Կրկին քննարկման կիզակետում են հայտնվել Ամուլսարի հանքի շահագործումն ու տխրհռչակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Շատ են ռիսկերը, մութ կետերը, որոնց վերաբերյալ երաշխիքներ և պարզաբանում չի տրվում դե-ֆակտո իշխանությունների կողմից: Միայն խոսվում է չարչրկված տնտեսական աճի մասին:
«Հայկական ալիք»-ը հարցազրույց է վերցրել միջազգային ընկերությունում գլխավոր ինժեներ, «Ереванский урбанист» տելեգրամյան ալիքի խմբագրից: Զրուցակցի անունը չենք նշի իր իսկ ցանկությամբ:
–Փետրվարի 22-ին ՀՀ դե-ֆակտո կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այսպիսով, Ամուլսարի հանքը կրկին կսկսի շահագործվել։ Հայտնի դարձավ, սակայն, որ կառավարությունը ստանալու է նոր ընկերության 12.5 %-ը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան։ Արդյոք այստեղ կոռուպցիա չկա՞:
2018 թվականին Հայաստանի գործող կառավարությունը 0,5 մլն դոլար է ծախսել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Լիդիան ընկերության նախագծային փաստաթղթերի միջազգային գնահատման համար։ Փորձաքննությունը եզրակացություն է տվել հանքավայրի շահագործման աննպատակահարմարության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության վերաբերյալ: Այս ժամանակահատվածում հանքի արդյունահանման մեթոդների կամ ծավալների փոփոխություն տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ հաշվի առնելով 2018 թվականի փորձագիտական հաշվետվությունը՝ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է դիմում ուղարկի ՀՀ դատախազություն՝ կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն նախաձեռնելու համար։
Հարկ է նշել բաժնետերերի մասին, այն պաշտոնյաների, որոնք հաշվառվելու են առանձին իրավաբանական ընկերությունում և ներկայացնելու են պետության շահերը՝ ստանալով բարձր աշխատավարձեր և արտոնություններ։ Թերևս իմանալով Լիդիանում պետության ներկայացուցիչների (բաժնետերերի) ազգանուններն ու աշխատավարձի չափերը՝ մենք կարող ենք ասել, որ այս անձինք, ինչպես ոչ ոք, շահագրգռված են հանքի կառուցմամբ։
Այդ 12,5%-ի հետ կապված ստեղծվում է զարմանալի պատմություն. Հայաստանի Հանրապետությունը դառնում է Լիդիանի բաժնետեր: Սա նշանակում է, որ պետությունը ոչ միայն ստանալու է շահույթի իր 12,5%-ը, այլև իր վրա է դնելու ընկերության գործունեության բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ բանկային պարտավորությունները։ Պատկերացրեք, որ վաղը ցիանիդով պլատինը ճեղքվելու է, և տարածաշրջանում էկոլոգիական աղետ է լինելու։ Եվ ստացվում է հետևյալը, որ Հայաստանի դատախազությունը դատի է տալիս Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի շրջակա միջավայրին հասցված վնասի համար… Պարադոքս: Կամ ստեղծվում է էկոլոգիական աղետ, հանքում բոլոր աշխատանքների դադարեցում և այլն: Այդ դեպքում Հայաստանի կառավարությունը երկրի բյուջեից պետք է վերադարձնի բանկից վերցված վարկային միջոցների 12,5 %-ը։ Հնարավոր է, որ պետական բաժնետիրոջ առկայությունն ուղղակիորեն կարող է ազդել հանքի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վերահսկողության արդյունքների վրա:
–Դե-ֆակտո էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ազդակիր համայնքներում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու և էական տնտեսական աճ է ապահովելու ոչ միայն մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար, ինչպես նաև նշում է, որ «Լիդիան Արմենիայի» աշխատանքը Հայաստանի ՀՆԱ–ն կավելացնի մոտ 1%-ով: Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ այս ամենից:
Դա պարզապես բառախաղ է, գեղեցիկ ու չհաստատված թվեր՝ բնակչությանը հիմարացնելու համար։
Եթե Քերոբյանը չի կարողանում ստույգ թվեր ներկայացնել պետության ստացած եկամուտների հաշվարկման համար, ապա ինչպե՞ս կարող է կանխատեսել ՀՆԱ-ի 1 %-ը։ Ընդ որում՝ նրա ձեռքում են բոլոր նախագծային փաստաթղթերը և անհրաժեշտ բոլոր գնային ցուցանիշները։
Ո՞րն է անհեթեթությունը: Անհեթեթությունը նախագծի հիմնական ցուցանիշների տրամադրման բացակայությունն է, թե քանի՞ դոլար կգնա պետական գանձարան (բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո), քանի՞ տարի է շահագործվելու հանքը, աշխատանքն ավարտելուց հետո հանքի պահպանումն ու սպասարկումը ո՞ւմ հաշվին է իրականացվելու:
2017 թվականին PARA TV-ի լրագրողները փաստագրական հետաքննություն էին հրապարակել Լիդիան ընկերության և Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ։ Ըստ դրա՝ հանքի շահագործման ժամկետը 10 տարի է: Պետության եկամուտը շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար կազմում է 489 միլիոն դոլար: Այսինքն՝ դա տարեկան 48,9 մլն դոլար է, ինչը 2 անգամ պակաս է Քերոբյանի ցուցանիշներից։
2017-2023 թվականներին ոսկու համաշխարհային գներն աճել են, բայց ոչ թե 2.0 անգամ, այլ 1.4 անգամ ։ Բացի այդ, պետք է նվազեցնել Լիդիան ընկերության՝ լոգիստիկայի, շինանյութերի, աշխատուժի և այլ ծախսերի ավելացված գները։
PARA TV-ի նույն հետաքննության մեջ ասվում է, որ 2009-ին Լիդիանը հայտնել է Ամուլսար լեռան 17 տոննա ոսկու պաշարների մասին, այնուհետև այդ թիվը հասել է 53 տոննայի, իսկ 2017-ին ծավալը հասել է 70 տոննայի։ 2023 թվականի համար Լիդիանի կայքում արդեն խոսվում է 73,7 տոննա ոսկումասին։ Այսինքն՝ մենք ունենք 2017 և 2023 թվականների ոսկու ծավալների նույն ցուցանիշները, բայց շահույթի տարբերությունը գերագնահատված է 2.0 անգամ։ Եվ այս ամենը կրկին կասկածիտակ է դնում էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցված տնտեսական ցուցանիշների գնահատականը։
Եվ գլխավոր հարցերը, որի մասին լռում են Լիդիանը և Հայաստանի կառավարությունը՝ 7-10 տարիանց՝ բոլոր աշխատանքների ավարտից հետո, ո՞վ է վերահսկելու Ամուլսարի պոչամբարը և մաքրման կայանները, որքա՞ն կարժենա ցիանիդային ավազանի պահումն ու սպասարկումը, թափոնների մաքրման, արտանետման և օգտագործման աշխատանքները:
Հարցն այն է, թե ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը տեսնում Ամուլսարի վիճակը 10-20 տարի հետո, ի՞նչ են պատրաստվում ներկայացնել, մենք այդ հողերը վերամշակելու՞ ենք, թե՞ դա լինելու է օտարման գոտի։
Լիդիանն իր բաժնետերերի հետ գնալու է, իսկ մենք մնալու ենք այդ խնդրի հետ մենակ և մի քանի անգամ ավելի շատ միջոցներ ենք ծախսելու անպիտան հողերի վերամշակման համար։
–Ասում են, որ հանքի շահագործումը Հայաստանի համար կունենա նաև անվտանգային նշանակություն: Որքանո՞վ է սա իրատեսական:
Տնտեսական անվտանգության մասին խոսքերը սուտ են։
Մեզ մոտ Grand Tabacco-ն 2021 թվականին վճարել է ավելի քան 100 մլն դոլար (42,1 մլրդ դրամ) հարկ։ Բարձր հարկային վճարներով այնպիսի ընկերությունները, որոնք չեն զբաղվում օգտակար հանածոների արդյունահանմամբ, Հայաստանում մեծ թիվ են կազմում։ Այսպիսով, եկեք ներդրումներ կատարենք դրանց մեջ և սուբսիդավորենք դրանք, առաջարկենք նրանց բարելավված պայմաններ՝ արտադրությունն ու վաճառքն ընդլայնելու համար:
Խոսելով ստացված շահույթի մասին՝ չի կարելի չնշել նաև կորուստների մասին։ Ամուլսարում ոսկու արդյունահանումը բացասական ազդեցություն կունենա Դիլիջանի զբոսաշրջային բիզնեսի, մրգերի, բանջարեղենի, գինու և հանքային ջրի արտահանման վրա։ Էկոնոմիկայի նախարարությունը կարո՞ղ է մեզ թվեր տրամադրել բիզնեսի այս ուղղություններում հարկային հատկացումների վերաբերյալ այժմ և 20 տարվա հեռանկարում:
Մեր թշնամիներն արդեն ամեն կերպ բարձրաձայնում են Ամուլսարի էկոլոգիական աղետի մասին, և իրենք էլ լինելու են մեր երկրի և մեր արտահանման արտադրանքի հակագովազդային քարոզիչները։
Հաշվի առեք նաև, թե որքան խմելու ջուր է սպառվելու գործարանի արտադրական նպատակների համար: Ջուր, որը չի մտնի երկրի ջրամբարներ։ Իսկ ջուրն ավելի թանկ է, քան ոսկին:
