Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները․
«Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարությունը և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք»։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, լիովին հրաժարվելով Արցախի կարգավիճակի համար պայքարից, այն փոխարինել են «արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման» անատամ սկզբունքով։ Վերջին շրջանում իշխող դե-ֆակտո վարչակազմի ներկայացուցիչները, հատկապես՝ ԱԽ դե-ֆակտո քարտուղարը անընդհատ բարձրաձայնում են, որ Արցախից, ըստ էության, հրաժարվելու են, և Արցախի մասին հիշատակում չի լինելու «խաղաղության պայմանագրում»՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար «տեսանելի միջազգային մեխանիզմի» ստեղծման պայմանով։ Սա նշանակում է ուղիղ բանակցություններ Բաքվի ու Ստեփանակերտի միջև՝ առանց միջնորդների։ Այս ճանապարհին որպես խոչընդոտ ներկայացվում էր միայն Ադրբեջանի դիրքորոշումը, որը հայտարարում էր, որ «արցախցիները Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանց իրավունքների ապահովումը Ադրբեջանի ներքին գործն է»։
Այսօր դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանը տվել է իր հավաստիացումները Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսություն իրականացնելու համար։ Սակայն, պարզվում է, որ դե-ֆակտո իշխանությունների՝ Արցախից վերջնականապես ազատվելու մոլուցքի ճանապարհին միակ խոչընդոտը Բաքուն չէ։ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ Ստեփանակերտը համաձայնություն չի տվել Բաքվի հետ ուղղակի բանակցություններին, և դե-ֆակտո իշխանությունները կրկին որոշել են վճռել Արցախի ճակատագիրը՝ առանց արցախահայության մանդատի։