Հարցազրույց

Ի՞նչ է դելիմիտացիան և դեմարկացիան

22 / 09 / 2022

Հարցազրույց ի.գ.թ., միջազգային իրավունքի գիտնական Լևոն Գևորգյանի հետ:

-Ի՞նչ է դելիմիտացիան։

-Դելիմիտացիան երկու պետությունների միջև իրավունքի սկզբունքների կամ քաղաքական որոշումների և պայմանավորվածությունների հիման վրա սահմանի անցման տրամաբանության հստակեցումն է, որին հաջորդում է դեմարկացիան, այսինքն՝ կատարված դելիմիտացիայի հիման վրա կոնկտրետ նշագծումը իրական, ֆիզիկական սահմանի վրա։

-Ի՞նչ կապ ունի դելիմիտացիան Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ո՞րոնք են Հայաստանից դելիմիտացիա իրականացնել պահանջելու իրավական հիմքերը։

-Դելիմիտացիա պահանջելու իրավական հիմքեր որևիցե կողմից չկան ու չեն կարող լինել ընդհանրապես, որովհետև սահմանի դելիմիտացված լինել կամ չլինելը իրականում չի նշանակում, որ չկան տարածքներ, որոնք անվիճելիորեն Ա պետությանն են կամ Բ պետությանն են։ Օրինակ՝ ակնհայտ է, որ անվիճելիորեն պայմանական Կապանը, Ջերմուկը և այլ բնակավայրերը Հայաստանի Հանրապետություն են։ Պայմանական երկու պետությունների միջև կարող է լինել վեճ սահմանագծի տեղակայման վերաբերյալ, օրինակ՝ մի կողմը պնդի, որ երկու պետությունների սահմանը պետք է անցնի վաղ խորհրդային սահմանով, մյուսը պնդի, որ պետք է անցնի ուշ խորհրդային սահմանով կամ միգուցե որևիցե մեկն էլ պնդի, որ առաջին հանրապետությունների սահմանագծի վրա պետք է իրականացվի։ Ամեն դեպքում անկախ նրանից, թե ինչ տրամաբանության վրա է իրականացվում դելիմիտացիան, անխուսափելիորեն կան շրջաններ, որոնք անվիճելիորեն Հայաստան են կամ անվիճելիորեն Ադրբեջան են։ Եվ այստեղ կենտրոնական խնդիրն այն է, որ ռազմական գործողություններն այս պահին տեղի են ունենում այն տարածաշրջանում, որոնք անվիճելիորեն Հայաստան են։ Պնդումն առ այն, թե երկու պետությունների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա և այդ իսկ պատճառով որևիցե պետության զինված ուժերն իրավունք ունեն պնդել, որ իրենք իրավունք ունեն տեղաշարժվել այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ, որևիցե իրավական հիմք չունի միջազգային իրավունքում և ոչ այլ ինչ է, քան պարզապես ագրեսիայի դրսևորում և հիմնավորման փորձ։

-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հրաժարվել դելիմիտացիայի գործընթացից։ Կարո՞ղ է արդյոք դելիմիտացիայի գործընթացից հրաժարվելը նոր պատերազմի պատճառ հանդիսանալ։

-Դելիմիտացիայից հրաժարվելը երբեք չի կարող պատերազմի պատճառ դառնալ իրավական տեսանկյունից։ Իրավական առումով պետությունները, ըստ այսօր գործող միջազգային իրավունքի, ունեն ուժի գործադրման իրավունք միայն երկու դեպքում։ Առաջինը ինքնապաշտպանության իրավունքն է, երբ քեզ վրա հարձակվում են, մյուսը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թողտվությունն է, երբ կա համապատասխան միջազգային կառույցի բանաձև։ Մենք, ըստ էության, գործ չունենք այս դեպքերից որևիցե մեկի հետ և պնդել, որ մի կողմը չի իրականացնում դելիմիտացիա կամ մի կողմը չի համաձայնվում կատարել պարտավորությունները՝ կլինեն դրանք բանավոր խոստումների տեսքով, թե պայմանագրից բխող պարտավորություններ։ Նման պնդումները որևիցե կերպ չեն կարող հիմնավորել կամ արդարացնել ուժի գործադրումը, որովհետև դրանք ինքնապաշտպանության իրավունքի կատեգորիայի տակ չեն ընկնում։ Պնդումը, որ մի պետություն իրավունք ունի նման համաշարում ուժ գործադրել, պատկանում է ոչ թե քսաներորդ կամ քսանմեկերորդ դարի միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ միջնադարի միջազգային հարաբերություններին բնորոշ գիծ է։

-Բացի այն հանգամանքից, որ դելիմիտացիայի մասին որոշում է կայացվել, ՀԱՊԿ անդամներից և հենց ՀԱՊԿ-ից հայտարարություններ են ուղարկվել դելիմիտացիայի գործընթաց իրականացնելու անհրաժեշտության մասին։ Խոսքեր հնչեցին նաև այն մասին, որ առանց դելիմիտացիայի գործընթացի խոսք չի կարող լինել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մասին։
Այս ամենի հետ կապված ուզում եմ պարզել, թե ՀԱՊԿ-ն ու առանձին պետություններն ինչ իրավական հիմքեր ունեն Հայաստանից դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ պահանջելու համար։ ՀԱՊԿ-ը կարո՞ղ է միջամտել այս հարցին։ Ի՞նչպես կարող է Հայաստանը միջազգային իրավունքի մակարդակով լուծել այլ պետությունների և կազմակերպությունների միջամտության հարցը դելիմիտացիայի հարցում։ 

-Դրանք իրականում ոչ թե իրավական հիմքի վրա դրված պահանջներ են, այլ ավելի շատ քաղաքական բնույթ ունեցող հայտարարություններ են։ Բնականաբար, ցանկացած նման կառույց առաջին հերթին նպատակահարմար է կարծում միջամտել այն պարագայում, երբ սահմանագծման խնդիրը հստակ որոշված է և ընդունելի է բոլոր կողմերի համար, և այդ պայմաններում հասկանալի է, թե որ շարժումները և որ ռազմական գործողությունները պետք է գնահատվեն, որպես ագրեսիա և բնականաբար արժանանան համապատասխան միջազգային կառույցի արձագանքին։ Բայց այստեղ կա նաև ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության թերացումը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ դիրքորոշում ներկայացնի առ այն, որ կան մի խումբ տարածքներ, որոնք անկախ որևէ իրավական հավակնությունների՝ անվիճելիորեն Հայաստանի Հանրապետություն են։ Այսինքն՝ եթե պետությունն ինքնին չի ներկայացրել արտաքին քաղաքական հարաբերություններում իր տիտղոսային տարածքների նույնականացման որոշակի մոդել, այսինքն՝ չի ասում, որ այս տարածքը միանշանակ Հայաստան է՝ ներկայացնելով իրավական փաստարկներ, ապա բնականաբար, պետությունն ինքը նպաստում է իրավական վակուումի ստեղծմանը։ Եվ եթե առկա է իրավական վակուում, բնականաբար, միջազգային կառույցներն էլ առավել հակվածություն կունենան ձեռնպահ մնալ միջամտությունից։

-Փաշինյանը պնդում է, որ առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է։ Հայաստանի սահմանների ո՞ր քարտեզներն են «օրինական» միջազգային իրավունքի տեսանկյունից։

-Շատ դժվար է կարճ արձագանքի տեսքով պատասխանել հարցադրմանը։ Բավականին երկար ժամանակ մեր քաղաքական պաշտոնյաները, քարտեզների վրա հղում անելով, արդարացնում էին այս կամ այն բնակավայրի իբր Ադրբեջան լինել կամ չլինելը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը, շատ ավելի խորքային խնդիր է։ Կենտրոնական խնդիրն այստեղ այն է, թե արդյոք խորհրդային սահմանների շարունակակունությունը հայ-ադրբեջանական սահմանագծման հարցում պարտադիր ուժ ունի, թե ոչ։ Դրա հետ կապված երկար կարելի է խոսել։ Ես ինքս այն կարծիքն ունեմ, որ խորհրդային սահմանները Հայաստանի Հանրապետությանը չեն կաշկանդում և ՀՀ համար պարտադիր իրավական հետևանքներ չեն կարող ունենալ կամ առնվազն պետք է դիտարկման արժանանան այն սահմանները, որոնցով Հայաստան միավորը մտել է ԽՍՀՄ կազմ որպես այդպիսին, այսինքն՝ ամենավաղ ժամանակաշրջանի սահմանները, որոնց պարագայում բնականաբար խոսքը 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին չէ, այլ 30+, այդ թվում՝ Ալ լճերի, Սյունիքի արևելյան շրջանների, Սոթքի հատվածի, Տիգրանաշենի, Ոսկեպարի, որոնք ըստ էության վաղ ժամանակաշրջանի քարտեզներով ոչ այլ ինչ էին, քան Խորհրդային Հայաստան։

Քարտեզները չեն, որ որոշում են իրավունքը։ Միջազգային իրավական սկզբունքների հիման վրա իրականացված դելիմիտացիայի և դեմարկացիայի հիման վրա է, որ գծվում են քարտեզները։ Իսկ այն քարտեզագրումը, որ իրականացվել է խորհրդային ժամանակաշրջանում, իրականում խորհրդային վարչական միավորների քարտեզագրում է, այլ ոչ թե սուվերեն պետությունների։ Ուստի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջնային խնդիրն իրավական այն չափորոշիչների հստակեցումն է, որոնց հիման վրա դելիմիտացիա և դեմարկացիա կարող է իրականացվել, իսկ քարտեզները չեն կարող ինքնին լինել այդ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերջնական հիմք, որովհետև, ինչպես ասացի, դրանք խորհրդային ժամանակաշրջանում իրականացված վարչական միավորների քարտեզագրման արդյունք են։

Հարցազրույցը վարեց Աստղիկ Ջալաթյանը

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *