Ադրբեջանի Հանրապետությունը ձևավոևվել է 20-րդ դարի սկզբում և իր մեջ ընդգրկել է տարածքներ ինչպես Հայաստանից (Նախիջևան, Դաշտային և Լեռնային Ղարաբաղ), այլև տարածքներ, որտեղ բնակվում էին այլ ազգեր – կովկասյան և հնդեվրոպական լեզուներով խոսող տեղաբնիկ էթնոսներ։ Հյուսիսում պատմականորեն ապրում էին լեզգիներ, ավարներ, ուդիններ, հարավում՝ թալիշներ, Աբշերոնում՝ թաթեր։ Այս ժողովուրդները ազերի-թուրքերից սկզբունքորեն տարբերվում են ոչ միայն ծագմամբ և լեզվով, այլև կրոնով: Կովկասի ժողովուրդներն ավանդաբար սուննիներ են՝ ի տարբերություն շիա ադրբեջանցիների։
Ադրբեջանը կարելի է անվանել տարբեր էթնիկ խմբերի տարածք, որոնց միավորում է թուրքական քաղաքականությունը՝ որպես պանթուրքիզմի ֆորպոստ Կովկասում։ Այս էթնիկ խմբերից շատերը ժառանգներն են կովկասյան Ալբանիայի՝ ցեղային համադաշնության, հնագույն պետության, որը սերտ մշակութային և կրոնական կապեր ուներ հայերի հետ։
Ադրբեջանի տարածքում բնիկ էթնիկ խմբերը, որպես կանոն, կոմպակտ ապրում են առանձին շրջաններում և քաղաքներում, սակայն տարեցտարի նրանց թիվը նվազում է Ադրբեջանի ձուլման քաղաքականության հետևանքով։ Բնիկ էթնիկ խմբերի իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են. նրանց ազգային ինքնության ցանկացած հստակ դրսևորում անվանվում է «անջատողականություն»:
Օրինակ՝ բնիկ ժողովուրդներն իրավունք չունեն իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրել բնակության վայրերում, նրանք չունեն իրենց ազգային դպրոցները կամ մշակութային կենտրոնները, իսկ տեղական իշխանություններում հազիվ թե գտնես տվյալ տարածքի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։
2009 թվականի մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցի թուրքերը կազմում են հանրապետության բնակչության ավելի քան 90%-ը։ Համեմատության համար նշենք, որ 1926 թվականին այդ թիվը կազմում էր ընդամենը 58%։ Ադրբեջանցի թուրքերի թիվը մարդահամարում աճում է ինչպես բնիկ ժողովուրդների ուծացման, այնպես էլ նրանց թվաքանակի թերահաշվարկի արդյունքում։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում այդ ժողովուրդների ընդհանուր թիվը կազմում է մոտ 300 հազար մարդ։ Իրենք՝ ավարների և լեզգիների ներկայացուցիչները, պնդում են, որ Ադրբեջանում նրանց թիվը բազմիցս թերագնահատված է և իրականում հասնում է 1 միլիոն մարդու։ Ադրբեջանի կազմ մուտք գործելու պահից բնիկ էթնիկ խմբերի կոմպակտ բնակության վայրերը զանգվածաբար բնակեցվել էին ադրբեջանցի թուրքերով, և մարդահամարի ժամանակ նրանք ստիպված էին իրենց բնորոշել իբրև ադրբեջանցի:
Այս ամենը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի «ինտեգրման» և արցախահայությանը Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ տրամադրելու մասին հռետորաբանության ֆոնին։ Այս հռետորաբանությունը հատկապես ցինիկ է հնչում արցախահայության դեմ Ադրբեջանի գործողություններին զուգահեռ․ Հանրապետության շրջափակում, հետո հարձակում և էթնիկ զտում։ Նայելով Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ներկա վիճակին՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչ ապագա կսպասեր արցախահայությանը, եթե նրանք համաձայնվեին ծնկի գալ Բաքվի ռեժիմի առաջ և ընդունել թշնամի երկրի քաղաքացիություն։
Ստորև մենք կդիտարկենք Ադրբեջանի կազմում ապրող 5 հիմնական էթնիկ խմբեր՝ նրանց առանձնահատկությունները, պատմությունը, խնդիրները։
Լեզգիներ
Լեզգիները երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են և, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են ընդհանուր բնակչության մոտավորապես 2%-ը, թեև նրանց իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Լեզգիերենը պատկանում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքին։ Լեզգիների պատմական հայրենիքը Սև և Կասպից ծովերի միջև ընկած Կովկասյան լեռներն են, ուստի նրանց բնակության տարածքը բաժանվել է երկու երկրի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում՝ Դաղստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև: Ադրբեջանում լեզգիները կենտրոնացած են հիմնականում երկրի հյուսիսային հատվածներում՝ Ղուսար, Ղուբա, Խաչմազ քաղաքներում։ Ադրբեջանի ձուլման քաղաքականությունից տուժել են առնվազն կես միլիոն լեզգիներ, որոնց Սովետական Ադրբեջանի իշխանությունները 1936 թվականին, նոր սահմանադրության ընդունումից հետո, անձնագրեր են տվել՝ նոր էթնիկ անունով՝ ադրբեջանցի։ 1930-1950-ական թվականներին նրանք, ում ազգությունը նշված էր որպես «լեզգի», պետք է վճարեին հատուկ հարկ՝ 440 ռուբլու չափով՝ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար։ Լեզգի ժողովրդի մշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ավերվել է, օրինակ՝ փակվել է Բաքվի ազգային լեզգիական թատրոնը, իսկ Բաքվում դեռևս 1169 թվականին կառուցված «Լեզգի մզկիթը» Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ վերանվանվել է «12-րդ դարի մզկիթ», իսկ անվանունը կրող հնագույն տախտակը հանվել է։
Թալիշներ
Թալիշներն Ադրբեջանում երկրորդ ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Վերջին տարիների մարդահամարի տվյալների հիման վրա Ադրբեջանում ապրում է մոտ 120 հազար թալիշ, իսկ իրականում՝ 600 հազարից մինչև 1,5 միլիոն մարդ։ Թալիշները իրանական ծագում ունեցող հնագույն ժողովուրդ են, որոնք ապրում են հիմնականում երկրի հարավային յոթ շրջաններում և կազմում են այնտեղի բնակչության մեծամասնությունը։ Բնակավայրի պատմական տարածքը Թալիշի շրջանն է, որը հարում է Կասպից ծովի հարավ-արևմտյան ափին՝ Ադրբեջանի հարավ-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում: Ժամանակակից թալիշները դավանում են իսլամ։ Նրանք, ովքեր ապրում են Ադրբեջանում, իրենց համարում են շիա, իսկ սուննի թալիշներն ապրում են Իրանում: Բայց ավելի վաղ այս ժողովուրդը բոլորովին այլ համոզմունքներ ուներ։ Պատմական աղբյուրներից հայտնի է, որ հնում թալիշները դավանում էին պուրակներին և սուրբ ծառերին։ Դա այսօր էլ արտացոլված է նրանց մշակույթում. երբ թալիշները նոր տուն են կառուցում, փորձում են չվնասել մոտակայքում աճող ծառերը։
Թալիշները հզոր ազգային ինքնություն ունեցող ժողովուրդ են։ 18-րդ դարի կեսերին նրանք ունեցել են իրենց խանությունը, իսկ 1918-1919 թվականներին մասնակցել են Թալիշական Մուգան ԽՍՀ-ի ստեղծմանը։ 1993 թվականին Թալիշ-Մուգանական Հանրապետությունը հայտարարեց իր ինքնավարությունը, սակայն լուծարվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ինքնավարության առաջնորդները բանտարկվեցին «անջատողականության» համար, իսկ նրանք, ովքեր կարողացան փախչել, աքսորում հիմնեցին Թալիշական ազգային շարժումը։ Թալիշների նկատմամբ խտրականությունը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ՝ 2021 թվականի ապրիլին թալիշ բլոգեր Ասլան Գուրանովը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ տանը թալիշական դրոշ պահելու համար, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Շուշիի օկուպացիայի օրը, թալիշ մտավորական և հասարակական գործիչ Ֆախրադդին Աբբոսզոդան ցուցադրաբար սպանվեց Բաքվի բանտում՝ Ադրբեջանի կազմում թալիշական ինքնության պահպանման պայքարի, թալիշերեն բառարանների և թերթեր հրատարակման համար։ Իսկ այսօր Ադրբեջանում արգելված է ոչ միայն թալիշերենով հեռուստառադիոհեռարձակումը, այլև դրա ուսուցումը տեղի դպրոցներում։
Ավարներ
Ադրբեջանում երրորդ ամենամեծ ազգային փոքրամասնությունը ավարներն են։ Պաշտոնական տվյալներով՝ ավարների թիվը Ադրբեջանում ընդամենը 50 հազար է, թեև դրանից դուրս Դաղստանում ավարները կազմում են մոտ մեկ միլիոն մարդ։ Ավարերենը պատկանում է նախադաղստանյան (արևելյան կովկասյան) լեզուների ընտանիքին։ Հեթանոսական ժամանակներում ավարները պաշտում էին բնության հոգիներին, ապա 6-13-րդ դարերում իրենց Սարիր պետության շրջանակներում վրացի միսիոներների միջոցով ծանոթացան ուղղափառ քրիստոնեությանը և ընդունեցին այն, ինչի մասին վկայում է Դաղստանի հարավ-արևմուտքում գտնվող Դաթուն գյուղում կառուցված տաճարը։ Նույնիսկ ավելի ուշ նրանք հուդայականության հետ ծանոթացան խազարների միջոցով (Ավարների մոտ տարածված է Դավթի աստղի սիմվոլիկան): Եվ վերջապես XIII-XV դարերում ավարներն աստիճանաբար իսլամիզացվեցին։ Այսօր նրանք սուննիներ են, բայց դեռևս օգտագործում են սվաստիկան իրենց ազգային արվեստում՝ այն համարելով արևի խորհրդանիշ։ Ավարների հայրենիքը Դաղստանի հարավում գտնվող Խունզախի բարձրավանդակն է, որտեղ 6-րդ դարում ձևավորվել է Սարիր պետությունը, որը պահպանված աղբյուրներում նկարագրվում է որպես լավ ամրացված երկիր՝ բազմաթիվ բերդերով։ Տեղեկություններ կան, որ ավարների նախնիների ունեցվածքը հասել է շատ դեպի հարավ՝ Ադրբեջանի ժամանակակից հյուսիսային շրջանների տարածք։ Մասնավորապես, Զագաթալայի շրջանի Յուխարի Չարդախլար ավարական գյուղում կան լեռնային ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, որոնք թվագրվում են հազարամյակներով։ 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության կազմում գտնվող ավարական հողերը ձևավորեցին հատուկ ստորաբաժանում՝ այսպես կոչված Զագատալայի շրջանը, որի լեզուն ավարերենն էր։ Մեծ ու փոքր հողատերերը հիմնականում ավարներ էին, իսկ հողազուրկ բանվոր դասակարգը բաղկացած էր ադրբեջանցիներից և մահմեդական վրացիներից։ Խորհրդային տարիներին Ադրբեջանական ԽՍՀ-ն դարձավ միակ հանրապետությունը ԽՍՀՄ-ում, որտեղ ավարերենը պաշտոնապես արգելված էր դպրոցներում և հասարակական կյանքում: Այսօր ավարներն ապրում են հիմնականում Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ նրանք կազմում են բնակչության մոտ 80%-ը։ 1922 թվականից՝ ավարների հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո մեծ թափով սկսեց ընթանալ ավարների ադրբեջանացումը․ ավարական շրջաններում չկա մեկ ավար առաջնորդ, չկան թատրոններ, թերթեր, ավարերեն լեզվով հեռուստատեսային հեռարձակումներ, ավարերենի ուսումնասիրությունը նույնպես խնդրահարույց է։ Ավարական բնակավայրերը վերանվանվում են, իսկ ժողովրդի պատմությունը վերաշարադրում են ադրբեջանցի պատմաբանները՝ իրենց պապենական հողերն անվանելով «ադրբեջանական»։
Թաթեր
Թաթերը իրանական էթնիկ խումբ են՝ Մերձավոր և Միջին Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկը, որոնք պարսիկների ժառանգներն են։ Նրանց երբեմն անվանում են «կովկասյան պարսիկներ», որոնք խոսում են թաթական լեզվով, որը պատկանում է իրանական լեզուների խմբին։ Թաթերենը վերացման լուրջ վտանգի տակ է։ Այն պաշտոնապես հաստատված չէ և չի դասավանդվում դպրոցներում։ Թաթերի պատմական տարածքը գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական և արևելյան մասում և Իրանի հյուսիս-արևմուտքում։ Անդրկովկասի (պատմական շիրվան և արան) հիմնական լեզուն այն ժամանակ միջին պարսկերենն էր (փահլավերեն), պետական կրոնը՝ զրադաշտականությունը։ Արաբների կողմից Անդրկովկասի գրավումից և զրադաշտական բնակչության իսլամացումից հետո պահլավերենի հետ մեկտեղ սկսեցին օգտագործել արաբերենը։ Սասանյան Իրանի տարածքում հուդայականության տարածմամբ որոշ թաթ ցեղեր զրադաշտականությունից անցան հուդայականության։ Սրանք ժամանակակից Ադրբեջանի Գուբա-Խաչմազ շրջանի և Դաղստանի հարավային շրջանների թաթերն են, նրանք այսօր էլ դավանում են հուդայականություն: Թաթերի մի փոքր մասն այս հավատքն ընդունել է Կովկասում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում, և մինչ օրս թաթերի մի փոքր համայնքը քրիստոնյա է։ Թաթերը միշտ էլ խիտ բնակեցված են եղել Աբշերոնում, սակայն խորհրդային տարիներին նրանք ոչ մի կարգավիճակ չեն ունեցել։ Մինչ Խորհրդային Ադրբեջանի կազմավորումն ու իշխանության հաստատումը, կայսերական մարդահամարի տվյալներով, թաթերի բնակչությունը կազմում էր 125 հազար մարդ (1894 թ.), սակայն 1926 թվականի մարդահամարը ցույց էր տալիս արդեն 30 հազար մարդ, իսկ 1953 թվականին՝ 12 հազար մարդ։ 2005 թվականին ամերիկացի հետազոտողները Թաթերին հաշվել են մոտ 16 հազար մարդ։ Սեփական դպրոցների, գրականության և ազգային որևէ հաստատության բացակայության պատճառով թաթերն այսօր գրեթե ամբողջությամբ ձուլվել են և խոսում են ադրբեջաներեն։ Նրանցից շատերը, ում հայրերն ու պապերն իրենց թաթ էին համարում 50-100 տարի առաջ, Բաքվի քաղաքականության շնորհիվ, սկսեցին իրենց իբրև ադրբեջանցի ինքնորոշել։
Ուդիններ
Ուդիններն Ադրբեջանում ազգային փոքրամասնության հատուկ կատեգորիա են, որն իր տեսակի մեջ եզակի է։ Սա Կովկասի հնագույն ժողովուրդներից մեկն է, որը պատմականորեն բնակեցրել է Ուտիքի շրջանը Մեծ Հայքի կազմում, ինչպես նաև հինավուրց Աղվանք պետությունը։ Իբրև Ադրբեջանի բնիկ ժողովուրդ և Աղվանքի բնակիչների անմիջական հետնորդներ՝ նրանք դարերի ընթացքում կարողացել են պահպանել իրենց քրիստոնեական կրոնը։ Հայաստանից ժամանած միսիոներներն ակտիվորեն տարածում էին կրոնը ողջ տարածաշրջանում, ներառյալ Կովկասում, ինչի արդյունքում քրիստոնեությունն ընդունվեց Կովկասի աղվանախոս բազմաթիվ ժողովուրդների կողմից: Այսպիսով, ուդիները տարածաշրջանի առաջին քրիստոնյաների ժառանգներն են։ Աղվանքի ժողովուրդներից միայն ուդիները պահպանեցին վաղ քրիստոնեության ավանդույթները՝ Աղվան եկեղեցու միջոցով դառնալով նաև Հայ առաքելական եկեղեցու մաս՝ նրա հետ կազմելով վարչական, մշակութային և հոգևոր միասնական դաշտ։ Այս հողերում ադրբեջանական իշխանության հաստատմամբ ուդիները սկսեցին ենթարկվել հակահայկական քարոզչության։ ՀԱԵ-ի հետևորդները զանգվածաբար ընդունեցին ուղղափառություն, փոխվեցին հայկական ազգանունները, գրվեցին բազմաթիվ հոդվածներ՝ հերքելով ուդիների և հայերի կապը, իսկ 2004 թվականին ուդի Սբ. Եղիշե եկեղեցուց ջնվջեցին հայերեն արձանագրությունները։ Նույն ճակատագիրն, անկասկած, սպասվում է Արցախում բռնագրավված մյուս հայկական եկեղեցիներին. դրանք բոլորը անվանազուրգ կլինեն և կկոչվեն «աղվանական», իսկ ուդիները կլինեն հայատյաց քաղաքականության գործիք՝ Բաքվի ռեժիմի ձեռքում։ Ուդի լեզուն հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի լեզգիական ենթախմբի լեզուներից մեկն է։ Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց պատմական հայրենիքում նրանք հիմնականում ապրում են Նիջ գյուղում և Օգուզ քաղաքում, թեև նախկինում շատ ավելի բնակեցված տարածքներ էին զբաղեցնում։ Օգուզ քաղաքը նախկինում կոչվել է Վարդաշեն և վերանվանվել Ադրբեջանի իշխանությունների կողմից 1991 թվականին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այսօր մնացել է ընդամենը 10 հազար մարդ։ Չնայած դրան, գյուղի զինանշանի վրա դեռ վարդ է պատկերված՝ որպես գյուղի հին, հայկական անվան հիշեցում։ Հայկական բանակի մեծագույն զորավարներից մեկը՝ Մովսես Սիլիկյանը՝ ազգությամբ ուդի, ծնվել է Վարդաշենում, նա Սարդարապատի ճակատամարտի հերոս է, ջախջախել է դեպի Երևան շարժվող թուրքական զորքերին։
Ադրբեջանի բոլոր ազգային փոքրամասնությունները՝ իրենց ողջ յուրահատկությամբ ու բազմազանությամբ, դանդաղ, բայց հաստատորեն կորցնում են իրենց էթնիկ ինքնությունը։ Այս ժողովուրդների որևէ ինքնավարության կամ մշակույթի պաշտպանության բացակայության դեպքում սա անխուսափելի գործընթաց է։ Որքան սեղմվեն Ալիևի բռնապետության պտուտակները, այնքան ավելի կարագանա եզակի մշակույթների տարրալուծման գործընթացը թյուրքական ընդհանուր զանգվածում, որը կազմում է բնակչության ավելի քան 90%-ը։