Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մ․ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի առաջին հանդիպումը 2022 թ․ մայիսի 24-ին և պատրաստ է ամենամոտ ժամանակներում կազմակերպել երկրորդ հանդիպումը, որը կողմերի համաձայնությամբ կկայանա Մոսկվայում։ Մ․ Զախարովան նշել է, որ սպասում են հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից հանդիպման ամսաթվի առաջարկներին։
Հարցին, թե ինչպես է լուծվելու Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի խնդիրը, և արդյոք Լեռնային Ղարաբաղում անվտանգության ու սահմանների խնդիրները կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացի հետ, Մ․ Զախարովան պատասխանել է․ «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։ Հուսով ենք, որ հանձնաժողովի գործարկումը և համակարգված աշխատանքը կօգնի բարձրացնել Բաքվի և Երևանի միջև վստահությունը և կանխել միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան դժգոհություն էր հայտնել արևմուտքի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման և Բրյուսելի կողմից հայ-ադրբեջանական բանակցությունները սեփական աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու հետ կապված։