«Հայկական ալիքը» հարցազրույց է վարել APRI Armenia-յի հետազոտող Լեոնիդ Ներսիսյանի հետ Հնդկաստանից ենթադրյալ ներկրված զինամթերքի մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այդ ենթադրյալ գնման մասին ասել է․ «Չեմ կարող մեկնաբանել, ես ինքս էլ զարմացած եմ՝ այդ նորությունը լսելով»։ Հիշեցնենք նաև, որ դե-ֆակտո իշխանությունները ունեն նախապատերազմական շրջանի «մեծ փորձ»՝ տապալելու Հայաստանի կարիքներից բխող անհրաժեշտ զենքերի ներկրումը՝ նախապատվությունը տալով «լայքաբեր» և նվազ արդյունավետ կամ առհասարակ ոչ արդյունավետ զինատեսակների։
-Ի՞նչ կարող եք ասել ներկրվելիք բազմակի արձակման հրթիռային համակարգի մասին (РСЗО)։ Որքանո՞վ են դրանք էֆեկտիվ։
-Այս համակարգերն ավելի քան 10 տարի առկա են Հնդկաստանի զինանոցում, սակայն արտահանման մասին լուրն առաջին անգամ է։ Համակարգի որակի մասին դժվար է դատողություններ անել, քանի որ այն երբևէ չի արտահանվել։ Չնայած հայտնի է, որ 1999 թ․ Կարգիլի պատերազմի ժամանակ նրա նախատիպը բավականին արդյունավետ է եղել, և դրանից հետո է այդ համակարգը զարգացվել։ Այն բավականին հարմար է լեռնային տեղանքի համար։
-Ինչքանո՞վ են դրանք մեզ համար ձեռնտու գնի և որակի տեսանկյունից։
-Դա միանշանակ լավագույն համակարգը չէ շուկայում, սակայն, և դեռ պետք է հասկանալ, թե որակի վերաբերյալ հարցերը լուծված են արդյոք, թե դեռ ոչ։
-Ի՞նչ կարող եք ասել հակատանկային համակարգերի մասին, ինչքանո՞վ են դրանք էֆեկտիվ ադրբեջանականներից։
-Ես չգիտեմ, թե կոնկրետ որ համակարգն է գնում Հայաստանը Հնդկաստանից։ Առհասարակ Հնդկաստանն ունի հակատանկային համակարգերի 1 տեսակ, որն ինքն է արտադրում։ Դա հրթիռների շարք է, որոնք արձակվում են ցամաքից` շարժական արձակման կայանից, կան որ արձակվում են հետևակի մարտական մեքենայից, կան նաև ավիացիոն հակատանկային հրթիռներ։ Բայց ընդհանուր առմամբ այս համակարգը նոր է, բառացիորեն հիմա են ավարտվում փորձարկումները։ 2020 թ.-ին, որքանով հիշում եմ, ավարտվել են շարժական տարբերակի վերջին փորձարկումները։ Ամենայն հավանականությամբ խոսքը հենց այս համակարգի մասին է։ Մեկ այլ տարբերակ է այն, որ գնվել է ԶՈՒ-ում արդեն իսկ առկա հակատանկային համակարգեր։ Դա ևս տեսականորեն հնարավոր է։ Հնդկաստանն ունի մեծ քանակությամբ թե՛ սովետական, թե՛ նույնիսկ ֆրանսիական հակատանկային համակարգեր, օրինակ` «Միլան»-ը։ Եթե համեմատենք Ադրբեջանի ունեցած իսրայելական համակարգերի հետ, ապա դրանք, իհարկե, փորձված են ժամանակային առումով, միանշանակ արդյունավետ են, այդուհանդերձ թանկարժեք են։ Իսկ այն, ինչ մենք գնել ենք Հնդկաստանից, դեռևս դժվար է և վաղ է համեմատել և մեկնաբանել, հատկապես, որ չգիտենք, թե կոնկրետ ինչ է գնվել։
-Որքանո՞վ կարող են այս զենքերն ինտեգրվել մեր զինամթերքի համակարգում։
-Հարկավոր է հասկանալ, որ «Պինակի» բազմակի արձակման հրթիռային համակարգի տրամաչափն ուրիշ է` 214 մմ, իսկ մենք այսպիսի համակարգ չունենք և, ընդհանուր առմամբ, սովետական անալոգը «Ուռագան» համակարգն է` 222 մմ տրամաչափով, որը ևս երբևէ չենք ունեցել բանակում։
-Ունե՞նք մենք մասնագետներ, որոնք նախապես պատրաստվել են և կարող են օգտվել զենքերից թե՞ ոչ։
-Դա չեմ կարող ասել, սակայն սովորաբար, երբ նման մեծ պայմանագրերի փաթեթներ են ստորագրվում, դրանց արժողության մեջ է մտնում նաև ուսուցման վճարը։
-Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի մեզանից այս զենքերի ներկրման և նախապատրաստական աշխատանքների համար։
-Դա ևս դժվար է ասել։ Դրա մասին պետք է գրված լինի պայմանագրում։ Եթե խոսքը ամիսների մասին է, ինչպես նշված է «The Economic Times»-ում, ապա վստահ չեմ, որ այդ նշված ժամկետում նրանք (խմբ. – Հնդկաստանը) կհասցնեն նորը (խմբ.-համակարգեր) արտադրել
-Կարո՞ղ ենք ենթադրություններ անել, թե երբ է կնքվել այս պայմանագիրը։
-Գիտեմ, որ այս համակարգը ուսումնասիրվել է և մամուլում այս մասին խոսվել է առնվազն 2019 թ.-ից կամ ավելի շուտ։ Այսինքն՝ եղել են բանակցություններ, հետաքրքրություն հայկական կողմից, բայց դատելով այն բանից, որ ջրի երես է դուրս եկել հիմա՝ կարելի է ենթադրել, որ որոշումը ոչ այնքան վաղ անցյալում է կայացվել։
-Ի՞նչ այլ զենքեր կան, որոնք կարող ենք ձեռք բերել Հնդկաստանից և որոնք էֆեկտիվ են մեզ համար։
-Տարբեր զենքեր կան, տարբեր դասերի, սակայն ոչ բոլորն են հարկավոր Հայաստանին։ Այսինքն՝ եթե խոսենք անօդաչուների մասին, որոնց մասին խոսվում էր վերջերս, սակայն դրանց մասին ոչինչ չի ասվում փաթեթի մեջ, ապա դա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ այդ ոլորտում նրանք դեռևս մեծ առաջընթաց չեն ապրել և նույնիսկ շատ չեն տարբերվում հայկական ռազմարդյունաբերական համալիրից։ Կան զենիթահրթիռային համալիրներ, սեփական հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հարցազրույցը վարեց Սյուզան Նաջարյանը