Նորություններ

Կայացել է Հայկական համալսարանի 2021-2022 թթ․ ավարտահանդեսը

18 / 07 / 2022

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կրթական ծրագրի՝ «Հայկական համալսարան» միջգիտակարգային դասընթացի՝ 2021-2022 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտահանդեսը։ Ավարտահանդեսին մասնակցել են գիտնականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, լրագրողներ։

Երկու զուգահեռ հոսքերում սովորող ավելի քան 70 ունկնդիրներ հաջողությամբ հաղթահարել են շուրջ 18 շաբաթ տևողությամբ միջգիտակարգային դասընթացը՝ հանձնելով ընթացիկ և ամփոփիչ քննություններ։ «Թեպետ 1991 թ․-ից ստեղծվել էին գիտակրթական ինքնիշխանության վերականգնման համար բարենպաստ պայմաններ, այն է՝ անկախություն, սակայն ձեռնարկված քայլերը բավարար չեղան, ավելին՝ արտաքին և ներքին քաղաքական սխալ պլանավորման պատճառով հայաստանյան գիտակրթական ինքնիշխանության մակարդակն զգալիորեն ընկավ՝ տեղը զիջելով տարատեսակ պետությունների և անդրազգային ուժերի փափուկ ուժի ստորաբաժանումներին։ Ըստ այսմ՝ «Հայկական համալսարանը» կոչված է իր բաժինը բերելու գիտակրթական ինքնիշխանության վերականգնման խնդրի լուծմանը»,- իր ելույթում նշել է «Հայկական նախագիծ» ՀԿ համահինադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Խոսելով Հայկական համալսարանի գաղափարի ծագման մասին՝ նախագծի համահիմնադիր, կովկասագետ Կարեն Իգիթյանն իր ելույթում նշել է, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո, որի աղետալի հետևանքները կանխատեսվել էին փորձագետների և գիտնականների, այդ թվում՝ «Հայկական նախագծի» ապագա համահիմնադիրների կողմից, դրա կրկնողությունը հետագայում կանխելու միակ տարբերակը ավելի գիտակից հասարակության և մասնագետների կերտումն էր՝ ՀՀ-ում և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրական պատկերի վերաբերյալ կուտակած գիտելիքների փոխանցման միջոցով։ 

Անդրադառնալով Հայկական համալսարանում դասավանդվող կրթական ծրագրին՝ «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ այստեղ դասավանդվում է բոլոր իմաստներով բացառիկ և հայկական կրթական ծրագիր։ Վերջինս հասարակագիտության և հումանիտար գիտությունների մի քանի գիտակարգերի համադրումն է՝ օգտագործելով վերջիններիս առաջավոր ձեռքբերումներն ու մշակումները։ «Միջգիտակարգային գործիքակազմը, տեսություններն ու մեթոդներն օգնում են ավելի լավ, այն է՝ միֆազերծ ու գիտելիքահեն կերպով պատկերացնել ՀՀ առջև կանգնած մարտահրավերների իրական բնույթն ու մշակել դրանց հաղթահարման ձևերը։ Կրթական ծրագրում համադրված են երկու ուսումնական բաղադրիչ. առաջինը՝ հիմնական գիտակարգերի՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն, տեսություններ և գործիքակազմ, երկրորդչը՝ ստացած գիտելիքների համադրում և կիրառում ՀՀ-ի և տարածաշրջանային հարցերի ուսումնասիրության և քննարկման ժամանակ։ Լսարանային դասերը համադրված են նաև գիտարշավներով ՀՀ տարբեր մարզերում»,- պարզաբանել է Վ․ Գեղամյանը։

Հայկական համալսարանի առաջին և երկրորդ հոսքերում ուսանել են ոչ միայն Երևանից, այլև ՀՀ բոլոր մարզերից (բացառությամբ Վայոց Ձորի ու Տավուշի) և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև ՌԴ-ից, Սիրիայից և Իրանից հայրենադարձ ունկնդիրներ։ Ունկնդիրների թվում են թե՛ հումանիտար, թե՛ այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Հայկական համալսարանի կրթական ծրագրում բանախոսել են ավելի քան 30 մասնագետներ՝ ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում և արտասահմանյան (ՌԴ, ԱՄՆ, Շվեդիա և այլն) բուհերում, գիտահետազոտական կենտրոնների գիտնականներ, միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետներ, պետական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ։

Հայկական համալսարանի ծրագրին աջակցել են անհատներ և կազմակերպություններ Հայաստանից և Սփյուռքից։ Նրանց շարքում են «Հայ արծիվներ» (Armenian Eagles) հիմնադրամը (ԱՄՆ, Կալիֆորնիա), հայաստանյան անհատ մեկենասներ, ԱՄՆ և ՌԴ համայնքային, եկեղեցական մի քանի կազմակերպություններ, gg ընկերությունը, Կարեն Մկրտչյանը (ՌԴ), Վռամ Խոջագորյանը (ԱՄՆ) և բազմաթիվ այլ անհատներ։

Հայտարարվել է, որ Հայկական համալսարանը չի սահմանափակվելու ընթացիկ ծրագրերով։ Խոսելով համալսարանի ապագայի մասին՝ համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը նշել է, որ նախատեսվում է դասախոսների ցանցի ընդլայնում՝ նոր գիտակարգերի ուսուցանման համար, ուսումնական ծրագրերի հետագա կատարելագործում՝ համալսարանի շրջանավարտների ներգրավման նպատակով, համալսարանի առցանց տարբերակի թողարկում՝ սփյուռքահայությանը «Հայկական նախագծի» մաս դարձնելու նպատակով, ինչպես նաև շրջանավարտների մասնակցությամբ ամառային և ձմեռային ճամբարների իրականացում։ Ս. Մելքոնյանը, որ երկար ժամանակ բնակվել է Սփյուռքում և հայրենադարձվել՝ իր նպաստը բերելու Հայաստանին, իր ելույթում կիսվել է սեփական փորձով․ «Հայկական համալսարանն է գլխավոր պատճառը, որ ես մինչև հիմա մնացել եմ Հայաստանում»։

Իր հերթին «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքատնտեսագետ Հրանտ Միքայելյանը քաջալերել է Հայկական համալսարանի շրջանավարտներին՝ խրախուսելով, որ հակառակ լայնորեն տարածվող անօգնականության թեզի, թե իբր մեզնից ոչինչ կախված չէ՝ պետք է պայքարել՝ փոխելու Հայաստանի զարգացման ընթացքը, քանի որ ապագան հենց այսօրվա երիտասարդներինն է։

2021-2022 թթ. ուսումնական տարում ստացված 170 հայտադիմումների և հարցազրույցների հիման վրա շուրջ 80 ունկնդիրներ ընտրվել են համալսարանում սովորելու համար։ «Մեր որոշ ունկնդիրներ բացառապես օբյեկտիվ պատճառներով՝ օրինակ ապօրինի կալանավորման կամ «Դիմադրության» շարժմանը գերակտիվ մասնակցության պատճառով՝ չկարողացան լիարժեք մասնակցել մեր ողջ դասընթացին»,- նշել է Վ․ Գեղամյանը։

Ավարտահանդեսին ընթերցվել է Հայկական համալսարանի ուսանող, շինծու քրեական գործով ապօրինի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Գոռ Սարգսյանի նամակը. «Իմ, ձեր, մեր բոլորի ազատությունն արժեզրկվում է, երբ գիտակցում ես, որ հայրենիքդ կանգնած է լինելիության վտանգի առաջ։ Ավելի քան վստահ եմ, որ ձեր բոլորի շնորհիվ մեր դավանած արժեքները խոր արմատ են ստանալու»։ Ահավասիկ, համալսարանի շրջանավարտներ Մարիամ Մարգարյանը և Հազարավարդ Խաչատրյանը երկու հոսքերի անունից հնչեցրած իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել տրված բացառիկ հնարավորության, ստացած գիտելիքների և արժեքների ամրապնդման համար, որոնք, ինչպես նշել է Մ. Մարգարյանը, օգնում են և մշտապես օգնելու են շարժվել դեպի առաջ, դեպի սրբազան նպատակ, դեպի հավերժական Հայաստան։

Է․ Էլբակյանը նշել է, որ Հայկական համալսարանի իմաստավորման ճանապարհին իրենց համար օրինակ են ծառայել առաջին դպրապետ Մեսրոպ Մաշտոցի և միջնադարում՝ պետականության բացակայության պայմաններում, գործած հայկական վանական համալսարանները, որոնք կուտակել, ավելացրել և ավանդել են գիտելիքներ՝ պատրաստելով ամենատարբեր ոլորտների մասնագետներ։ Քաղաքագետը խոսքը եզրափակել է աստվածաշնչյան խրատով, որ կիրառվում է նաև Հայկական համալսարանի փիլիսոփայության մեջ․ «Իմաստունին բացատրի՛ր պատճառը, և նա ավելի՛ իմաստուն կլինի, սովորեցրո՛ւ արդարին, և նա կավելացնի իր ընկալումը» (Առակաց 9։9)։

Հայկական նախագիծը հիմնադրվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո՝ մի խումբ գաղափարակից ընկերների՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանի, քաղաքատնտեսագետ Հրանտ Միքայելյանի, կովկասագետ Կարեն Իգիթյանի, արևելագետ Սերգեյ Մելքոնյանի (պ.գ.թ.), թյուրքագետ Վարուժան Գեղամյանի (պ.գ.թ.) կողմից։ Կազմակերպության առաքելությունն է զարգացնել հայաստանյան մարդկային կապիտալը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում ազգային քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Կազմակերպության առաքելությունն է տարաբնույթ կրթալուսավորչական ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով զարգացնել հայաստանյան մարդկային կապիտալը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում ազգային քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ 

Միլենա Մքոյան, Հայկական համալսարանի 2021-2022 թթ. շրջանավարտ

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.