Լրանում է Արցախի շրջափակման 100-րդ օրը: 100 օրվա ընթացքում լսեցինք բազմաթիվ անատամ կոչեր և հայտարարություններ. թե՛ դե-ֆակտո իշխանությունների կողմից, թե՛ այլ երկրների և կառույցների ղեկավարների: Սակայն եթե այլ երկրների պարագայում հասկանալի է շահագրգռվածության ոչ այնքան բարձր մակարդակը, ապա սեփական երկրի դե-ֆակտո իշխանությունների պարագայում նման պահվածքն առնվազն պարսավանքի է արժանի: 100 օրվա ընթացքում դե-ֆակտո խունտան իր խոսույթով և անգործությամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ թուրքամետ է: Թուրքամետ է, քանի որ հրաժարվել է Արցախից, արցախահայությունից և առհասարակ մեր կենսական շահերի պաշտպանությունից: Հրաժարումը առավել քան ակնհայտ կերպով արտացոլվել է դե-ֆակտո խունտայի ներկայացուցիչների հայտարարություններում անցած 100 օրերի ընթացքում: «Հայկական ալիք»-ը առանձնացրել է դրանցից ամենացայտունները և Ձեր ուշադրությանն է ներկայացնում դրանք ստորև:
Ալեն Սիմոնյան, հունվարի 12
«Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման»։
Նիկոլ Փաշինյան, փետրվարի 2
«Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ»։
Արմեն Գրիգորյան, փետրվարի 14
Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանը Լաչինի միջանցքը բացելու համար, Անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղարը վստահեցրեց, թե Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այս ուղղությամբ անում են ամեն ինչ, բացի մեկ քայլից. – «Միակ քայլը, որ Հայաստանը չի ձեռնարկում, որտեղ և լիազորություն չունի, դա հենց միջանցքում քայլեր ձեռնարկելն է, հենց բուն միջանցքում։ Գիտեք, որ նոյեմբերի 9-ով այդ պատասխանատվությունը դրված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի վրա։ Եվ մենք ակնկալում ենք, որ իրենք իրանց պարտավորությունը կկատարեն»։
Արմեն Գրիգորյան, փետրվարի 23
«Գիտեք, որ ՀՀ-ի մոտեցումն այն է, որ Հայաստանը չի ներքաշվելու Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանակցությունների մեջ։ ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ բացվի և անխափան գործի։ Հայաստանն այս դիրքորոշումը պահել է նաև Մյունխենում և շարունակում է պահանջել ու խոսել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանք ևս պահանջեն, որ Լաչինի միջանցքը գործի անխափան։ Հայաստանը չի մտնում այնպիսի քննարկումների մեջ, թե Լաչինի միջանցքը երբ կամ ինչ պայմաններով պետք է բացվի»։
Ալեն Սիմոնյան, 28 Փետրվար
«Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»:
Նիկոլ Փաշինյան, մարտի 14
«Եվ եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, որով ՌԴ նախագահին թույլ տվեցին զորքեր ուղարկել ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ոչ թե, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, որովհետև Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Եվ, հետևաբար, այդ բոլոր փաստարկներն իմի բերելով՝ պետք է արձանագրենք, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է»։
Փաշինյան, մարտի 16
«Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է: Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել, մեջբերում եմ՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին», – ասված է Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակի, գրության մեջ: Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը»:
Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրոշակ սարքած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մտքով չի էլ անցել, որ եթե ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտող կողմն է, ապա կարելի է և միառժամանակ չառաջնորդվել այդ հայտարարությամբ, քանի դեռ ագրեսորը կարգի չի հրավիրվել:
Անձի և արտահայտած մտքերի երկվությամբ տառապող դե-ֆակտո իշանություններն իրենք են արդեն խճճվել մի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության և ռուս խաղաղապահների, մյուս կողմից էլ ԵՄ դիտորդների, Բրյուսել-Պրահյան հանդիպումների և միջազգային խաղաղապահներ այստեղ բերելու թաց երազանքների արանքում: Մե՛կ առաջիններից են ինչ-որ բան պահանջում, մե՛կ ընկնում մյուսների հետևից և լալահառաչ կոչեր անում:
Իսկ եթե փորձենք լուրջ հետևություններ անել, ապա պետք է հերթական անգամ արձանագրենք, որ Արցախի շրջափակման չվերանալու համար ՄԵԿ մեղավորն ու պատասխանատուն օրվա դե-ֆակտո իշխանություններն են, քանի որ չեն դրսևորել քաղաքական կամք, չեն կիրառել իրենց հասու ողջ գործիքակազմը` դիվանագիտականից մինչև ուժային հարցի անհապաղ լուծմանը հասնելու համար:
Արփի Մադոյան