ՀՀ դե ֆակտո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այս պահին դեղորայք չի հասցվում Արցախ: Ծանր հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան։
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկության՝ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է։ Վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը։
Սրան զուգահեռ խնդիր կա ներքին տրանսպորտի հետ։ Վառելիքի խնդրի և հասարակական տրանսպորտի վրա վերջինիս ազդեցության հետևանքով մարդիկ չեն կարողանում նորմալ տեղաշարժվել։ Լուրջ խնդիրներ կան նաև էլեկտարէներգիայի հետ կապված։
Խնդիրների այս շարքը ցավոք շարունակելի է։ Ադրբեջանն իսկապես Արցախը փորձում է վերածել համակենտրոնացման ճամբարի՝ ստեղծելով ամենավատ պայմաններն արցախահայության համար, ում խոստանում է «լավ կյանք», եթե ընդգրկվեն Ադրբեջանի կազմում։ Իհարկե սրան հավատալը, մեղմ ասած, անմտություն է։ Դե իսկ միջազգային հանրության և հատկապես ՀՀ դե ֆակտո իշխանության լռությունը և հանցավոր անգործությունն ամեն կերպ նպաստում են Ադրբեջանի հրեշավոր քաղաքականության իրագործմանը։