Նորություններ

ԼՂ-ում չեն լինի ժամկետայիններ և պայմանագրայիններ ՀՀ-ից

19 / 07 / 2022

Հուլիսի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը շոշափել է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման հարցը:

Դե-ֆակտո քարտուղարը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»: Ավելին, սեպտեմբերից հետո ԼՂ-ում չեն լինելու ՀՀ-ից ո՛չ ժամկետայիններ, ո՛չ պայմանագրայիններ:

Հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակի Լեռնային Ղարաբաղն անպաշտպան թողնել, դե-ֆակտո ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում»: Այստեղ Արմեն Գրիգորյանն, ամենայն հավանականությամբ, մոռացել էր, որ տարիներ շարունակ ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր, պատասխանատու է եղել դեպի Արցախ կատարվող զորակոչի համար, որից այժմ հրաժարվում են դե-ֆակտո իշխանությունները: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ կրելու՞ է արդյոք ՀՀ-ը պատասխանատվություն Արցախում գտնվող ՊԲ ժամկետային և պայմանագրային զինծառայողների համար, եթե թշնամական կողմը հերթական անգամ ագրեսիա ցուցաբերի:

Փաստացի, ՀՀ-ը հրաժարվում է ԼՂ անվտանգության երաշխավորի իր պարտականությունից, իսկ ավելի պատկերավոր ասած` «լվանում է իր ձեռքերը»: Այստեղ միանգամայն տեղին է հիշել, որ սույն դե-ֆակտո իշխանությունները մեկ տարի առաջ ներկայացրած իրենց նախընտրական ծրագրում մասնավորապես նշել էին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը…Խորացնելու ենք համագործակցությունը  Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝  Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»[1]:

Այսպիսով, ականատես ենք, թե ինչպես են դե-ֆակտո իշխանությունները կետ առ կետ խախտում իրենց իսկ խոստումները, իսկ Արցախի հայկականությունը օր օրի էլ ավելի է վտանգվում, մինչդեռ ՀՀ բնակչությունը նրանց մանդատ չի տվել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու[2]: Փոխարենը՝ դե-ֆակտո իշխանությունները որոշել են իրենց բաժին պատասխանատվությունը բարդել ՌԴ խաղաղապահ ուժերի վրա, քանի որ, ինչպես դե-ֆակտո ԱԽ քարտուղարն է նշել, «խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»: Ի՞նչ է սա, եթե ոչ պատասխանատվությունից հրաժարում` Արցախի և արցախահայության անվտանգությունն ապահովելու հարցում:

 

[1] ՔՊ: Արցախի հիմնախնդիր, https://www.civilcontract.am/hy/1619349203 (հղվել է 19.07.2022 թ.):

[2] Արցախի կարգավիճակն՝ ըստ սոցհարցումների, https://hayaliq.com/infographicsartsaksurvey/ (հղվել է 19.07.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *