Հոկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահների հանդիպմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսարանում հանդիպել է թուրքական համայնքի հետ։
Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ Չավուշօղլուն նշել է․«Երբ խոսքը գնում է Թուրքիայի մասին, պետք է ևս մեկ անգամ ցույց տանք այս միասնությունը։ ԱՄՆ-ում հիմնեցինք Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե։ Հայկական սփյուռքի՝ մեր երկրին ուղղված զրպարտությունների դեմ շատ արդյունավետ աշխատանքներ սկսեցին։ Հնարավոր ամեն ինչ անելու ենք Եվրոպայում նույնպես այս կազմակերպվածությունը ուժեղացնելու նպատակով։ Ֆրանսիայում, որտեղ 800 հազ․ թուրք է ապրում, մենք կարող ենք ավելի ազդեցիկ լինել քաղաքականության մեջ։
Ցավոք, այստեղ էլ հայկական սփյուռք կա, և այդ սփյուռքի մի մասը բարյացակամ չէ։ Նրանք դեմ են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Լավ հարաբերությունների հաստատմանը դեմ հանդես եկող, թշնամական վերաբերմունք դրսևորող մի սփյուռքի մասին ենք խոսում։ Ակնկալում ենք, որ դուք էլ ավելի կազմակերպված կարտահայտվեք այդ սփյուռքի դեմ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Լոս Անջելեսի՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն կրկին թիրախավորել էրհայկական սփյուռքին՝ ի դեմս ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայության․«Ի վերջո, որոշ քայլեր արեցինք, սակայն Հայաստանի նկատմամբ ճնշումների պատճառով վերջինս դեռ չի կարողանում մեր ուզած խիզախ քայլերն անել։ Հատկապես այն հարցերում, որոնց շուրջ բանակցում են Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է խրախուսել [Հայաստանին-խմբ․]: Ցավոք, միգուցե փոքրաթիվ, սակայն ԱՄՆ-ում ազդեցիկ ձայն ունեցող հայերի մի խումբ դեմ է այդ կարգավորմանը։ Թուրքիայի հետ կարգավորմանն էլ են դեմ։ Նրանք Հայաստանի վրա որևէ ազդեցություն չունեն։ Միշտ ատելությամբ են առաջնորդվում»։
Արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիայի պաշտոնական հռետորաբանության մեջ հաճախ են հանդիպում ՀՀ իշխանությունների՝ իբր սփյուռքի ճնշման տակ գտնվելու մասին հայտարարությունները, և հայոց պահանջատիրության կրող սփյուռքը թիրախավորվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտող գործոն։ Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները «առանց նախապայմանների», իրականում՝ թուրքական նախապայմաններով ինքնակամ բանակցությունների են գնում Թուրքիայի հետ, որի պահանջներից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելն է, բնական է, որ Թուրքիայի համար պահանջատիրության վիժեցման ճանապարհին միակ խոչընդոտը մնում են սփյուռքը և հայաստանյան ազգային ուժերը։
Ըստ էության, սփյուռքի դեմ թշնամանք սերմանող այս բոլոր հայտարարությունները բացահայտ ակնարկ են առ այն, որ եթե չլինի սփյուռքի և հայաստանյան ազգային ուժերի դիմադրությունը, այսպես կոչված հայ թուրքական և հայ-ադրբեջանական «խաղաղության» համար այլ արգելք չի լինի, քանի որ դե-ֆակտո վարչակազմը պատրաստ է ընկրկել թուրքական նախապայմանների առջև՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում։ Թեև ներկա իշխանությունների պարագայում Թուրքիայի պահանջների մեծ մասն, ըստ էության, ինքնըստինքյան բավարարված է՝ պայմանավորված նրանց և Թուրքիայի շահերի ակնհայտ համընկնումով։