Արխիվ, Վերլուծություն

Ուղիղ 103 տարի առաջ Հայաստանի և Խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրվեց համաձայնագիր

10 / 08 / 2023

Ուղիղ 103 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ​​Հանրապետության (ՌԽՖՍՀ) միջև ստորագրվեց Հայաստանի անկախության ճանաչման և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։

Նախապատմություն

1919 թվականի օգոստոսին Արցախի հայերի յոթերորդ համագումարը Ադրբեջանի ճնշման ներքո, որին բացահայտորեն աջակցում էին անգլիացիները, որոշեց ժամանակավորապես` մինչև հարցը լուծվեր Փարիզի խաղաղության կոնֆերանսում, Արցախը դիտարկել Ադրբեջանի սահմաններում։ Ադրբեջանն իր հերթին պարտավորվեց զորք չմտցնել Արցախի տարածք, չզինաթափել հայ բնակչությանը և այլն։ 1920 թվականի հունվարին Ադրբեջանն սկսեց զորք կենտրոնացնել Արցախում՝ Սյունիքից իբր սպառնալիքի պատճառով։ Փետրվարին Ադրբեջանի կառավարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Սուլթանովն Արցախի հայերից պահանջեց, որ իրենք իրենց վերջնականապես ճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Սուլթանովը խորհրդակցում էր, այսպես կոչված, «կովկասյան իսլամական բանակ»-ի հրամանատար, թուրք գեներալ Նուրի փաշայի հետ: Մեկ այլ թուրք գեներալ՝ Խալիլ փաշան, Արցախում պատրաստում էր թուրք զինյալներին, Սուլթանովն իր հերթին ինքն էր ստեղծում քրդական ստորաբաժանումներ՝ Օսմանյան կայսրության տխրահռչակ համիդյան գնդերի օրինակով: Այս ամենն, իհարկե, խախտում  էր Ադրբեջանի ու Արցախի միջև եղած 1919 թվականի օգոստոսյան պայմանավորվածությունները:

Հասկանալով, որ Ադրբեջանը մտադիր է Արցախի հարցը լուծել ռազմական ուժի միջոցով՝ ջախջախելով և արտաքսելով հայ բնակչությանը՝ Արցախի հայերի ազգային խորհուրդը պատրաստվում էր դիմադրության, սակայն ուժերն ակնհայտորեն անհավասար էին։ Մարտերը սկսվեցին 1920 թվականի մարտի 23-ի գիշերը։ Ադրբեջանական զորքերը, օգտվելով քամու ուղղությունից, հրկիզեցին Շուշի քաղաքի հայկական հատվածը և կազմակերպեցին հայ բնակչության ջարդ, որի հետևանքով գրեթե 30 հազար հայ սպանվեց կամ փախստական դարձավ։ Ադրբեջանական զորքերը մի քանի կողմերից հարձակվելով  արտաքին աշխարհից կտրված Արցախի վրա՝ բնակչության էթնիկ զտումներ իրականացրին այնտեղ, որտեղ նրանց գործողությունները հաջողությամբ պսակվեցին։ Իսկ ադրբեջանական զորքերի հաջողությունն ապահովվում էր հրետանու առկայությամբ, որն Արցախի հայությունը չուներ։

Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ Արցախ մտան Հայաստանի Հանրապետության զորքերի մի քանի ստորաբաժանումներ, ինչպես նաև Սյունիքի ջոկատներ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։ 1920 թվականի ապրիլի 23-29-ը Արցախի հայերի իններորդ համագումարը որոշեց, որ խաղաղ հայ բնակչության վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման առնչությամբ նախկին պայմանագիրն անվավեր է համարում և հայտարարեց, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է:

Կարմիրների հաղթանակը Ռուսաստանում և Ադրբեջանի խորհրդայնացումը

Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլը։ 1920 թվականի մարտի 1-ին գեներալ Դենիկինի կամավորական բանակը լքեց Դոնի Ռոստովը, իսկ մեկ ամիս անց այն ամբողջությամբ տարհանվեց Ղրիմ։ Մարտի վերջին Կարմիր բանակը վերահսկողության տակ վերցրեց Դաղստանի տարածքը։ Դենիկինի զորքերի պարտությունը տագնապալի ազդանշան էր Հայաստանի համար։ Դենիկինը և նրա՝ Հարավային Ռուսաստանի զինված ուժերը Հայաստանի դաշնակիցներն էին, իսկ բոլշևիկները, ընդհակառակը, բավականին թշնամաբար էին տրամադրված՝ Հայաստանը համարելով իրենց թշնամիների՝ «սպիտակների» և ամենակարևորը՝ «իմպերիալիստների» դաշնակիցը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն:

Դաղստանի խորհրդայնացումից հետո հերթը հասավ Ադրբեջանին։ Կարմիր բանակի ռազմական ներխուժման և բոլշևիկների ապստամբության ժամանակ Ադրբեջանի խորհրդարանը քվեարկեց իշխանությունը «կարմիրներին» փոխանցելու օգտին։ Ապրիլի 28-ին հանրապետությունում իշխանությունն անցավ բոլշևիկներին։ Սակայն Խորհրդային Ադրբեջանը շարունակեց մուսավաթական կառավարության քաղաքական գիծը՝ Հայաստանից պահանջելով զիջել Սյունիքն ու Արցախը:

Բոլշևիկները մտադիր էին ցամաքային կապ հաստատել Մուստաֆա Քեմալի զորքերի հետ, ով նույնպես իրեն «հեղափոխական» էր հռչակել և կռվել Անտանտի դեմ։ ՌԽՖՍՀ 11-րդ Կարմիր բանակի որոշակի մասեր շարժվեցին դեպի Արցախ, Սյունիք և Նախիջևան։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության զորքերը դուրս բերվեցին Արցախից։ Սյունիքում Գարեգին Նժդեհի ջոկատները շարունակում էին դիմադրություն ցույց տալ թուրք-ադրբեջանական զորքերին և Կարմիր բանակի ստորաբաժանումներին։ Նախիջևանում տեղի թուրքերը հռչակեցին Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը՝ այն հայտարարելով Ադրբեջանի մաս։

1920 թվականի մայիսին բոլշևիկները փորձեցին ապստամբություն բարձրացնել Հայաստանում, որը, սակայն, ավարտվեց պարտությամբ, ապստամբության կազմակերպիչները գնդակահարվեցին։ Ապստամբության փաստը և նրա ղեկավարների մահապատժի ենթարկվելն էլ ավելի սրեցին հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև։

1920 թվականի մայիս-հունիս ամիսներին  Ուկրաինայի տարածքում Կարմիր բանակն սկսեց լուրջ պարտություններ կրել լեհական զորքերից։ Թվում էր, թե այժմ բախվելով Անտանտի դաշնակից մեծ երկրի հետ՝ «կարմիրները» կպարտվեն, և նրանց մտադրությունները Կովկասում հնարավոր կլինի անտեսել։ Սակայն օգոստոսին իրավիճակն սկսեց փոխվել։ Լեհական զորքերը ջախջախվեցին և նահանջեցին, Կարմիր բանակը հարյուրավոր կիլոմետրեր առաջ շարժվեց։ Բացի այդ, անմիջապես Հայաստանի հարավում Կարմիր բանակը կարողացավ կապվել Նախիջևանի թուրքերի հետ։

Այս իրադրության մեջ կնքվեց Հայաստանի և ՌԽՖՍՀ-ի միջև համաձայնագիրը։

1920 թ. օգոստոսի 10-ի համաձայնագիր  

«1920թ. օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետություն)-ը՝ հանձին լիազոր ներկայացուցիչ  Լեգրանի` մի կողմից, և Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանի ու Բաբալյանի` մյուս կողմից, ելնելով Հայաստանի անկախության և լրիվ ինքնուրույնության ճանաչումից, ստորագրեցին սույն համաձայնագիրը.

1. 1920 թ. օգոստոսի 10-ի ցերեկվա ժամը 12-ից ՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված:

2. Հայաստանի զորքերը գրավում են հետևյալ գիծը. Շահթախթի-Խոք-Ազնաբյուրտ-Սուլթանբեկ և այնուհետև Կուկիից դեպի հյուսիս ու Բազարչայից (Բազարքենդ) դեպի արևմուտք ընկած գիծը, իսկ Ղազախի նահանգում` ս.թ. հուլիսի 30-ին նրանց գրաված գիծը: ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը՝ բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար:

3. Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով:

4.     Ռազմական գործողությունների դադարեցման հետ միասին կողմերը դադարեցնում են ռազմական ուժերի կենտրոնացումն ինչպես վիճելի, այնպես էլ սահմանային տարածքներում:

5. Առաջիկայում` մինչև ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը, Շահթախթի-Ջուլֆա հատվածի երկաթգծի շահագործումը հանձնվում է Հայաստանի երկաթուղու վարչությանը, սակայն այն հաշվով, որ այն չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:

6.   ՌԽՖՍՀ-ն երաշխավորում է Հայաստանի կառավարության այն բոլոր զորամասերի ազատ մուտքը (զենքով և հանդերձանքով) Հայաստան, որոնք հայտնվել են խորհրդային զորքերի գրաված գծից այն կողմ»։

Եզրակացություն

Հաշվի առնելով իրադարձությունների վերոնշյալ համատեքստը՝ պարզ է դառնում, որ Խորհրդային Ռուսաստանը չէր կարող չեզոք միջնորդ լինել Խորհրդային Ադրբեջանի և Անտանտի դաշնակից Հայաստանի միջև հակամարտությունում: Միաժամանակ Ադրբեջանը շարունակում էր իր հակահայկական քաղաքականությունը, մասնավորապես՝ Արցախում, Սյունիքում և Նախիջևանում, Քեմալի թուրք ազգայնականները պատրաստվում էին Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի։ Հայաստանում ավելի մեծ ուշադրություն էր դարձվում Սևրի պայմանագրի կնքմանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ստանար Արևմտյան Հայաստանի հողերը։

1920-ի ողբերգությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ճիշտ չեն գնահատել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, ինչի արդյունքում սխալ են սահմանել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հաշվի չեն առել, որ այն ժամանակ Հայաստանի գլխավոր դաշնակից համարվող արևմտյան երկրները չէին կարողանա կամ չէին ցանկանա  ներդրվել իրենց սահմաններից հեռու դաշնակցին աջակցելու գործին։ Միևնույն ժամանակ, թերագնահատվել է տարածաշրջանային տերությունների շահերը և նրանց պատրաստակամությունը՝ գործելու իրենց սահմաններին մոտ։ Այդ պատճառով նույնիսկ այլ ճակատներում ձախողումները չփոխեցին քաղաքականությունը և նույնիսկ չհանգեցրին Խորհրդային Ռուսաստանի կողմից ճնշման էական նվազմանը։

Հայաստանում հաճախ խոսում են անհաջող աշխարհագրական դիրքի, դաշնակիցների դավաճանության և այլնի մասին, բայց հազվադեպ են ասում, որ մենք ինքներս սխալվել ենք, սխալ եզրակացություններ ենք արել և չենք ունեցել իրավիճակը ճիշտ գնահատելու և մեր ազգային շահերին համապատասխան առաջնահերթություններ սահմանելու վերլուծական դպրոց։

 Կովկասագետ Կարեն Իգիթյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *