Հայաստան-Թուրքիա

Հայ-թուրքական սահմանի բացում

20 / 01 / 2023

Հայ-թուրքական սահմանի բացումը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաների շարքում առաջիններից է: Առաջ են քաշվում իրարից տարբեր մի շարք թեզեր և կարծիքներ: «Հայկական ալիք»-ը պարզաբանելու համար հայ-թուրքական սահմանի վերաբերյալ կարևոր փաստերն ու իրողությունները, որոնց մասին գիտեն քչերը, զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:

Մինչ բուն հարցազրույցին անցնելը նշենք հայ-թուրքական սահմանի փակման նախապատմությունը 90-ականներին` մեր ընթերցողի համար մի շարք հանգամանքներ ավելի պարզ դարձնելու նպատակով:

Չնայած նրան, որ 1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց  Հայաստանի Հանրապետությունը, այնուամենայնիվ դիվանագիտական հարաբերություններ երկու պետությունների միջև մինչ օրս հաստատված չեն: Հայ-թուրքական սահմանը՝ և՛ ցամաքային, և՛ օդային, փակվել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1993 թվականին՝ հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո: Ընդ որում՝ այն փակվել է միակողմանիորեն՝ Թուրքիայի կողմից: 1995-ին, սակայն, Թուրքիան վերաբացել է միայն օդային սահմանը: Ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար արվել են մի քանի փորձեր: Սակայն դրանց համար եղել են և կան նախապայմաններ,որոնք ներկայումս առաջ են քաշվում ավելի պարզ և ակնհայտ: Թուրքիայի կողմից առաջ քաշվող հայտնի նախապայմաններն են Արցախի տարածքների հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի անկախության հռչակագրի վերանայումը և փոփոխությունը՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Կարսի պայմանագրի ճանաչումը: Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական կողմից ակտիվորեն առաջ է տարվում «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապայմանը, ինչպես նաև մի շարք նոր նախապայմաններ: Այստեղ պետք է արձանագրենք, որ Հայաստանի աշխարհքաղաքական և ռազմական թուլացումը հանգեցնում է Թուրքիայի կողմից նոր նախապայմանների առաջքաշման։

-Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին սահմանի բացվելուց հետո: Արդյո՞ք հայ հասարակությունն ամբողջությամբ գիտակցում է այդ վտանգները, և որքանո՞վ է պատրաստ Հայաստանը դիմակայելու թուրքական ալիքին սահմանի բացվելուց հետո:

Հայ-թուրքական սահմանի բացումը երկար տարիներ Հայաստանի քաղաքական ու հասարակական խոսույթում ամենաշատ քննարկված թեմաներից է, բայց թեմայի նրբերանգները և հնարավոր վտանգները շատ հաճախ անտեսվում են, և, կարծես, դարձել է շուտասելուկ, որ պետք է անպայման բացել հայ-թուրքական սահմանը: Հայ-թուրքական սահմանի բացումը բացի երկու հարևան երկրների միջև բնականոն հարաբերությունների ատրիբուտ լինելուց նաև որոշակի վտանգներ է իր մեջ պարունակում, քանի որ Թուրքիան ապակառուցողական և Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված պետություն է, ուստի չի բացառվում, որ սահմանի բացումը նա կարող է օգտագործել տնտեսական էքսպանսիայի, դեմոգրաֆիկ տարատեսակ խնդիրների, Հայաստանի առանց այդ էլ խոցելի անվտանգային համակարգն ավելի շատ ռիսկի տակ դնելու և բազմապիսի այլ խնդիրներ առաջացնելու համապատկերում:

Շատ է խոսվում նաև հարցի տնտեսական կողմից՝ բիզնեսից, գյուղատնտեսությունից, որ եթե սահմանը բացվի, դրանք կարող են հայտնվել բարդ իրավիճակում, բայց բացի սրանցից կան շատ ավելի նուրբ, հասարակական լայն շերտերի համար վատ տեսանելի վտանգներ, որոնք կարող են իրոք դառնալ ճակատագրական: Շատ կարևոր են հոգևոր անվտանգությանը վերաբերող սպառնալիքները: Իրական սպառնալիքի օրինակներից են թուրքական փափուկ ուժի համապատկերում իսլամի տարածումը, տարատեսակ թուրքական, իսլամական եղբայրությունների, կառույցների գործունեությունը, որոնք միտված են Թուրքիայի հանդեպ մեղմ կամ դրական տրամադրված հասարակական զանգվածներ ձևավորելուն նաև կրոնի տարածմամբ: Ցավոք սրտի, արդեն որոշակի քայլեր կան, և մենք պետք է նաև խոստովանենք, որ կան հայեր, ովքեր այս տարիների ընթացքում ընդունել են իսլամ կամ հարել են իսլամական ինչ-որ տարբեր խմբերի: Հոգևոր անվտանգության մյուս վտանգն այն է, որ Թուրքիան առաջարկել է մոտավորապես նույն տարբերակը, որն առաջարկել է վրացական իշխանություններին: Օրինակ՝ վերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները՝ դրա դիմաց պահանջելով այստեղ վերանորոգել կամ կառուցել մզկիթներ, որոնց սուննիական կամ շիայական պատկանելությունը շատ վիճարկելի է: Եվ այստեղ մզկիթների ստեղծումն իր հերթին առաջ է բերելու հավանական թուրքական համայնքների ձևավորում և տարատեսակ այլ խնդիրներ: Անվտանգությանը սպառնացող վտանգներից են նաև, այսպես ասած, դեմոգրաֆիական վտանգները: Ցավոք սրտի,մեր արժեհամակարգում տեղի են ունեցել լրջագույն տատանումներ: Թուրքական փափուկ ուժի կարևոր դրսևորումներից են խառնամուսնությունները: Ըստ տարբեր  տվյալների՝ թուրքերի և ռուսների միջև, օրինակ, խառնամուսնություններն արդեն հասնում են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարների: Հիմնականում ռուս կանայք ամուսնանում են թուրք տղամարդկանց հետ: Նույն միտումները կան այլ երկրներում, և չի բացառվում այդ երևույթի տարածումը նաև հայկական միջավայրում՝ մանավանդ, որ դրա որոշ օրինակներ արդեն կան՝ այսպես կոչված հայ-թուրքական ընտանիքներ: Սա իր հերթին կարող է բերել բավական լուրջ խնդիրներ՝ այդ ընտանիքներում ծնված երեխաների կրոնական պատկանելության, ինքնության, քաղաքացիական ինքնության հետ կապված և այլն: Սրանք լրջագույն վտանգներ են, որոնք կարող են Հայաստանի առջև ծառանալ ոչ անմիջապես, բայց առաջիկա տարիների ընթացքում, և ունենալ այնպիսի հետևանքներ, որոնց դեմ, օրինակ, չեն կարողանում պայքարել եվրոպական ուժեղ պետությունները: Ամենահայտնի օրինակը Գերմանիան է, որտեղ կա շուրջ 4 միլիոն անդամ ունեցող թուրքական համայնք, կան խառնամուսնություններ, կան ինտեգրացիոն խնդիրներ, և գերմանական հզոր պետությունը չի կարողանում գտնել այս խնդիրը կարգավորելու մոդելը: Իսկ Հայաստանի պարագայում՝ Հայաստանն ուղղակի չի էլ կարող գտնել արդյունավետ մոդել՝ հաշվի առնելով առկա միջավայրն ու երկու կողմերի միջև գոյություն ունեցող ուժերի հավասարակշռության բացակայությունը։

Հայ-թուրքական  սահմանի բացումը պետք դիտարկել տարբեր հարթություններում: Եթե այդ սահմանը բացվում է, օրինակ, բեռնատարների համար, ապրանքների առևտրի համար, դա, միգուցե, կարելի է քննարկել այդ համատեքստում եղած վտանգներում, բայց եթե ընդհանուր բացվում է հայ-թուրքական սահմանը, սա դառնում է մի մեծ վտանգ, որին Հայաստանը դեռևս պատրաստ չէ, և, ցավոք, տարիներ շարունակ քայլեր չեն էլ արվել, որպեսզի պատրաստ լինի՝ սկսած  օրենսդրական քայլերից, վերջացրած հասարակական իմացության մակարդակի բարձրացմամբ, անվտանգային ռիսկերը տնօրինելու և դրանք կանխելուն միտված քայլերով և այլն: Պետք է գիտակցել, որ սահմանի բացմամբ բացվում է նաև վտանգների , մարտահրավերների ու սպառնալիքների մի մեծ պատուհան: Այնպես որ հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ պետք է դիտարկել ոչ թե որպես մեծ ու դրական ինչ-որ ակնկալիքներ խոստացող գործընթաց, այլ լրջագույն մարտահրավեր, որի բոլոր դետալները պետք է մանրամասնորեն  հաշվի առնել, պետք է ամեն ինչին պատրաստ լինել: Հիմա Հայաստանը պատրաստ չէ, բայց պետք է պատրաստվի, որովհետև  վաղ թե ուշ այդ սահմանը պետք է բացվի:

-Որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանում կարող են կրկնվել Սիրիայի և Իրաքի սցենարները, ուր Թուրքիան մտնում է ցանկացած պահի և, իր ձևակերպմամբ, իրականացնում «հակաահաբեկչական գործողություններ»: 

Թուրքական քարոզչական հայտնի հակահայական թեզերից է այն կեղծ պնդումը, թե Հայաստանի տարածքում գործում են քրդական ռազմական ճամբարներ։ Ընդ որում՝ այս թեզի տարածումը կոչված էր լեգիտիմություն հաղորդելու Հայաստանի տարածքում Թուրքիայի կողմից այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններ»՝ այսինքն ռազմական օկուպացիա իրականացնելու հնարավոր քննարկումներին։ Ներկայումս Թուրքիան նմանատիպ կեղծ պատրվակներով ներխուժել է երկու ինքնիշխան երկրների՝ Սիրիայի և Իրաքի տարածք և արդեն մի քանի տարի շարունակ այնտեղ իրականացնում է ռազմական գործողություններ՝ խախտելով այդ երկրների տարածքային ամբողջականությունը և փաստացի օկուպացիայի տակ պահելով մեծածավալ տարածքներ: Հայաստանի հանդեպ նման սցենարի կրկնության հավանականությունը հիմա ավելի քան ակնհայտ է, և դժվար է կանխատեսել , թե ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ներկայությունն ինչքանո՞վ կկարողանա կանխել Թուրքիայի այդ նկրտումները: Սա մենք պետք է միշտ պահենք մեր ուշադրության կենտրոնում, որովհետև սա թուրքական ոճն է, որն ամեն պահի տեսականից կարող է դառնալ գործնական՝ անկախ նրանից սահմանները բաց կլինեն, թե՝ ոչ: Իսկ սահմանի բաց լինելու պարագայում կավելանան նաև, ինչպես նշվեց, դեմոգրաֆիկ մարտահրավերները: Մենք չենք կարողանալու լիովին վերահսկել այստեղ նաև ազգությամբ քրդերի ներթափանցումը, ընդ որում՝չգիտենք՝ դրանք թուրքական իշխանությունների սցենարով ներթափանցումներ կլինեն, և այդպիսով  հիմք կստեղծվի, որ այստեղ կան տարատեսակ քաղաքական ուղղությունների պատկանող քրդեր, ինչը Թուրքիային ինչ-որ քայլեր անելու լեգիտիմություն կտա, թե դրանք ուղղակի կլինեն իսկապես մարդկային հոսքեր, որոնք իրենց մեջ ևս կարող են ունենալ վտանգներ: Թուրքիան, կարելի է ասել, քրդական գործոնը ոչ միայն լիովին չի թողնում ինքնահոսի, այլ երբեմն ուղղորդումներ է անում, ինչպես օրինակ, իր ռազմական գործողությունները հիմնավորելու, լեգիտիմացնելու նպատակով այս կամ այն քայլն իրականացնելու համար երբեմն կարող է ուղղորդել իր համար որոշ չափով հասանելի քրդական շրջանակներին»:

-Ինչպե՞ս կփոխվեն թուրքական փափուկ ուժի և կոշտ ուժի դրսևորումները սահմանի բացվելուց հետո:

Թուրքիան կոշտ ուժը և փափուկ ուժը տարբեր հարցերում նաև համադրում է: Սահմանի բացվելուց հետո Հայաստանի հանդեպ այդ երկուսն էլ բավական ինտենսիվ և համադրված կգործադրվեն, բայց դա կարվի ոչ թե ի շահ Հայստանի, այլ թուրքական տարատեսակ նպատակներն ի կատարածելու համար: Շատ է խոսվում այդ մասին, բայց, չակերտավոր ասած, լավագույն ապագան կարող են լինել Բաթումը, Աջարիան, երբ թուրքական փափուկ ուժի կիրառման հետևանքով այսօր Աջարիան մեծամասամբ, այսպես ասած, թուրքացված է և՛ տնտեսական առումով, և՛ հոգևոր առումով և այլն: Այս պահին Հայաստանի դիմադրողականությունը բավականին թուլացած է, հասարակությանը հրամցված են Թուրքիայի հետ կապված տարատեսակ միֆեր, թուլացած է նաև հասարակական դիմադրողականությունը, միաժամանակ արժեհամակարգը քանդելուն ուղղված տարբեր քայլեր են արվել: Այս ամենի համապատկերում թուրքական կոշտ ու փափուկ ուժերի համատեղ գործադրումը Հայաստանի համար դառնալու է անվտանգային լրջագույն սպառնալիք: Եվ ոչ թե կարելի է ենթադրել, այլ կարելի է վստահորեն կանխատեսել, որ ավելի շատ թուրքական փափուկ ուժը, իհարկե, կոշտի հետ համադրմամբ, Հայաստանի հանդեպ միանշանակ կիրառվելու է:

-Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի շահագրգռվածությունը հայ-թուրքական սահմանի բացմամբ:

Թուրքիան միշտ էլ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել է իր շահերով, Հայաստանը, միևնույն ժամանակ, որպես շուկա, որպես լոգիստիկ ուղի և այլն, իր համար երբևէ չի ունեցել շատ մեծ նշանակություն: Այդ պատճառով էլ անցնող 30 տարվա ընթացքում Թուրքիան երբեք չի ստորադասել թուրք-ադրբեջանական հարաբերությունները և չի գնացել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման: Այդ նույն մտայնությունը հիմա էլ գերիշխում է, և հիմա Թուրքիայի համար ստեղծվել են ավելի հարմար պայմաններ: Եթե 2008-2009 թվականներին, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության տարիներին Հայաստանն էր ավելի շատ նախաձեռնող, և Թուրքիան ստիպված էր երբեմն հայտնվել անհարմար իրավիճակում՝ մերժելով հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը, ապա հիմա պատկերն այլ է: Հիմա խաղաքարտերը Թուրքիայի ձեռքում են, նա իր համար շատ ավելի շահեկան դիրքերից է խաղում, և Հայաստանի հետ սահմանի բացումը հիմա Թուրքիայի համար ոչ միայն ճնշող ինչ-որ դերակատարում ունի Հայաստանի վրա, այլև ունի ավելի լայն նշանակություն: Այսինքն՝ մի կողմիցնա կարող է աշխարհին ցույց տալ իր, իբրև թե, կառուցողական կերպարը, մյուս կողմից՝ ձեռք բերել նոր պատուհան՝ Հայաստանի վրա ճնշումները շարունակելու և Հարավային Կովկասում ավելի ամրապնդվելու համար:

-Հնարավոր է արդյո՞ք արտաքին ճնշում սահմանի բացման հետ կապված: Ու՞մ է հարկավոր, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը: Ի՞նչ կտա սահմանի բացվելը կամ չբացվելը տարածաշրջանում շահեր ունեցող գերտերություններին:

Հիմա տարբեր գերտերությունների համար Հայաստանի վրա ճնշում գործադրելը բավականին հեշտացել է, և չի կարելի բացառել, որ կարող են ճնշումներ լինել: Գերտերությունների շահերը, սակայն, հայ-թուրքական սահմանը բացելու առումով շատ հաճախ իրար հակասում են, և դրանք շատ արագ փոփոխվում են: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք մանևրել այդ շահերի ծիրում: Ամենապարզունակ հաշվարկը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու կլինի հայ-թուրքական սահմանի բացումը, ինչը կհանդիսանա ևս մեկ շտրիխ, որով Հարավային Կովկասում կթուլանա ռուսական գործոնը, որովհետև այլևս կնվազի Հայաստանում տեղակայված ռուսական զորքի, բազայի և այլնի կարևորությունը, եթե հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնապես հռչակվեն «կարգավորված», սահմանը բացվի, և Թուրքիան ոչ միայն քաղաքական որոշակի շրջանակների, այլև հասարակական լայն շերտերի համար դադարի ընկալվել որպես թշնամի և սպառնալիք: Սա ինքնին բավական բարդ խնդիր է, և այստեղ ԱՄՆ-ի շահերը ամենևին չեն խաչվում Հայաստանի շահերի հետ: Սա ուղղակի ԱՄՆ-ի շահերն են ընդդեմ Ռուսաստանի, և այս պարագայում դրանք նույնպես կարող են կյանքի կոչվել: Ռուսաստանը երբեք չի հայտարարել , որ դեմ է հայ-թուրքական հարաբերություններին, և, ըստ էության, այդպես չի էլ լինում, որ ինչ-որ պետություն երկու այլ պետությունների հարաբերություններին դեմ լինի: Դրա համար պետք է հասկանալ խաղի ենթատեքստը, ռուսական բաց ու փակ ուղերձները, փակ քննարկումներում ռուսական հիմնական տեսակետները: Իսկ հիմա Ռուսաստանն ինքը, լինելով բազմաթիվ ճնշումների տակ, իր համար կարմիր գիծ է սահմանել, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կոմունիկացիոն տարբեր ուղիներ գործարկվեն, Ռուսաստանը պետք է ունենա վերահսկիչ փաթեթ, կոպիտ ասած, նա ինքը բացի և փակի «դարպասներն ու դռները»: Այնպես որ ճնշումները գործընթացների վրա կարող են շատ զգալի լինել:

-Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին տարիներին:

Ընդհանրապես արտաքին քաղաքական, տարածաշրջանային խնդիրները միշտ պետք է դիտարկել ժամանակի իրողությունների համաապատկերում: Եվ չի կարելի այլ իրողությունները, տարածաշրջանում այլ իրավիճակը մեխանիկորեն ուղղակի համեմատել իրար հետ և գալ սխալ եզրանահանգումների: Մասնավորապես՝ 2008-2009 թվականներին և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում իրավիճակն այլ էր, մեր երկրի կարգավիճակն այլ էր, Ադրբեջանինն՝ այլ էր : Հենց միայն այն, որ Հայաստանը հաղթած պետություն էր, Ադրբեջանը՝ պարտված, փոխում է իրավիճակը: Հայաստանն ինքն էր նախաձեռնում լարվածության թուլացում իր համար շահեկան դիրքերից՝ չգնալով լուրջ զիջումների: Բացի այդ, կարելի է ասել, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման որոշակի կոնսենսուս կար, իսկ Հայաստանը չէր գնում պարտադրանքներով, Հայաստանն ինքը գործոն էր, խաղում էր իր հնարավորությունների սահմանում, բայց, այնուամենայնիվ, խաղում էր: Հիմա Հայաստանն այդ խաղում եթե նույնիսկ կա, ապա դա պարտադրված խաղ է, որտեղ նա խաղալու հնարավորություն չունի, նա արդեն ուղղակի ապահովում է իր ֆիզիկական ներկայությունն այսօրվա այս խաղում: Եվ, ըստ էության, համեմատել, իրոք, չի կարելի՝ հենց միայն վերոնշյալ գործոնները հաշվի առնելով: 2018-ից հետո ինչպես մեր շատ արտաքին քաղաքական ձեռքբերումներ, այս ձեռքբերումները նույնպես փոշիացված են, և 2020-ից հետո գործընթացն արդեն լիովին այլ հունով է գնում՝ այդ թվում և հայ-թուրքական հարաբերությունները: Այսինքն՝ 44-օրյա պատերազմի աղետը դարձավ նաև աղետ դիվանագիտության համար:

-Ի վերջո ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է բացել հայ-թուրքական սահմանը:

Սահմանը բացելու համար ամենակարևոր նախապայմանն ու ամենակարևոր հանգամանքը ուժեղ պետություն ունենալն է, ուժեղ պետություն՝ իր բոլոր ինստիտուտներով, իր բոլոր ատրիբուտներով: Այսինքն՝ պետք է ունենալ ուժեղ անվտանգային համակարգ, ուժեղ հոգևոր անվտանգության համակարգ, ուժեղ գիտակից հասարակություն, ուժեղ մաքսային համակարգ, ուժեղ հարկային համակարգ, ուժեղ գյուղատնտեսություն և այլն, որոնցով կկարողանանք պայքարել հավանական սպառնալիքների դեմ: Սա նման է տուն կառուցելուն: Դրա համար պետք է ունենալ լավ դարպաս, լավ պարիսպ, տան լավ դուռ՝ լավ կողպեքով, անվտանգության համակարգ, տեսախցիկներ և այլն: Այս դեպքում կարելի է գոնե ինչ-որ չափով հանգիստ լինել՝ ապրելով այլոց հարևանությամբ: Եթե կառուցվում է տուն, բայց վերոնշյալ պայմանները բացակայում են, պատուհանների ապակիները կոտրված են, և կա ցանկություն նման ձևով անծանոթ, երբեմն էլ թշնամաբար տրամադրված հարևանների հետ շփվել, ապա խնդիրների բախվելն, անպայմանորեն,  անխուսափելի է:

Հիմա Հայաստանը նման է առանց կողպեքի, առանց պատուհանների, առանց անվտանգային տեսախցիկների և ձայնանշանների մի տան, որն ուզում է հարևանություն անել տարբեր մարդկանց հետ, որոնց մի մասը նրա հանդեպ ունի թշնամական մոտեցումներ: Եվ ինչպես տան տերը պետք է անվտանգ համարի իր ընտանիքը, անվտանգ համարի իր երեխաների շարժը տան բակում, այդպես էլ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է իր քաղաքացիների, կոպիտ ասած, իր երեխաների անվտանգությունն ապահովելուց հետո նոր գնա հարաբերությունների հաստատման:

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *