Վերջ, ամեն ինչ ավարտվեց։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ստորագրեց հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին։ Արցախը կդադարի գոյություն ունենալ միջազգային իրավունքին համապատասխան և կապրի միայն մեր հիշողություններում։
Արցախը դառնալու է այն երևակայական երկիրը, որի մասին մենք կպատմենք մեր երեխաներին ու թոռներին, ինչպես մեր պապերն են մեզ պատմել Վանի, Էրզրումի, Բիթլիսի կամ Կարսի մասին։ Արցախը դառնալու է այն հողը, որի մասին հայերն ասում են՝ «մի օր հետ ենք գնալու», «այն մեզ է պատկանում»։ Բայց չենք գնա: Արցախն այլևս մեզ չի պատկանում։ Արցախն այլևս գոյություն չունի։
Սա է իրականությունը, մենք պետք է առերեսվենք և ընդունենք այն: Ուրեմն ո՞ւմ մեղադրել։ Որովհետև անխուսափելիորեն մեր առաջին արձագանքն է ասել, որ մեղավոր են ամերիկացիները, եվրոպացիները, ռուսները կամ Հայաստանի իշխանությունները: Իրոք, նրանք բոլորն ունեն պատասխանատվության իրենց բաժինը։
Ամերիկացիները, որ միայն աջակցության խոսքեր ունեն։ Ամերիկացիները, ովքեր հարձակումից երկու օր առաջ հայտարարեցին, որ չեն հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ամերիկացիները, ովքեր գալիս են մեզ մոտ իրենց կարեկցանքի քաղցր խոսքերով։ Ամերիկացիները, ովքեր հույս ունեն, որ մենք խաղաղություն կհաստատենք նրանց հետ, ովքեր ատում են մեզ, որպեսզի կարողանան մեզ միավորել Իրանի դեմ պատերազմում, որն իրենց աչքում չարի հավերժական առանցքն է: Ամերիկացիները, որոնք իրենց աջակցության խոսքն են հայտնում, բայց նաև զենք են վաճառում Ադրբեջանին։ Ամերիկացիները, որոնց հետաքրքրում է միայն սեփական աշխարհաքաղաքական և անձնական շահերը, ուրիշ ոչինչ, ինչպես նախկինում շատ անգամներ է եղել։
Եվրոպացիները՝ խաբված իրենց սահմանին խաղաղության հույսով։ Եվրոպացիները, ովքեր թույլ տվեցին իրենց խաբվել Ադրբեջանի համոզիչ խոսքերով և էներգետիկ ռեսուրսների՝ որպես ռուսականին այլընտրանք, մատակարարման խոստումներով, մինչդեռ բոլորը գիտեն, որ ռուսական գազը պարզապես միջնորդավորված Ադրբեջանի կողմից հասնում է Եվրոպա, և այստեղ կարևորը միայն քաղաքական շրջանակավորումն էր։ Եվրոպացիները, ովքեր Արցախի շրջափակման վերաբերյալ հայ ժողովրդի բազմաթիվ կոչերին ի պատասխան, ընդամենը կոչեր հղեցին, ոչ շատ ուժեղ՝ խուսափելու իրենց նոր էներգետիկ գործընկերոջ հետ հարաբերությունները վատթարացնելուց։ Եվրոպացիները, որի «մոնիթորինգային առաքելությունը» ոչնչով չօգնեց, և պարզապես դարձավ եվրոպացի զբոսաշրջիկների մի խումբ։
Ռուսները, որոնց խաղաղապահ ուժերը լիովին ձախողեցին իրենց առաքելությունը։ Ռուսները, որոնք չափազանց նեյտրալ էին և ոչինչ չարեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը օգնելու համար, ինչը պետք է անեին: Ռուսները, որոնց կարելի է մեղսակից համարել Ադրբեջանին, քանի որ նրանք հեշտությամբ ընդունեցին Ալիևի ներողությունը, երբ ադրբեջանական ուժերը սպանեցին 6 ռուս խաղաղապահների։ Ռուսները, որոնք ցույց էին տալիս, թե խաղաղության աջակցում են խաղաղության հաստատմանը միայն վերջում Ադրբեջանի կողմն անցնելու համար։
Փաշինյանը, ով հանուն, այսպես կոչված, խաղաղության, որոշեց թույլ տալ, որ Ադրբեջանը լուծի ԼՂ հարցը իր ձևով։ Փաշինյանը, ով պատասխանատվությունը դրել էր ռուս խաղաղապահների վրա՝ համարձակվելով բազմաթիվ հարցերում ձեռնոց նետել Ռուսաստանին։ Փաշինյանը, որը չափազանց մեծ հույսեր էր կապում Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ, որը բազմիցս արտահայտել է իր ատելությունը մեր ժողովրդի, մեր ազգային պատկանելության նկատմամբ։ Փաշինյանը, որը չափազանց մեծ հույսեր էր կապում Միացյալ Նահանգների և հավաքական Արևմուտքի հետ և թույլ տվեց, որ իրեն խաբեն իրենց խոստումներով։ Փաշինյանը, որ շարունակ Ռուսաստանի կրակի հետ էր խաղում, թեև պատերազմից հետո Ռուսաստանը (Իրանի հետ միասին) Հայաստանի գոյատևման միակ երաշխավորներն էին։ Փաշինյանը, ով կարծես շատ ավելի մտահոգված է իր քաղաքական գոյատևմամբ, քան Լեռնային Ղարաբաղի հայերի գոյատևմամբ։ Փաշինյանը, ում Լեռնային Ղարաբաղում հայ խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորված լինելու մասին խոսքերը օգտագործվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր իսկ արտգործնախարարի (Միրզոյանի) փաստարկին հակադարձելու համար։ Փաշինյանը, ով պնդում էր, որ խոսում է ողջ Հայաստանի անունից՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելով և դրանով իսկ կանաչ լույս վառելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար։
Բայց պատասխանատվություն բաժին ունի ևս մեկ սուբյեկտ՝ մենք՝ հայերս։ Սփյուռքում թե Հայաստանում։ Երեսուն տարի մենք հանգիստ էինք, չէինք մտածում այս մասին։ Հետո 3 տարի առաջ նորից պատերազմ սկսվեց։ Անցած 3 տարվա ընթացքում հայ ժողովուրդը վերընտրեց այն մարդուն, ով թուրքական անօդաչու թռչող սարքերի, իսրայելական զենքի ու ՆԱՏՕ-ի զինատեսակների դեմ ստույգ մահվան ուղարկեց 5000 երիտասարդի։ Սփյուռքի հայերը թանկարժեք բարեգործական գալաներ էին կազմակերպում, շարունակում էին իրենց խնջույքները «Հախթելու ենք» ասելով, մինչդեռ հարևանությամբ սպառնալիքներն աճում էին։
Սփյուռքի հայերը, ովքեր չեն կարողացել համոզել սեփական երկրների կառավարություններին դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի հետ, մինչդեռ վերջիններս այս հարցում ներդնում են բազմաթիվ ռեսուրսներ։ Սփյուռքի հայերը, ովքեր հավակնում են լինել ապաքաղաքական։ Սփյուռքի հայերը սպասում են, որ աշխարհը, Եվրոպան և Միացյալ Նահանգները կգան իրենց օգնության: Մենք պատասխանատվություն ենք կրում նաև արցախցի փախստականների առջև՝ իրենց կյանքը տված և այժմ Եռաբլուրում թաղված 5000 երիտասարդների համար, որոնց մայրերը գալիս են սգալու նրանց մահը։ Մենք պատասխանատու ենք։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ ապաքաղաքական լինել։ Յուրաքանչյուր երկիր ղեկավարվում է քաղաքականությամբ։ Հայաստանի ճակատագիրը կառավարում է քաղաքականությունը։ Եթե ժողովուրդը ուզում է փոխել քաղաքականությունը և փոխել իրերի դրվածքը, ապա հետաքրքություն է ցուցաբերում, քվեարկում է։ Մյուս երկրները լսում են ոչ թե ժողովրդին, այլ կառավարությանը: Եթե ժողովուրդը չի սիրում իշխանությունը, ապա փոխում է այն։
Եվրոպան և ԱՄՆ-ն չեն օգնել և չեն օգնի Թուրքիային վրդովեցնելու վախից։ Սա է իրականությունը։ Հայ ժողովուրդը մենակ է։ Վերջին օրերի ցույցերը ցույց տվեցին, որ մեծ անջրպետ կա գործող իշխանության և ժողովրդի միջև։ Պետք է տարբերակել ժողովուրդը իշխանությունից։ Ժողովուրդը պետք է իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը և հասկանա, որ միայն ինքը կարող է փոխել իրավիճակը՝ իր անունով և ըստ իր կամքի։
Երբ Սամանթա Փաուերը եկավ տեսնելու հայ փախստականներին, մեկն ասաց. «իսկապես օգնեք մեզ, ոչ թե ձեր տարածաշրջանային շահի համար, կամ հանգիստ թողեք մեզ»։ Սա պետք է լինի մեր կարգախոսը, հայ ժողովրդի մտածելակերպը տարածաշրջանային շահեր ունեցող ցանկացած մեծ տերության նկատմամբ։
Հայաստանն իր պատմության կրիտիկական փուլում է։ Արցախյան առաջին պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերով. «Այն օրը, երբ կորցնենք Արցախը, մենք թերթելու ենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։
Օգնենք մեզ՝ դատապարտելով մեղավոր կողմերին և պատժի ենթարկելով նրանց։ Թույլ չտանք, որ մեզ օգտագործեն որպես նիզակի սրված ծայր կամ մանրադրամ։
Դավիթ Ալավերդյան
Նյութում արտահայտված մտքերը հեղինակինն են և կարող են առանձին մասերով չհամընկնել խմբագրության մոտեցումներին։