Նորություններ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարանում

30 / 01 / 2023

Հունվարի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում (Հաագա) մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատական լսումները՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Հայաստանի շահերը ներկայացրել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Լոուրենս Մարտինը, Կոնստանտինոս Սալոնիտիսը և միջազգային իրավունքի այլ փորձագետներ։

Իր ելույթի ընթացքում Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ:

«Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա…

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է նշել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և, որ այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»,- ստեղծված հումանիտար իրավիճակը ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը:

Շեշտելով, որ դատարանը «վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար» Ե. Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասաց Կիրակոսյանը։

Մարտին Լոուրենսը իր ելույթում շեշտել է, որ «Էկոակտիվիստներից» շատ քչերն են իրականում ակտիվիստներ։ Բազմաթիվ լուսանկարներ կան, որտեղ ցուցարարները հայտնի համաթյուրքական, ուլտրաազգայնական խմբի՝ «Գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում:

«Բացի այդ, էկոակտիվիստներից շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից»,-նշել է Լոուրենսը։

Կոնստանտինոս Սալոնիտիսը շեշտեց, որ Արցախում քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:

«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,-ասաց նա։

Անկախ առաջիկայում կայացվելիք վճռից՝ քիչ է հավանական, որ որևէ դատարանի վճիռ կկանգնեցնի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, եթե վերջնանպատակը Արցախի լիակատար հայաթափումն է։ Գրեթե երկու ամիս է՝ բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ կոչ են անում Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը, սակայն ինչպես տեսնում ենք, ապարդյուն։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, փաստացի, անգործության են մատնված և արցախահայության ճակատագիրը վճռելու ամբողջ «բեռը» բարդել են «միջազգային հանրության» և ռուս խաղաղապահների վրա, ու լուռ հետևում են, թե ինչպես է արցախահայությունը արագ տեմպերով գնում կամ դեպի սովամահություն․ կամ Արցախի հայաթափում։ Եթե չլինի քաղաքական կամք և որոշում՝ Արցախը պահելու հայկական, ոչ մի վճիռ չի կարող առարկայական բեկում մտցնել իրավիճակի մեջ, ինչպես ՄԻԵԴ-ի սահմանած «վերջնաժամկետը»։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *