Ուղիղ 32 տարի առաջ՝ 1991թ․-ի սեպտեմբերի 2-ին, Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ԼՂՀ-ի կամ Արցախի Հանրապետության ստեղծումը:
Պատմական համատեքստը
Արցախյան շարժումը լուրջ թափ է հավաքել 1988թ․-ին։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ԽՍՀՄ, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ իշխանություններին խնդրել է ինքնավարությունը մտցնել Հայաստանի կազմի մեջ: Ադրբեջանը պատասխանել է ջարդերով, Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում շարունակվել են հանրահավաքներն ու գործադուլները։ 1991թ. ապրիլին Բաքուն, ստանալով ԽՍՀՄ իշխանությունների աջակցությունը, սկսեց Արցախի հայ բնակչության տեղահանման «Օղակ» գործողությունը. տեղահանվեց 24 գյուղ: Մոսկվայում տեղի ունեցած «Օգոստոսյան պուտչից» հետո խորհրդային զորքերի գործողություններն, ըստ էության, դադարեցին, սակայն ադրբեջանական կազմավորումները դեռ գնդակոծում էին հայկական գյուղերն ու հարձակվում նրանց վրա։
Գետնի վրա իրավիճակը
ԼՂՀ հռչակման պահին Արցախի իշխանությունները վերահսկում էին հանրապետության մեծ մասը։ Սակայն Ադրբեջանը վերահսկում էր Շուշի քաղաքն ու հարակից գյուղերը, Կրկժանը՝ Ստեփանակերտի արվարձանը, Արցախի միակ օդանավակայանը Խոջալուում և մի շարք գյուղեր հանրապետության տարբեր շրջաններում։ Արցախը, Հայաստանի հետ ցամաքային կապ չունենալով, գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Ադրբեջանական կազմավորումները գնդակոծում էին հայկական բնակավայրերը և փորձում դրանք գրավել։
Հռչակման պահին ԼՂՀ տարածքը կազմում էր 5 հազար քառ.կմ, իսկ բնակչությունը ՝ 232.5 հազար մարդ (հայեր ՝ 79,6%, ադրբեջանցիներ ՝ 18,9%):
ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի տեքստը
Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,
արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը,
արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,
հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,
հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը,
նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից և հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
ձգտելով հայ և ադրբեջանական ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա,
ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության եւ կառավարման միութենական կառույցների ճակատագրի անորոշությունը,
հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀԱԿԻՐՃ` ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգտվում է այն լիազորություններից, որոնք հանրապետություններին տրամադրվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ եւ իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու իր պետական-իրավական կարգավիճակը` երկրի եւ հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների եւ բանակցությունների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` մինչեւ ԼՂՀ Սահմանադրության եւ օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը, ինչպես նաև ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և Հանրապետության առանձնահատկություններին:
Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի
մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների`
բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջան
2 սեպտեմբերի, 1991թ.
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ-ի ստեղծումը անկախության հռչակու՞մն է
Շատերը շփոթում են սեպտեմբերի 2 -ը՝ հանրապետության ստեղծման ամսաթիվը անկախության հռչակման հետ։ Բացատրենք, թե ինչու է առաջացել այս շփոթմունքը, և ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում, սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց, որ ԽՍՀՄ օրենքների հիման վրա իրեն «իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու իր պետական-իրավական կարգավիճակը՝ երկրի և հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների եւ բանակցությունների հիման վրա»։
Հատկանշական է, որ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989թ.դեկտեմբերի 1-ի որոշումը ձեռքին՝ հայկական կողմն, այնուամենայնիվ, գնաց Արցախի անկախության ճանապարհով: Սա փոխզիջումային որոշում էր, Հայաստանն իր կազմում չէր ընդգրկում Արցախը, այլ, ըստ էության, ստեղծվում էր երրորդ պետություն Հայաստանի Ադրբեջանի միջև։ Արցախը դեռ փորձում էր պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ «ձգտելով վերականգնել բարիդրացիական հարաբերությունները ադրբեջանցի ժողովրդի հետ»։ Բայց Ադրբեջանի համար այդ փոխզիջումային մոտեցումն էլ անընդունելի էր։ Բաքուն պատասխանեց սեպտեմբերի 5-ին պաշտպանության նախարարության ստեղծմամբ և հայկական գյուղերի վրա հարձակմամբ։
Արդեն այն բանից հետո, երբ Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունեց «Պետական անկախության մասին հռչակագիրը», իսկ 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրվեցին Բելովեժյան համաձայնագրերը, որոնք, ըստ էության, վերջ դրեցին Խորհրդային Միության գոյությանը, 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե, որի մասնակիցների 99,89%-ը կողմ արտահայտվեց Հանրապետության անկախությանը։ Իսկ Արցախի Հանրապետության անկախությունն էլ հռչակվել է 1992 թվականի հունվարի 6-ին։
Կարեն Իգիթյան, կովկասագետ