Ազգային հերոս, ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Անդրանիկ Օզանյանի մասին գիտի գրեթե ողջ հայությունը։ Նա այն անհատներից է, ում շնորհիվ հայերը ընկալվում են ոչ միայն որպես ցեղասպանությունից փրկված բազմաչարչար ժողովուրդ, այլև բազմիցս թուրքական ուժերի դեմ հերոսական մարտեր մղած ժողովուրդ։ Անդրանիկի կյանքի պատմությունը հայի` իր իրավունքների ու արժանապատվության վերականգնման պայքարի պատմություն է։
Անդրանիկը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ մի քանի դար շարունակ թուրքական իշխանությունների կողմից մշտական ճնշումների մեջ ապրող հայերը սկսում են համակարգել իրենց ուժերը՝ մեկնարկ տալով ազգային-ազատագրական շարժմանը։
1885-ին Անդրանիկի հայրենի Շապին-Գարահիսար քաղաքում հեղափոխական շարժում է սկսվում ։ Անդրանիկը առաջիններից էր, ով գրանցվում է գաղտնի խմբում, որտեղ հայ երիտասարդներին թուրքերի և քրդերի հարձակման դեպքում ինքնապաշտպանվել էին սովորեցնում։
1895 թվականին Անդրանիկը միանում է Սերոբ Աղբյուրի ջոկատին, ով այն ժամանակների ամենավառ հայ առաջնորդներից էր։ Ժամանակի ընթացքում Անդրանիկի հեղինակությունն այնքան է բարձրանում նրա ֆիդայի ընկերների աչքում, որ Աղբյուր Սերոբի ողբերգական մահից հետո հենց նա է ընտրվում որպես նոր առաջնորդ։ Անդրանիկն ու իր մարտիկները վրեժխնդիր են լինում Աղբյուր Սերոբի մարդասպանից` թուրքական ծառայության մեջ գտնվող Բշարե Խալիլից։ Խալիլը, ինչպես նաև նրա 17 թիկնապահները սպանվում են։ Անդրանիկի և Գևորգի կողմից ոչնչացվում է նաև Սերոբին մատնած դավաճան Ավեն իր ամբողջ գերդաստանով։ Նման խիստ միջոցառումով ֆիդայիները նպատակ ունեին կանխելու ապագայում նմանօրինակ դավաճանությունները։
Անդրանիկը և Սուրբ Առաքելոց վանքի ճակատամարտը
1901 թվականին թուրքական իշխանությունները ուժեղացնում են Մուշի հայերի նկատմամբ իրենց ճնշումները ։ Պոլսո Հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը կոչ է անում հայերին լինել համբերատար, «հավատարիմ լինել իշխանություններին»։ Տեղի հայ բնակչությունը սկսում է մեղադրել ֆիդայիներին, որ նրանք լայնածավալ հեղափոխություն չեն սկսում։ Բայց հեղափոխությունը տարիների նախապատրաստություն էր պահանջում։ Այս ծանր իրավիճակում Անդրանիկն ու իր համախոհները ձեռնամուխ են լինում մի համարձակ գործողության, որը կոչված էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Արեւմտյան Հայաստանի հայության ծանր վիճակի վրա։
Մինչ թուրքական զորքերը արշավանքներ էին իրականացնում Մուշի հովիտներում, 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը Անդրանիկի գլխավորությամբ ամրանում է մոտակա Մշո Սուրբ Առաքելոց վանքում։ Տեղեկանալով այս մասին՝ թուրքերը շրջապատում են վանքը։
Մշո Սուրբ Առաքելոց վանքի ճակատամարտը Անդրանիկի կենսագրության սխրանքներից մեկն է։ Նա ցանկանում էր հույսի մի շող արթնացնել հայ ժողովրդի մեջ և ցույց տալ, որ ամեն բան կորած չէ։ Թուրքական բազմահազարանոց բանակը 24 օր շարունակ չի կարողանում կոտրել 30 հայ ֆիդայիների դիմադրությունը։ Թուրքերի բոլոր հարձակումներն անհաջող ավարտ են ունենում, նրանք մեծ կորուստներ են կրում։ Պաշարման 24-րդ օրը, երբ ֆիդայիների զինամթերքը սկսում է վերջանալ, Անդրանիկը և զինակիցները, պատսպարվելով ձյան հաստ շերտի տակ, դուրս են գալիս շրջափակումից։
Անդրանիկը և Սասունի ապստամբությունը
1904 թվականին տեղի է ունենում թուրքական լծի դեմ հայերի կողմից իրականացված ամենամեծ ապստամբություններից մեկը՝ Սասունի ապստամբությունը։ Թուրքերի և քրդերի 17 հազարանոց բանակին ընդդիմանում էին թվով 1000 հայեր (200 ֆիդայիներ, մնացածը՝ տեղի բնակիչներ)։ Սասունի լեռնային շրջանում հայերը պաշտպանություն էին իրականացնում և թուրքական զորքերի դեմ հանդուգն մարտեր էին ձեռնարկում։ Սակայն ուժերը չափազանց անհավասար էին։ Փոքր լեռնային շրջանը չի կարողանում հաջողությամբ դիմակայել թուրքական պետությանը։ Սասունի ապստամբությունն ավարտվում է պարտությամբ։
Թուրքերի հաղթանակն ուղեկցվում է զանգվածային արյունահեղությամբ և Սասունի հայ բնակչությանն ամբողջությամբ արմատախիլ անելու փորձով։ Ապստամբությունը ճնշելուց հետո Անդրանիկը լքում է Օսմանյան կայսրությունը։
Արտասահմանում գտնվելով` Անդրանիկը գրում է «Մարտական հրահանգները» գիրքը, որի վերջաբանում դիմում է հայ երիտասարդությանը.
«Չի տեսայ երկու վայր, ուր տասը-քսան երիտասարդներ քով քովի գային և բռնութեան սահմաններէն հեռու և ամէն կերպով ազատ` օտար երկիրներում մէջ մէկ-մէկ զէնք առնէին ձեռքներնին և զինավարժութեան հետեւէին. Չի տեսայ և ցաւով կ’ըսեմ ասիկա: Հապա ինչու՞ կը քննադատեն զանոնք, որ երկրին մէջ ո’չ զէնք առնելու միջոց, ո՛չ ալ վարժըւելու դիւրութիւն ունին:
Ամէն օր երեւան եկած դէպքերն ու անոնց յայտնութիւնը` մեզի բացարձակօրէն կը սորվեցնեն թէ հայը, ըլլայ Տաճկաստան, ըլլայ Կովկաս, Պարսկաստան կամ ուրիշ տեղ, իր կեանքը պահպանելու մէկ միջոց մը միայն ունի, մէկ պաշտպան մը, այն ալ զէնքն ու զինավարժութիունն է: Մարդ ո՛չ հերոս, ո՛չ ալ կռւող կը ծնի, զէնքն է որ մարդուն կռւելու ընդունակութիւն կուտայ և դիմադրութեան ոգի կըստեղծէ անոր մէջ: Անոնք որ կը սպասեն թէ` մեր նոր սերունդները առանց զէնքի ընտելանալու, առանց զինավարժութեամբ պարապելու` վաղը կռւողներ պիտի դառնան` տղայական միամտութիւննին է որ կը’յայտնեն, ուրիշ ոչինչ: Այդ կերպով` եթէ դարեր ալ սպասենք, նորէն երկչոտներ, ստրուկներ պիտի մնանք, և նորէն մեր կեանքն ու պատիւը պիտի ըլլան օտարի ձեռքի խաղալիկը»:
Անդրանիկը և Բալկանների պատերազմը
Մինչ 1912-1913 թվականներին հայ մտավորականությունը լսում էր երիտթուրքերի ելույթները` Թուրքիայում նոր ժողովրդավարական կարգերի, բոլոր հպատակների «ազատության, հավասարության և եղբայրության» մասին, Անդրանիկը Բուլղարիայում էր և պատրաստվում էր օգնել Բալկանյան երկրներին` Թուրքիայի դեմ մղվող պատերազմում։ Նա 273 հայ մարտիկներից կամավորների մի վաշտ է հավաքում, որը բուլղարական բանակի կազմում իրեն գերազանց է դրսևորում թուրքերի դեմ կռվում։ Հայկական վաշտի հրամանատարներն էին Թորգոմը, Նժդեհը, Արգամանյանը և այլք։
Բալկաններում պատերազմին նախապատրաստվելով՝ Թուրքիայում իշխանության եկած երիտթուրքերը սկսում են բանակի համար միջոցներ հայթայթելու իրենց արշավը։ Թուրքիայի հայերը մեծահոգաբար արձագանքում են նրանց կոչին և 30 հազար ֆունտ ոսկի են հավաքում։ Հայ վաճառականները, որոնք, որպես կանոն, 5 կամ 10 ոսկի էին նվիրաբերում Հայաստանի ազատագրմանը, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ոսկիներ էին տալիս թուրքական պետությանը։ Ավելին, քանի որ սուլթանի իշխանության տապալումից հետո հայերին թույլատրվել էր ծառայել բանակում, հազարավոր հայեր պատերազմում էին թուրքական բանակի շարքերում։ Կամ, ինչպես նրանք էին հավատում, հանուն «նոր Թուրքիայի», որը հայերի համար հայրենիք էր լինելու, հավասարություն էր ապահովելու և այլն։
Բոլոր թերթերը գրում էին Բալկանյան պատերազմին Անդրանիկի մասնակցության մասին։ Պատերազմում տարած հաղթանակից և բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո Կարմիր բանակի ապագա հիմնադիր Լև Տրոցկին «Անդրանիկը և նրա զորքերը» վերնագրով հոդված է գրում: «Սոֆիայում կազմավորված հայկական կամավորական ջոկատը գլխավորում էր երգերի ու լեգենդների հերոս Անդրանիկը։ Նա միջին հասակի է, գլխարկով ու բարձրաճիտ կոշիկներով, նիհար, կնճիռներով ու ճերմակած մազերով, փարթամ բեղերով ու սափրած կզակով, պատմական երկար ընդմիջումից հետո նորից իրեն վերագտած տղամարդու ոգով»,- գրում է Տրոցկին:
Անդրանիկը և Առաջին համաշխարահային պատերազմը
Այն բանից հետո, երբ 1914 թվականի հոկտեմբերին Օսմանյան Թուրքիան պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ, վերջինիս իշխանությունները սկսում են հայկական կամավորական ջոկատներ ստեղծել։ Անդրանիկը ժամանում է Կովկաս և ղեկավարում է հայկական առաջին կամավորական ջոկատը։ Նրա ջոկատը հերոսաբար կռվում է Արևմտյան Հայաստանի տարածքում՝ ազատագրելով հայկական քաղաքներն ու գյուղերը։ Հայ փախստականները սկսում են վերադառնալ Հայոց ցեղասպանության պատճառով ամայացած գյուղեր։
Բայց 1917-ին Ռուսաստանում սկսվում են նախ փետրվարյան, ապա հոկտեմբերյան հեղափոխությունները, որոնք հանգեցնում են միապետության տապալմանը և միասնական պետության կործանմանը։ Հեղափոխականները որոշում են, որ երկրում իրենց իշխանությունը պահելու համար Ռուսաստանը պետք է ամեն գնով դուրս գա պատերազմից։ Զինվորները զանգվածաբար լքում են ռազմաճակատը, 1917 թվականի դեկտեմբերին թուրքերի հետ զինադադար կնքելուց հետո ռուս զինվորները սկսում են լքել նաև Կովկասյան ճակատը։
Հայ կամավորները դառնում են հայ բնակչությանը պաշտպանող միակ ուժը։ 1918 թվականի փետրվարի վերջին թուրքական բանակը, հավաքելով Կովկասյան ռազմաճակատում առավել մարտունակ ստորաբաժանումները և խախտելով նախապես կնքված զինադադարը, անցնում է հարձակման։
Զորավար Անդրանիկը թուրքերին վանելու հույսով գնում է Էրզրում։ Սակայն տեղում պարզ է դառնում, որ հայկական փոքրաթիվ կորպուսը բավարար ուժ չունի ամբողջ ճակատը պաշտպանելու համար։ Թուրքերը պարզապես շրջանցում են դիմադրության հանգույցները և առաջ շարժվում: Շրջափակումից խուսափելով՝ հայկական ստորաբաժանումները նահանջում են՝ ծածկելով փախստականների նահանջը։ Էրզրումն ընկնում է։
Կարսի անկումը
Էրզրումի անկմանը հաջորդում է Կարսի անկումը։ Հայ կամավորական կորպուսը ենթարկվում էր Անդրկովկասյան սեյմին՝ 1917 թվականին Թիֆլիսում վրաց «մենշևիկների», սոցիալիստ-հեղափոխականների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսավաթականների մասնակցությամբ ստեղծված իշխանություններին։
Անդրկովկասի կառավարության ղեկավար Չխենկելին հայկական զորքերին հրամայում է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդունելով թուրքական կողմի պայմանները, հեռանալ Կարսից։ Թուրքական զորքերը մտնում են քաղաք։ Չնայած այն հանգամանքին, որ Անդրկովկասի կառավարությունը կատարել էր թուրքական կողմի բոլոր պահանջները, թուրքերը շարունակում են արշավանքը, և հայկական դիվիզիան նրանց ճնշման տակ նահանջում է Ալեքսանդրապոլ։
Մայիսյան մարտեր և Բաթումի պայմանագիր
Կարսի հանձնումից հետո կնքվում է զինադադար, թուրքերը այն կրկին խախտելով, հարձակվում են Ալեքսանդրապոլի վրա։ Քաղաքը գրավվում է, հայկական զորքերը նահանջում են, Անդրանիկն իր ջոկատներով նահանջում է՝ փախստականների շարասյունները ծածկելով։
Սկսվում են 1918 թվականի մայիսի հերոսամարտերը։ Հայկական զորքերը կարողանում են ջախջախիչ հարված հասցնել թուրքական զորքերին և պաշտպանել իրենց պետության գոյությունը Ղարաքիլիսայի, Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած մարտերում։ Այս հաղթանակներից մի քանի օր անց հայկական կողմը թուրքերի հետ ստորագրում է Բաթումի պայմանագիրը, որով Հայաստանին մնում է ընդամենը 1 մլն բնակչությամբ՝ 12,2 հազար քկմ տարածք (Երևանի և Էջմիածնի շրջաններ)։
Պայմանագրի ստորագրումից հետո Զորավար Անդրանիկը կարծում էր, որ Բաթումի պայմանագրով ամրագրված Հայաստանի փոքր Հանրապետության սահմանների ընդունումը վերջ կդնի Հայկական հարցին և կհաստատի Արևմտյան Հայաստանի վերջնական կորուստը՝ հանուն որի ազատագրման նա պայքարել էր իր ողջ հասուն կյանքում:
Անդրանիկն իր զորքով գնում է Սյունիք, որտեղ ջախջախելով թուրք-ադրբեջանական ավազակախմբին, դրանով իսկ նախաձեռնում է Սյունիքի ինքնապաշտպանությունը, որը հետագայում գլխավորում է Գարեգին Նժդեհը։ Այնուհետեւ Անդրանիկը գնում է Նախիջևան՝ այն հռչակելով Խորհրդային Հանրապետության մաս։ Նա այդ քայլին գնում է ելնելով այն բանից, որ Հայաստանի իշխանությունները, Բաթումի պայմանագրին համապատասխան, հրաժարվել էին Նախիջևանի նկատմամբ իրենց ունեցած իրավունքներից։ Այնուհետև նրա ջոկատները մտնում են Իրանի տարածք՝ փրկելով հայերին Իրանի տարածքով շարժվող թուրքական զորքերից։ Եվ ահա այստեղ Անդրանիկն մասնակցում է փախստականների դուրսբերմանը` հետ նահանջելով Սյունիք։ 1918 թ․ դեկտեմբերի 1-ին Անդրանիկը, անսալով Արցախի հայերի խնդրանքին, արշավանք է սկսում դեպի Շուշի՝ ազատագրելով Աբդալլարը (Բերձոր) և հարակից գյուղերը։ Արշավանքը, սակայն, անգլիացի իմպերիալիստների ադրբեջանանպաստ քաղաքական խաբեության պատճառով կիսատ է մնում ։
1919 թվականի ապրիլին Անդրանիկը զորացրում է իր ջոկատը և հեռանում Հայաստանից։ 1922 թվականից Անդրանիկը տեղափոխվում է ԱՄՆ՝ Ֆրեզնո։ Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, նրա վերջին խոսքերն էին. «Գործս կիսատ մնաց…»:
Էլեոնորա Սարգսյան