Նորություններ

Ուժի սպառնալիքի տակ խաղաղություն չի լինում

04 / 08 / 2022

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ․

 

  • ԱՀ Աժ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում:
  • Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։
  • Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։
  • 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։

Հայտարարության ավարտին ԱՀ ԱԺ խմբակցությունների հանդես են եկել համատեղ կոչով․ «Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները։ Հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը»։

Օգոստոսի 3-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ, նույն օրը ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Օգոստոսի 3-ի երեկոյի դրությամբ, ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Մ. Հայրիյանի, հայկական կողմն ունի 19 վիրավոր և 2 զոհ։ Իրավիճակը մինչ այս պահը շարունակում է լարված մնալ։

Արցախում մարտական գործողությունների վերաբերյալ ամենակարևոր զարգացումներին կարելի է հետևել Հայկական ալիքի թարմացվող լրահոսում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *