Նորություններ

Ցեղասպանության հերթական զոհերն Արցախում

16 / 08 / 2023

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ԱՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Արցախում գրանցվել է չծնված երեխայի մահվան դեպք։ Այս մասին իր հայտարարության մեջ հայտնում է ՀՀ մարդու իրավունքների դե ֆակտո պաշտպանը.

«Միևնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով»։

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա։

Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։

Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, ամբողջությամբ համապատասխանում է 1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով որպես ցեղասպանական սահմանված գործողություններին։

Կոնվենցիայի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

    1. Խմբի անդամների սպանություն.
    2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
    3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
    4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
    5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Նշենք, որ ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին: Սակայն միջազգային հանրությունը լուռ հետևում է մարդկության հանդեպ հերթական ոճրի իրականացմանը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *