսություն չներշնչող տվյալների կողքին ունենք մեկ ցուցանիշ, որը վկայում է, որ ամեն բան չէ, որ ավարտված է, և որ արցախցիները բնավ միտք չունեն պայքարը դադարեցնելու. դա ծնունդների թիվն է: Արցախում շրջափակման 6 ամիսների ընթացքում ծնվել է 110 երեխա:
Արցախի շրջափակման մեկնարկից ի վեր դե-ֆակտո իշխանությունները շրջափակման դադարեցման պատասխանատվությունը բարդել են բոլորի վրա, բացի իրենցից. ռուս խաղաղապահների, միջազգային հանրության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի… Այս շարքն, իհարկե, կարելի է անվերջ շարունակել: Կասկածից վեր է, որ շրջափակումը դարձավ լավ առիթ հակառուսականության հերթական ալիքը բարձրացնելու հարցում: Հետաքրքրական է, որ այդ ուղորդված ալիքը միաժամանակ է բարձրանում հայկական և ադրբեջանական կողմերում: Այսպես ադրբեջանական կողմը պնդում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի «թողտվությամբ» է Արցախ տեղափոխվել զենք, Արցախից դուրս են բերվել «ապօրինի շահագործված» հանքերի հանքանյութերը և առհասարակ ոչ մի շրջափակում էլ չկա, այդ «ռուս խաղաղապահների բարիկադներն են» ճանապարհը արգելափակում: Դե իսկ հայկական դե-ֆակտո կողմի տարածած թեզերին բազմիցս ենք անդրադարձել:
Արցախի շրջափակումից կես տարի անց դե-ֆակտո վարչապետն առանց ավելորդ բառախաղի սկսեց խոսել Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին` նշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նույն ինքը` տխրահռչակ 86,600 քկմ-ի մասին: Մինչ այդ էլ արդեն պարզ էր, որ դե-ֆակտո իշխանությունները տանում են Արցախն Ադրբեջանին ամբողջապես հանձնելու գիծը, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին խոսելու փոխարեն խոսում էին ինչ-որ ամորֆ և ոչ հստակ իրավունքների և անվտանգության մասին. կարծես թե այդ անվտանգությունն ապահովողն ադրբեջնական կողմը պիտի լիներ:
Ավոյի զոհվելուց 30 տարի անց մեր պատմության այս անփառունակ վախճանը կարելի է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով` դե-ֆակտո թուրքամետ խունատայի հեռացմամբ և ազգային կառավարության ձևավորմամբ, որը կունենա կամք` կանխելու այս գահավիժումը և հողավաճառության աճուրդը:
Հեղ.` Մարիամ Մարգարյան