Բացատրագիր

Արևմտյան նավերը կբարձրանա՞ն մեր լեռները

20 / 11 / 2023

Օրերս ԱՄՆ Սենատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնության չեղարկման մասին որոշում։ Արդյոք սա նշանակու՞մ է, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը և ինչքանով կարող է այս փաստաթուղթը բեկել արևմտյան քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Արտաքին գործերի կոմիտեի նոյեմբերի 15-ի նիստում Եվրոպական և եվրասիական գործերի բյուրոյի քարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայնը նախ նշեց, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Սովետական Միության և Ռուսաստանի ստեղծած ժառանգությունն է, որի հետևանքների հետ այժմ ստիպված են աշխատել՝ ասպիսով անմիջապես հակառուսական երանգ հաղորդելով խնդրին։

Գաղթականների վերաբերյալ հարցին նա պատասխանեց․

«Մենք պնդում ենք, որ ․․․ մարդիկ պետք է ստանան համապատասխան տեղեկատվություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ և իմանան, որ հնարավորություն ունեն վերադառնալու և լավ ապրելու Լեռնային Ղարաբաղում, եթե այդպես են ընտրում․․․ Մենք ցանկանում ենք, որ նրանք ունենան կենսունակ ընտրություն՝ որոշումներ կայացնելու համար»։

Այստեղ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայերի հայրենիքն է, այլ նշվում է, որ այդ մարդիկ պետք է ընտրեն՝ ուզում են արդյոք վերադառնալ այդ տարածք, թե ոչ։

Չի տրվում անգամ իրավիճակի ճշգրիտ նկարագրություն, Օ’Բրայնը շեշտում է, որ իրավիճակի վերաբերյալ պատրաստվում է զեկույց, ընդ որում՝ չի տրվում անգամ հստակ ժամանակացույց։

« …սա որոշ ժամանակ է պահանջում, քանի որ մենք գործ ունենք մի բնակչության հետ, որը սեպտեմբերի 19-ի իրադարձություններին նախորդող ամիսներին հսկայական սթրեսի մեջ էր… Այսպիսով, մենք նոր ենք սկսում խոսել բնակիչների հետ… պարզվում է, որ վախի վիճակ է եղել Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Երբ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական իշխանությունները հարկադրաբար ներս մտան, դա բնակիչների մոտ հեռանալու ցանկություն առաջացրեց։ Թե կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունեցել, որտեղ, ինչ հրամանատարության և վերահսկողության ներքո և ինչպես է դա փոխանցվել բնակիչներին, սրանք նույնպես այն խնդիրներն են, որոնք մենք ձգտում ենք ուսումնասիրել․․․ Մենք գործ ունենք մի բնակչության հետ, որը դեռ ինքն է վերլուծում իր հետ կատարվածը»։

Տեսնում ենք, որ ցինիկորեն խոսվում է այն մասին, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել, չի հասկանում, ինչ է կատարվել կամ կատարվում և դեռ վերլուծում է կատարվածը։ Չի խոսվում հումանիտար ճգնաժամի մասին, փոխարենը խոսվում է «վախի» մասին, չի նշվում, որ Արցախը բլոկադայի մեջ էր Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության հետևանքով, չի խոսվում այն մասին, որ Արցախի հայությունը հարկադրաբար տեղահանվել են իրենց հայրենիքից, միայն նշվում է, որ այս ամենը ինչ-որ կերպ բնակիչների մոտ «հեռանալու ցանկություն է առաջացրել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններին և ընդունված փաստաթղթին, քարտուղարի օգնականը նշում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն այլևս նույնը չեն լինի մինչև խաղաղության պայմանագրի կնքումը։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին նա շեշտում է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ուժի միջոցով միջանցքի բացումը, այն պետք է տեղի ունենա Հայաստանի զիջմամբ ու համաձայնությամբ և առանց Իրանի մասնակցության։

Այսպիսով՝ հարկ է նշել, որ Սենատի կողմից ընդունված փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված գործիք, որի միոցով ԱՄՆ փափուկ բարձ է դնում հայ ժողովրդի գլխի տակ՝ տարածաշրջանում բացելով նոր հակառուսական  ճակատ։

Նույն քաղաքականությունն է վարվում նաև Ֆրանսիայի կողմից։ Ֆրանսիական զենքի Հայաստան մուտք գործելուց հետո ստեղծված էյֆորիայի ֆոնին ֆրանսիական “Le monde” պարբերականում հրապարակվեց․

«Հոկտեմբերի 3-ին Երևան կատարած այցի ժամանակ արտգործնախարար Քեթրին Կոլոննան ասել է, որ Փարիզը «համաձայնել է» «Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարել, որպեսզի նա կարողանա ապահովել իր պաշտպանությունը»։ Բայց այս օգնությունը դետալային չէր, և այդ հայտարարությունը, որն այդ ժամանակվանից հասցվել է նվազագույնի, թվում էր, թե հիմնականում նպատակ ուներ հանգստացնել Ֆրանսիայի մեծաթիվ հայկական համայնքին, որը կազմում էր մոտ 500,000 մարդ»[1]։

Գայանե Ղուկասյան

 


[1] Après la chute du Haut-Karabakh, la France lance une coopération militaire avec l’Arménie, Le monde, 24 octobre 2023, Après la chute du Haut-Karabakh, la France lance une coopération militaire avec l’Arménie (lemonde.fr) [18.11.2023].

 

Related Posts