«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:
1920 թվականի հունիսի 19-ին 20-ամյա Արամ Երկանյանն իրականացրեց վրիժառուական գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ և արտգործնախարար, Շուշիի հայության ջարդարար Ֆաթալի Խան Խոյսկուն և Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովին։
1920 թ. հունիսի 19-ին Թիֆլիսի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանյանը ծպտված արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան Խոյսկին թիկնապահներով դուրս եկավ մոտակա շենքից ու առաջացավ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը և կրակոցով ջախջախեց Խան Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալվեցին նաև Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովը և ևս երկու թիկնապահ: Այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ Խան Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրին հակադարձել։ Արամը փրկվեց, սակայն վիրավորվել էր: Գործողության ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսակ Կիրակոսյանը: Մինչ այդ հայոց «Նեմեսիսը» երեք անհաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն:
Արամ Երկանյանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաև հայազգի դավաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլերյանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտավորականության ցուցակը կազմողներ Արթինին և Վահե Քիսային:
«Նեմեսիսի» ղեկավար և մտահղացող Շահան Նաթալին հենց Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին էր ընտրել երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին սպանելու համար:
Հայոց ցեղասպանության պատասխանատու այս երկու հանցագործներին Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը սպանեցին 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում: Ցեղասպանները խնջույքից հետո շքախմբով հանգիստ ճեմում էին Ջեմալ Ազմիի զբաղեցրած տան մոտակայքում, ընդ որում, նրանց հետ էր նաև մեկ տարի առաջ Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից տապալված Թալեաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:
Հետագայում իր հուշերում Արամ Երկանյանը գրել է. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ… Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թվում էր` մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:
Արամի մահացու գնդակների զոհերն էին նաև Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչները` մուսավաթականներ Ղասիմբեկովը, Սարաֆովը և Խաս-Մամեդովը, որոնց Արամը սպանեց Թիֆլիսի հրապարակում:
Արամի ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպես է բնորոշել հերոսին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցա Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր: Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ և հայու աչքերուն մեջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:
Հեղ.` Մարիամ Մարգարյան