Նոր աշխատատեղերի ստեղծման շրջանակներում անվտանգության մասին խոսելն անտեղի է։ Հանքի շահագործման ավարտից հետո՝ 7-10 տարի անց, ինչո՞վ են զբաղվելու այդ մարդիկ: Թեղուտի պատմությունը մեզ ոչինչ չի՞ սովորեցրել: Կոմբինատը փակել են, մարդկանց հեռացրել են աշխատանքից։ Տեղի բնակչությունը մնացել է առանց աշխատանքի, առանց հողի և անտառի՝ ստանալով թունավոր թափոնների հսկայական ավազան (պոչամբար), խմելու աղտոտված աղբյուրներ, փոշի և ուռուցքային հիվանդությունների աճող մակարդակ:
2022 թվականի նոյեմբերին նախարար Քերոբյանը հայտարարեց երկրում աշխատուժի սուր պակասի, 2023 թվականի համար տարբեր ոլորտներում 30 000 թափուր տեղի մասին։ Հիմա Քերոբյանի ո՞ր խոսքերին պետք է հավատանք։
Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հիմքը Սիսիանից Մեղրի ավտոմայրուղու կառուցումն է՝ 1-ին կամ 2-րդ կարգի ավտոճանապարհ՝ առանց ոլորանների և կտրուկ վերելքների, թունելների և կամուրջների համալիրով: Այդ մասին պետք է մտածել։
–Վերջ ի վերջո բնապահպանական տեսանկյունից հանքի շահագործումը ի՞նչ ռիսկեր կարող է ստեղծել:
Դա բնապահպանական աղե՛տ է:
Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական վտանգի մասին տասնյակ եզրակացություններ կան, որոնք գրվել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնագետների կողմից։
Իմ կողմից միայն ուզում եմ ընդգծել, որ Ամուլսարի շահագործումը կոչնչացնի երկրի խմելու ջրի հիմնական աղբյուրները։ Սարերից «թթվային գետեր» կհոսեն դեպի բոլոր տեսակի ստորգետնյա աղբյուրներ, գետեր, այդ թվում՝ Սևանա լիճ և հարակից ջրամբարներ։
Ամուլսարում կառուցվում է ցիանիդային լցակույտի ավազան՝ 300 մլն տոննա ծավալով, 80 մետր բարձրությամբ։ Դա կլինի սար՝ քիմիական տարրերի և միացությունների բոլոր հնարավոր կոնցենտրացիաներով։
Ամուլսար լեռան մի կողմում գտնվում է Որոտան գետը, որը հատում է Սյունիքն ու թափվում Արաքս գետը, մյուս կողմում՝ Արփա գետը, որը հատում է Արենին և թափվում Սևան։ Հիմա ինքներդ եզրակացություններ արեք երկրի գյուղատնտեսական ոլորտի ապագայի և այս շրջաններում ապրող մարդկանց կյանքի մասին:
Ջերմուկի առողջարանների մասին կարող ենք մոռանալ։ Ամուլսարը Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Քաղաքն ինչպես աշխատանքների ընթացքում, այնպես էլ դրանից հետո ծածկված կլինի փոշով։ Խմելու աղբյուրները աղտոտվելու են, ինչը կհանգեցնի քաղցկեղով հիվանդների թվի ավելացմանը։ Մեր հայտնի հանքային ջրերը աղտոտվելու են, քանի որ դրանց հիմքը անձրևաջրերն են, որոնք խառնվելու են հանքավայրի թունավոր լցակույտերի հետ։
Այս ամենին ավելացրեք նաև սեյսմավտանգ գոտու առկայությունը: Փաստ չէ, որ ցիանիդային լողավազանի կառուցվածքը ճաք չի տա կամ չի փլուզվի ցնցումների ժամանակ։
Հիշե՛ք, թե ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ կենցաղային մակարդակով հնչեց Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարվածելու հարցը, որը կարող է հեղեղել Ադրբեջանի տարածքի կեսը։ Այսպես, Ամուլսարի այս ցիանիդային ավազանն էլ դառնալու է մեր «աքիլեսյան գարշապարը»։
Ամուլսարում ոսկու արդյունահանումն իրականացվելու է ցիանապատման մեթոդով։ Ստորև ներկայացված են այն հանքերը, որոնք օգտագործել են ոսկու արդյունահանման այս մեթոդը: Եվ «Լիդիան»-ի նման ընկերություններն ու նույն պաշտոնյաները ժամանակին անվտանգության երաշխիքներ էին տալիս տեղի բնակչությանը, սակայն դա չփրկեց տեղական ջրամբարներ ցիանիդի արտանետումից։
- 1991-Սամմիթվիլլ, ԱՄՆ
- 1980 – Թեդի, Գվինեա
- 1995-Օմայ, Գայանա
- 1998 թ. – Կումտոր, Ղրղզստան
- 2000-Բայա Մարե, Ռումինիա
- 2000-Տոլուկումա, Գվինեա
- 2018-Սան Դիմաս, Մեքսիկա
- 2022 – Ջիենգու, Կամերուն
Ամուլսարը սեփական ձեռքերով սեփական երկրի ոչնչացումն է՝ հանուն անդրծովյան գաղութարարների «փայլուն ուլունքների», ինչպես 19-րդ դարում երրորդ աշխարհի երկրներում էր լինում։
Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը