Բացատրագիր

ՀՖՖ նախագահի ընտրություններ

20 / 12 / 2023

Հայկական ֆուտբոլի անհաղթահարելի թվացող ռեգրեսը շարունակվում է՝ դառնալով վերջինիս շուրջ արմատացած կարծրատիպերի, սև հումորի և երկրպագուների աճող հիասթափության բացառիկ նախադրյալ։

Հայաստանյան նեղ շրջանակներից դուրս կամ ինչպես ավելի ազնիվ կլինի ասել՝ առավել պրոֆեսիոնալ համարվող ֆուտբոլում հաջողության հասնելու և այն գոնե նվազագույն մակարդակում պահպանելու մի քանի կարևորագույն բաղադրիչներ կան․ օրինակ՝ պատրաստված ֆուտբոլիստներ, կոմպետենտ մարզիչ, թիմային խաղ և ոգի, սահմանված նպատակներ և վերջիններիս հասնելու ճկուն ռազմավարություն։ Տրամաբանորեն այս ամենը տևական ժամանակի, ներդրվող ջանքերի, բավականաչափ գումարի և ճիշտ ղեկավարման առկայությամբ միայն կլինի արդյունավետ և թիրախային։

Դեկտեմբերի 23-ին կկայանան վերոնշյալ գործառույթների իրականացման և կարգավորման գլխավոր պատասխանատուի՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները։ Այս ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը:

Ընտրություններին ընդառաջ՝ երկու թեկնածուները հանդես են եկել հայկական ֆուտբոլում տեղի ունեցողի, ապագայի իրենց տեսլականի, հնարավոր փոփոխությունների մասին հայտարարություններով, ինչպես նաև կարծիքներ հայտնել միմյանց գործելակերպի և պոտենցիալի վերաբերյալ։ Ստորև կներկայացնեմ վերջիններիս մասին ընդհանուր վերլուծություն և թե ի՞նչ կարելի է սպասել այս ընտրություններից առհասարակ։

Ի՞նչ կարծիք ունի Մելիքբեկյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցողի վերաբերյալ

Թերևս այս և մի քանի այլ կարևոր հարցերի պատասխանները լրագրողների համար հստակեցնելուց տևական ժամանակ խուսափող նախկին լրագրող և ՀՖՖ ներկայիս նախագահ Մելիքբեկյանը երեք օր առաջ խախտեց իր լռությունը՝ հրապարակելով մոտ 20 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ վերջինս աչքի է ընկնում իր նշանակման պահից ի վեր կատարած գործունեությունը կեղծ և մանիպուլյատիվ տվյալներով ողողելու և իրական բացթողումների մասին «վարպետորեն» լռելու տաղանդով։

Օրինակ՝ խոսում է ենթակառուցվածքների «աննախադեպ» զարգացման մասին առանց հստակեցնելու, թե 2019-2023թթ. ստացած առավել քան 30 մլրդ դրամ եկամուտներից որքա՞նն է ՀՖՖ-ն կարողացել ուղղել հայկական ֆուտբոլի համար այդքան կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը կամ արդյոք մոնիտորինգ արվե՞լ է, թե տեխնիկական ինչ վիճակում են այդ ընթացքում ՀՖՖ միջոցներով կառուցված փոքր դաշտերը, և ինչպիսի՞ արդյունավետությամբ են դրանք շահագործվում։

Հաշվետվության հեղինակը սահուն կերպով կարողանում է շրջանցել և հուսադրող արտահայտություններով կոծկել նաև տարբեր տարիքային հավաքականների խայտառակ մրցելույթներն ու գրանցած ցուցանիշները, երբ Հայաստանիերիտասարդական հավաքականը վերջին 24 խաղերում կրել է 22 պարտություն, մեկում է հաղթել և մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով, Մ17–ը պարտվել է բոլոր խաղերում, Մ19 հավաքականն էլ պարտվեց վերջին ընտրական խմբի բոլոր խաղերը, այդ թվում Ֆարերյան կղզիների հավաքականին։ Այս տվյալների առկայության և շարունակականության դեպքում ռիսկի տակ է դրվում ոչ միայն հայկական ֆուտբոլի որակական բնութագրիչը, այլև ազգային հավաքականի համար հավաքագրվող ֆուտբոլիստների կոմպետենտ լինելը։

Այս օրինակների շարքը կարելի է երկար շարունակել։ Սա Արմեն Մելիքբեկյանի ու նրա թիմի՝ ՀՖՖ-ն ղեկավարելու տարիների ընթացքում ստեղծած իրողությունն է՝ մրցակցությունից դուրս և անառողջ։

Ի՞նչ տեսլական ունի Օզբիլիսը

ՀՖՖ նախագահի ընտրությունների մյուս թեկնածուն՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և միջազգային ասպարեզում բավականին փորձառու Արաս Օզբիլիսը հաստատել է իր վճռականությունը հայկական ֆուտբոլում համակարգային փոփոխություններ կատարելու իր նպատակներում։

Օզբիլիսն իր տեսլականի մեջ նշել է մի քանի առանցքային կետեր։ Նա նշել է, որ «Ֆեդերացիան պետք է ապահովի ամբողջ ֆուտբոլի գործունեությունը։ Այսինքն՝ դրա մեջ մտնում է բոլորի համար պայմաններ ստեղծելը, ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորին։ Պետք է հարգանք ապահովել դաշտում ու դրա սահմաններից դուրս, շատ կարևոր է նաև անվտանգությունը։ Եվ, իհարկե, բոլոր հավաքականների պատասխանատվությունը պետք է ֆեդերացիան կրի։

Պետք է շատացնել երկրի ներսում մրցումները, հետո նոր մտածել արտասահմանյան մրցաշարերի մասին։ Պետք է նաև համագործակցել դպրոցների հետ։ Շատ կարևոր է, որ երեխաները լավ սովորեն դպրոցում։ Ակումբները պետք է ունենան իրենց ներկայացուցիչները դպրոցներում։ Այդ ամենի համար պետք է ունենանք կրթված մարզիչներ, որոնք այս պահին քիչ են։ Սակայն Հայաստանում մարզիչների ուսումն ավելի թանկ է, քան, օրինակ, Նիդերլանդներում։ Դա պետք է լինի ավելի հասանելի։ Լավ է, որ համագործակցում ենք Իսպանիայի հետ, սակայն մենք պետք է աշխատենք այն երկրների հետ, որոնք համապատասխանում են մեր պայմաններին՝ սկսած բնակչության թվից։ Ենթակառուցվածնքերի համար պետք է աշխատենք ակումբների հետ և գործենք թափանցիկ։ Չի կարող այնպես լինել, որ ֆեդերացիան մեկ ակումբի հետ լավ է աշխատում, իսկ մյուսի հետ՝ ոչ»։

Ինչպե՞ս են գնահատում միմյանց պոտենցիալը

Գնահատականներ միայն Մելիքբեկյանն է տվել՝ նշելով, որ հարգում է Արաս Օզբիլիսին որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:

Իսկ Օզբիլիսն իր հարցազրույցում նշել է միայն, որ նույնիսկ իր մասին սոցցանցերում տարածվող նորություններին լայք դրած իր աջակցին ՀՖՖ-ից զանգել ու զգուշացրել են, որ կհեռացնեն այն աշխատանքից, որով նա հիմա զբաղվում է հայկական ֆուտբոլում։

Ի՞նչ սպասել

Սպասել, որ նախկին սպորտային լրագրողը, ով իր պրոադրբեջանական դիրքորոշումները (օր․՝ «Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին», «Ինչպես էին հորինում «Սումգայիթն» ու «Խոջալուն»» և այլ հոդվածներ) իր իսկ ստեղծած կայքում շարունակաբար արտահայտելու և հակահայ քարոզչություն իրականացնելու համար արժանացել է ՀՀ դե-ֆակտո վարչապետի լիակատար աջակցությանն ու հովանավորությանը, պաշտոնանկ կարվի, մեղմ ասած, անիրատեսական է ստեղծված ավտորիտար համակարգի պայմաններում։ Այնուամենայնիվ, սա չպետք է կասեցնի թե՛ ոլորտի հետ առնչվող, և թե՛ ֆուտբոլասեր հայ հասարակությանը աջակցելու Հայաստանի ազգային հավաքականն ընտրած և Եվրոպայի լավագույն ակումբներում իրեն դրսևորած հայրենադարձ Արասին՝ շարունակելու ներդնել ջանքերը և դրական փոփոխությունների հեռանկարներ ստեղծել հայկական ֆուտբոլում։

Աիդա Ավետիսյան

 

Related Posts