Նորություններ

ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հակաօրինական է

22 / 05 / 2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով դե-ֆակտո վարչապետի վերջին հայտարարություններին` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, կատարել է գրառում իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումից առանձնացրել ենք խմբագրության տեսանկյունից ամենակարևոր հատվածները, իսկ ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ` անցնելով հղումով:

«Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները

Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարությունների՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ:

  • Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝
  • Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում), իսկ հետագա տարիներին՝ պաշտպանել այն և ապացուցել ինքնիշխանության սեփական կամքն ու կարողությունը:
  • Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու:
  • Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է:
  • ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության)  միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև այդ սկզբունքը ինքնաշխատ կերպով գործող սկզբունք չէ և մեծ վերապահումներով կիրառվել է միայն Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ փոխհամաձայնության առկայությամբ:
  • Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Այս փաստը կարևոր է ընդգծել ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է uti possidetis juris սկզբունքի կիրառումը, այլև՝ նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն՝ Ազգերի Լիգայի կողմից համարվել է որպես վիճելի տարածք, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ համեմատած շատ ավելի ընդարձակ տարածքներով և Հայաստանի հետ ընդհանուր սահմանով:
  • Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները՝ պայմանավորված ոչ միայն հանրահայտ միջազգային իրավական հիմքերով, այլև՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես՝
  • Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը հստակորեն ճանաչում է Արցախը որպես ՀՀ մաս՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Թեև հետագայում ընտրվեց Արցախի անկախության ճանապարհը՝ շեղվելով ՀՀ Անկախության հռչակագրի տվյալ դրույթից, սակայն նույնիսկ այդ շեղման պայմաններում միանշանակորեն բացառվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իրավական հնարավորությունը: Ուստի, լինելով ՀՀ Սահմանադրության հիմնաքարը՝ Անկախության հռչակագիրը ամուր իրավական հիմք է հակասահմանադրական և ի սկզբանե առոչինչ ճանաչելու ՀՀ կողմից ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր, որը կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:
  • 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդն ընդունել է որոշում, որի 2-րդ կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
  • Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով հստակորեն ու անշրջելիորեն բացառել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հնարավորություն, իսկ Գերագույն խորհրդի՝ օրենքի ուժ ունեցող որոշումներով ամրագրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և ստեղծել իրավական հիմք ԱՊՀ-ին Արցախի անդամակցության հնարավորության համար, ինչպես նաև ուղիղ կերպով անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի նշմամբ ցանկացած փաստաթուղթ: Ուրեմն, Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ երբեք Արցախի ներառմամբ կամ 86,600 քկմ տարածքով: Այդ առումով խիստ անընդունելի ու մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ»:

Մեզ մնում է հավելել, որ Արցախի հանձնումը Ադրբեջանին անթույլատրելի է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև հասարակական տրամադրությունների: ՀՀ բնակչությունը չի տվել մանդատ դե-ֆակտո իշխանություններին` հանձնելու Արցախը, ավելին ՀՀ բնակչության 97%-ը դեմ է արտահայտվել դրան: Այսպիսով ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չունեն իրավական և բարոյական իրավունք կայացնելու միանձնյա որոշումներ, որոնք չեն արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը: Իսկ դա իր հերթին վկայում է, որ դե-ֆակտո իշխանությունները լեգիտիմ չեն և չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *