Արցախ, Նորություններ

Արցախում աճել են մահերի, մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

08 / 08 / 2023

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։

  • Ավելացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների՝ ներառյալ սուր և քրոնիկ սրտային անբավարարության, ուղեղի կաթվածի, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետևանքով առաջացած մահերի թիվը։
  • Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի, ինչը պայմանավորված է ոչ լիարժեք սննդով և համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։
  • Հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։
  • Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։
  • Հուլիս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է նաև զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5.6 անգամ աճ։

Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով, ներառյալ՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սղությամբ կամ բացակայությամբ, բնակչության թերսնմամբ, սթրեսով, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցմամբ, Հայաստանում և արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորությունների խիստ սահմանափակմամբ և այլն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *