Նորություններ

«Տեսանելի միջազգային մեխանիզմը»՝ դեղ՝ բոլոր ցավերի դեմ

24 / 02 / 2023

Փետրվարի 23-ին «Factor TV»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հանդես է եկել մի շարք խուսանավող և հակասական հայտարարություններով։

Հարցին, թե կարող են արդյոք վստահեցնել, որ ՀՀ-ն չի ստորագրի այնպիսի պայմանագիր, որտեղ շատ հստակ չկա հիշատակում միջազգային մեխանիզմի, Բաքու-Ստեփանակերտ խոսակցության մասին, վերջինս պատասխանել է․

  • «Առաջնայինը ոչ թե այն է, թե որտեղ է նշված միջազգային մեխանիզմը, այլ միջազգային մեխանիզմի առկայությունը։ Հնարավոր է, որ այդ միջազգային մեխանիզմը խաղաղության պայմանագրով չստեղծվի, ստեղծվի այլ հնարավոր միջազգային պայմանավորվածությունների կամ միջազգային որևէ կառույցի շրջանակներում։ Հնարավոր է այդպիսի բան»։

Ընդամենը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դե-ֆակտո ԱԽՔ-ը հայտարարեց, որ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրում» Արցախի մասին հիշատակում լինելու է՝ չնայած Բաքվի ակնհայտորեն ընդդիմացող արձագանքներին։ Հայտնի է, որ Մյունխենյան հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել արցախահայության հետ։ Դատելով դե-ֆակտո ԱԽՔ-ի՝ իր իսկ հայտարարությունների շատ դիվանագիտական խմբագրությունից՝ կարելի է ենթադրել, որ այս հարցում ևս դե-ֆակտո իշխանությունները որոշել են որդեգրել զիջումների քաղաքականությունը՝ բանավոր հավաստիացումների հիման վրա Արցախը դուրս թողնելով պայմանագրից և հետևաբար՝ որևէ ամրագրված պայմանագրային հիմք չապահովելով հարցի հետագա քննարկման ու լուծման համար։

Ալիևը այս գործընթացին վերաբերվում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրին իր պայմանները թելադրելու պրոցես։ Հայաստանի իշխանությունը պատերազմի արդյունքները ի գիտություն ընդունու՞մ է քննարկումների ժամանակ․

  • «Եթե Ալիևը համարում է, որ ինքը հաղթանակած է, ինչու՞ է իր տարածք հավելյալ երկու զորք հրավիրել։ Հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է՝ ոչ թե դու ես արձանագրել այդ պատերազմի արդյունքները, այլ ուրիշներն են արձանագրել՝ օգտագործելով Ադրբեջանը, և իրենց կողմից ընկալված պետական շահն են առաջ տարել»։

Դժվար չէ գուշակել, որ այս պատասխանը սուր ծայրով ուղղված է Ռուսաստանի դեմ՝ շրջանառելով այն թեզը, որ իրականում Ադրբեջանը պատերազմում հաղթող կողմ չէ, և ամենաշատը ստեղծված իրավիճակից շահել է Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ ԱԽ դե-ֆակտո քարտուղարի ելույթներում կարմիր թելով անցնում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում «տեսանելի միջազգային մեխանիզմի» ստեղծման մասին դրույթ ներառելու պնդումը, որի շրջանակներում Բաքուն ու Ստեփանակերտը իբրև թե պետք է քննարկեն արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերը։ Սակայն պաշտոնական Բաքուն, արձագանքելով այս հայտարարություններին, համառորեն պնդում է, որ չի պատրաստվում որևէ կերպ քննարկել արցախահայության իրավունքների հարցը և անընդունելի է համարում որևէ նման դրութի ներառումը պայմանագրում, իսր արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության։ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց արցախահայության հետ երկխոսություն վարելու, սակայն կրկին որևէ խոսք չկար «խաղաղության պայմանագրում» հիշատակելու մասին։ Այսօր արդեն ականատես ենք, թե այդ գծից ինչպես է աստիճանաբար նահանջում նաև դե-ֆակտո հայկական կողմը՝ հայտարարելով, որ հնարավոր է Արցախի մասին չհիշատակվի պայմանագրում և այդ հարցը քննարկվի «որևէ այլ միջազգային կառույցի կամ պայմանավորվածության» շրջանակներում։

Ի դեպ, փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ Արցախի ԱԳՆ-ը շեշտեց «պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի Է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը»։ Պարզ է դառնում, որ Ստեփանակերտը համաձայնություն չի տվել Բաքվի հետ ուղղակի բանակցություններին, և դե-ֆակտո իշխանությունները կրկին որոշել են վճռել Արցախի ճակատագիրը՝ առանց արցախահայության մանդատի։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *