Նորություններ

Հայոց պահանջատիրության ջատագովներն անցանկալի են ՀՀ-ում

15 / 07 / 2022

Հուլիսի 13-ին արգելվել է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացրել է ինքը գործիչը` իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին: Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ… Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը` Էրտողանին եւ Ալիեւին դիմաց»[1]:

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով: Սակայն այսօր Հայաստանում նման գործիչների կարիք, կարծես, չի զգացվում, քանի որ ինչ Հայ Դատի մասին կարող է խոսք գնալ, եթե օրակարգային է Հայաստան-Թուրքիա մերձեցումը: Ամեն անգամ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շեփորահարում են «առանց նախապայմանների» կարգավորման գործընթացի մասին, պարզապես պետք է հիշել նման դրվագները և ակնհայտ կդառնա այն փաստը, որ խոսքը գնում է հայկական նախապայմանների բացակայության և թուրքական նախապայմանների լիարժեք կատարման մասին: Իսկ Սփյուռքի գործիչների դեմ արշավը, եթե տարիներ առաջ գլխավորում էին Հայաստանի արտաքին թշնամիները` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, ապա այժմնրանց շարքերն է համալրել ՀՀ դե-ֆակտո իշխանությունը: Եթե համադրենք թուրքական կողմի հայտարարությունները «Սփյուռքի՝ ՀայաստանԹուրքիա հարաբերությունները թունավորելու»[2], ՀՀ դե-ֆակտո իշխանությունների նկատմամբ «ներսում ռադիկալների և դրսում սփյուռքի ճնշման»[3], «անցյալի ստերով մխիթարող Սփյուռքի»[4] վերաբերյալ և դե-ֆակտո վարչապետի հայտարարությունը, որում վերջինս նշում է, որ «Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը եղել է Սփյուռքը»[5] և որով հակասում է իր իսկ կառավարության կողմից ընդունված 2021-2026 թթ.-ի ծրագրի բովանդակությանը[6], ապա կարելի է նկատել տարօրինակ համակարգվածություն թուրքական թեզերի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների գործելակերպի մեջև: Շատ կարևոր է նաև նշել, որ դե-ֆակտո իշխանությունների հակասփյուռքյան գործողությունների շարքն են համալրում նաև զանազան հանձնակատարների նշանակումը Սփյուռքում, որը միայն պառակտում և հերթական անջրպետն է ստեղծում հայկական գաղթօջախներում: Այսպիսով, կարելի է ասել, որ սա հստակ արշավ է ավանդական Սփյուռքի, Հայ Դատի և հայոց պահանջատիրության դեմ:

[1] Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից, https://www.facebook.com/franck.papazian/posts/pfbid05AYzZQeRP1YvV9xSQnjbMUznVHnwkgS6P8aQTwzxWyGAvcjYSfLfFqtyHLrLWSWbl(հղվել է 14.07. 2022 թ.):

[2] AK Parti Sözcüsü Çelik: Türkiye Cumhuriyeti’nin terörle mücadelesi, dünyanın en meşru mücadelesidir, https://www.aa.com.tr/tr/politika/ak-parti-sozcusu-celik-turkiye-cumhuriyetinin-terorle-mucadelesi-dunyanin-en-mesru-mucadelesidir/2491938 (հղվել է 14.07. 2022 թ.).

[3]Dışişleri Bakanı Çavuşoğlu: Ermenistan’daki yönetim, içerdeki radikaller ve dışardaki diaspora tarafından baskı altında, https://www.aa.com.tr/tr/politika/disisleri-bakani-cavusoglu-ermenistandaki-yonetim-icerdeki-radikaller-ve-disardaki-diaspora-tarafindan-baski-altinda/2592720 (հղվել է 14.07. 2022 թ.).

[4] “Türkiye ve Azerbaycan sırt sırta verdiği sürece zorlukları aşmaya, başarıdan başarıya koşmaya devam edecektir”, https://www.tccb.gov.tr/haberler/410/123134/-turkiye-ve-azerbaycan-sirt-sirta-verdigi-surece-zorluklari-asmaya-basaridan-basariya-kosmaya-devam-edecektir- (հղվել է 14.07. 2022 թ.).

[5]Սփյուռքի դերը Ցեղասպանության ճանաչման գործում. ի՞նչ է ասել Փաշինյան, https://www.youtube.com/watch?v=pHqtGEpDtKg&t=76s&t=1m48s (հղվել է 14.07. 2022 թ.):

[6] ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, https://www.gov.am/files/docs/4586.pdf (հղվել է 14.07. 2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *