Դեկտեմբերի 12-ին առավոտյան 10:30-ի սահմաններում մի խումբ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ճանապարհը շարունակում է փակ մնալ: Այսպիսով, շրջափակման մեջ է հայտնվել Արցախի ողջ բնակչությունը` շուրջ 120.000 հոգի:
Դեկտեմբերի 16
20:00
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին։
«Ստեփանակերտը Հայաստանին կապող ճանապարհին պետք է տեղակայվեն [ադրբեջանցի – խմբ․] սահմանապահներ և մաքսակետ։ Եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ մենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տանք ազատ անցնել»,- նշել է նա։
Նա շեշտել է, որ «Հայաստանի հետ սեպարատիստների որջի ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար» անհրաժեշտ է ներկայացնել անզիջում պահանջներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է խաղաղության գործընթացին»։
19:00
Արցախում վաղը կայանալիք հանրահավաքը փոխարինվել է հաջորդական օրերին դեպի Մարտակերտ, Մարտունի և Ասկերան Արցախի պետնախարարի այցերով։
15:00
Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույցի ընթացքում նշել է, որ ՌԴ-ն ակտիվորեն ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին։
«Մենք ուզում ենք, որպեսզի համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ երկրները ևս։ Գոհունակությամբ ուզում ենք նշել, որ լավ հայտարարություններ են եղել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։ Այժմ ուզում ենք, որ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասաց Բաբայանը։
Բաբայանը ընդգծել է, որ ադրբեջանցի «բնապահպանների»՝ Բերձորի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկը անընդունելի է։
«Դա անքննարկելի է, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի այդ ըստ 2020թ-ի պայմանավորվածության՝ այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, այլ՝ բանտ, անհնար է, որ նման բան լինի։ Ինչպե՞ս պետք է պարտադրեն, եթե մենք սկզբունքորեն դա չենք ուզում»,- նշեց Դավիթ Բաբայանը։
11:00
Արցախի պետնախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է: Արցախի ՆԳՆ-ը հայտնում է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Դեկտեմբերի 15
20:00
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է․ «Ղարաբաղի հայ բնակչությունը սննդի և բժշկական պարագաների խնդիր չունի։ Ադրբեջանական կողմը պատրաստ է տրամադրել ցանկացած մարդասիրական օգնություն»։
Զավեշտալի է, թե ինչպես է Ադրբեջանը աշխարհին ներկայանում որպես «հումանիստ»՝ առաջարկելով լուծել իր իսկ ստեղծած հումանիտար աղետը։ Սա նաև փորձ է առաջ տանելու այն թեզը, որ Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և հետևաբար միայն Ադրբեջանը կարող է ապահովել արցախահայության կարիքները, և Հայաստանը չէ, որ պետք է լուծի արցախահայության խնդիրները։ Իսկ թե որքանո՞վ է մարդասիրական «սեփական բնակիչներին» զրկել ցրտաշունչ ձմռանը ջեռուցումից, հիվանդներին անհրաժեշտ դեղորայքից և հրատապ բժշկական միջամտությունից, հարցի այլ կողմն է:
16:30
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արդեն 4 օր փակ պահող սադրիչները նոր պահանջներ են ներկայացրել։
Մասնավորապես որպես «էկոակտիվիստներ» դիրքավորվող սադրիչները պահանջում են Լաչինի միջանցքում հսկիչ անցակետեր տեղադրել։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Լաչինի միջանցքում կազմակերպված ագրեսիան հեռու էր ինքնաբուխ բնապահպանական ակցիա լինելուց։ Սակայն օրեցօր բացահայտվող մանրամասները և «բնապահպանների» կազմը, պահվածքն ու ներկայացրած պահանջները միայն ապացուցում են, որ սա պետականորեն մանրամասն կազմակերպված ագրեսիա է՝ ուժայինների և ազգայնամոլների ներգրավմամբ։ Չի բացառվում, որ այս պահանջին կհաջորդեն նոր՝ ավելի հանդուգն պահանջներ, որոնք ճնշումն ուժեղացնելու նպատակով կուղեկցվեն սահմանին լարվածությամբ և բախումներով, ինչպես այսօր գիշերը։
15:00
Հունաստանի ԱԳՆ-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին առանց նախապայմանների ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:
Դեկտեմբերի 14
17:30
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանցի սադրիչները այս գիշեր ևս շարունակելու են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
16:20
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։
16:00
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել,
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։
Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում»:
15:30
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի ԱԳն-ը։
«Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
14:10
Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը «Armeniatoday» լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ գյուղում խանութները չեն գործում: Սննդի պաշարը դեռ հերիքում է, բայց շուտով դեղորայքի պակաս կլինի:
13:40
Հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողից «բնապահպան ակտիվիստների» շարքերը համալրվել են նոր ուժերով, որոնք հավաքի վայր են ժամանել ավտոբուսներով: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ դե-ֆակտո ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:
13:30
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ սկսվում է անժամկետ նստացույց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
13:25
Ինչպես հայտնի է, երեկ` դեկտեմբերի 13-ին հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ-ը, իսկ այսօր` նաև Ֆրանսիան:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, մասնավորապես, ասել է. «Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար լուրջ հետևանքներ կունենա։ Դա հետ է մղում խաղաղության հաստատման գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Դեպի առաջընթաց ճանապարհը բանակցությունների միջոցով է»:
Ֆրանսիան իր հերթին կոչ է արել Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը:
Հարց է առաջանում. ի՞նչ կարող են անել այս երկրները բացի բանավոր կոչերից, մի՞թե ավելի արդյունավետ մեթոդներ չկան: Կան, մասնավորապես այս երկու երկրների ձեռքում կա կենտրոնացած բավականաչափ լծակ թեկուզ պատժամիջոցներով զսպել Ադրբեջանին և գործնականորեն ստիպել վերջինիս բացել միջանցքը: Սակայն ինչպես Ֆրանիայի Սենատում ընդունված օրինագծերը չհաստատվեցին գործադիր իշխանության կողմից (նույնը վերաբերում է նաև ԱՄՆ-ին), այնպես էլ այս հայտարարությունները կմնան օդում արձակված կրակոցի կարգավիճակում:
Դեկտեմբերի 13
20:00
Արցախի պետնախարարը հայտնել է, որ վաղվանից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը` էլեկտրաէներգիա խնայելու նպատակով։
20:00
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ «բնապահպանների» քողի տակ հանդես եկող սադրիչները կրկին գիշերելու են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին՝ փակ պահելով այն։
19:30
Արդեն շուրջ 33 ժամ է, ինչ Արցախը շրջափակված է թշնամու կողմից:
19:27
Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանի Արցախ գազի մատակարարումը: Փաստացի, ողջ Արցախն այժմ զրկված է գազամատակարարումից:
18:30
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներից բացի Ստեփանակերտ-Գորիս մայրուղի են ժամանել ոստիկանական ուժեր՝ իբրև թե «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»։
16:30
Արդեն շուրջ 30 ժամ է, ինչ Արցախը շրջափակված է թշնամու կողմից:
13:30
Արդեն շուրջ 27 ժամ է, ինչ Արցախը շրջափակված է թշնամու կողմից:
Այս ընթացքում հայտարարություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը. «Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ… Անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը. «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից: Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը»:
Մինչ արցախահայությունը, միայնակ մնալով թշնամու հետ դեմ առ դեմ, փորձում է դիմակայել այս աղետին, ՀՀ դե-ֆակտո իշխանականները շարունակում են հնչեցնել իրենց հակահայկական հայտարարությունները: Վառ օրինակը իշխանական դե-ֆակտո պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, որը լրագրողի այն հարցին, թե միջանցքը փակելու դեպքում հայ սահմանապահները կմիջամտեն, պատասխանել է. «Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, մենք ինչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք, էդ ռուսների գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն: Մենք ռազմական օգնություն չենք կարող միջամտել, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին»:
Դե-ֆակտո իշխանությունների հակաարցախյան և հակապետական կեցվածքի վառ օրինակ այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան վերջիններիս անբարոյականության հերթական ապացույցը: Եթե 2021 թ.-ի նախընտրական իրենց ծրագրում վերջիններս հաստատում էին Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելը, ապա հիմա բավարարվում են այս գերկարևոր հարցը ռուս խաղաղապահների, միջազգային հանրության և էլի մի շարք 3-րդ կողմերի գրպանը գցելով:
Դեկտեմբերի 12
Արդեն պարզվել է, որ շրջափակման մասնակիցների մեջ են ադրբեջանական հատուկ ջոկատայիններ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Կան նաև բազմաթիվ լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են բնապահպաններ ներկայացող պանթյուրքիստ ահաբեկիչները ցուցադրում «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլական ահաբեկչական խմբավորման խորհրդանիշը։
Սա ապացուցում է այն, որ ակցիան բնավ էլ բնապահպանական նպատակներով չէ կազմակերպված: Եվ առհասարակ, ինչ կապ ունի փաթեթավորումը, եթե սրա արդյունքում հումանիտար աղետ է ստեղծվել, և արցախահայ մեր հայրենակիցները արդեն ավելի քան 14 ժամ է, ինչ գտնվում են շրջափակման մեջ: Այս պահին ևս ադրբեջանցիները շարունակում են ավելացնել վրանները ճանապարհին, ինչը խոսում է այն մասին, որ վերջինները չեն պատրաստվում հեռանալ այդտեղից:
Իսկ նպատակները մի քանիսն են, որոնցից գլխավորներն են`
- հող նախապատրաստել Արցախը մայր Հայաստանից վերջնականապես կտրելու համար
- սադրել խաղաղապահներին, վարկաբեկել առհասարակ Արցախում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ առաքելությունը:
Արցախի վերջնական հանձնմամբ սկիզբ կդնենք Հայաստանի մաս-մաս հանձնմանը թշնամում, քանի որ Արցախից անմիջապես հետո կանգնելու է Սյունիքի հանձնման և Զանգեզուրի միջանցքի բացման հարցը, ինչի մասին անդադար խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմը:
Այս պահին արցախահայությունը առավել քան երբևէ ունի մայր Հայաստանի և մեր բոլորիս աջակցության կարիքը: Ադրբեջանի ցեղասպանական այս քայլի մասին հարկավոր է անդադար խոսել, որպեսզի հանրության յուրաքանչյուր օղակ լինի տեղյակ այս աղետի և նրա հետևանքների մասին: Եթե մենք ունենայինք ազգային իշխանություններ, ապա այս պահին բոլոր մակարդակներով պետք է ահազանգ հնչեցվեր և դաշնակիցների հետ համակարգվեին մեր գործողությունները: Սակայն փաստը մնում է փաստ, որ ազգային իշխանությունների օրոք նման աղետ պարզապես տեղի չէր ունենա: Իսկ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն արել այս աղետը կանխելու համար, այլև ամեն կերպ խզել և խզում են Հայաստանի կապը իր դաշնակիցների հետ` միևնույն ժամանակ անհասցե կոչեր անելով ամորֆ միջազգային հանրությանը: