Հուլիսի 15-ին՝ դատարանի դահլիճում ուշագնաց լինելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծակի կորցրել է գիտակցությունը, և կարճ ժամանակ անց վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Արմեն Գրիգորյանի կյանքը չի հաջողվել փրկել:
Այս շինծու, քաղաքական ենթատեքստ պարունակող դատական գործը, որում Գրիգորյանը մեղադրվում էր իբր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեջ, մեկն է այն համաշարում, որում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները նպատակաուղղված բանտարկում, կտտանքների են ենթարկում` նաև մահվան ելքով կամ վտարում են ցանկացած հայի, ով փորձում է ընդդիմանալ դե-ֆակտո իշխանություննների օրակարգին:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 19-ին Հայաստանի Արագածոտնի մարզում արձանագրվել էր դե-ֆակտո իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաների և նրանց ազգականների կողմից գնդակահարության դեպք՝ առանձնակի դաժանության դրսևորմամբ Արցախյան պատերազմի մասնակցի նկատմամբ, որի արդյունքում քաղաքացիներից 2-ը մահացել էին, 5-ը` վիրավորվել: Հիշեցնենք նաև, որ ըստ «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Հայաստանում կան մոտ 50 քաղբանտարկյալներ` ներառյալ մինչև «Դիմադրության» շարժումը կալանավորվածները։ Իսկ հուլիսի 13-ին, արգելվել էր Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, հայկական շահի համար պայքարող ամենաակտիվ գործիչներից Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան՝ թույլ չտալով նույնիսկ դուրս գալ օդանավակայանից:
Մինչ ՀՀ դե-ֆակտո վարչապետը գոհ է բանտերի կիսադատարկությունից, ինչպես հայտարարել էր հուլիսի 1-ին, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և դատարաններում շարունակում են մահանալ քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ: Իսկ ամենաթողության հետևանքով սույն թվականի հունիսի 30-ին «Արմավիր» ՔԿՀ-ում 84 օր տևած հացադուլից մահացավ քաղաքացի Ա․ Մ․-ն, ապրիլի 26-ին սպանվեց հղի կին, հունիսի 3-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանը առևանգվեց ադրբեջանցիների կողմից: Վերջինիս խոշտանգել, ապա ետ էին վերադարձրել (այս մասին հայտնի է դարձել հուլիսի 13-ին):