Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային Amnesty International կազմակերպությունը 2022 թ. ապրիլից հունիս ամիսներին իրականացրած հետաքննությունների հիման վրա եզրակացրել է, որ Ուկրաինան խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և վտանգում քաղաքացիական բնակչությանը՝ քաղաքացիական օբյեկտները վերածելով ռազմական թիրախների:
Մասնավորապես, ուկրաինական ուժերը հիմնել են բազաներ և գործարկել ռազմական համակարգեր բնակելի թաղամասերում, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում:
«Մենք փաստագրել ենք օրինակներ, որ ուկրաինական ուժերը խաղաղ բնակիչներին վտանգի են ենթարկում և խախտում պատերազմական օրենքները՝ գործելով բնակեցված տարածքներում», – ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը, հավելելով, որ «պաշտպանական դիրքում» գտնվելը չի ազատում ուկրաինացի զինվորականներին միջազգային մարդասիրական իրավունքը հարգելուց:
Ընդ որում, ընդգծվում է, որ բնակելի թաղամասերի մեծ մասը գտնվում են առաջնագծից կիլոմետրերով հեռու և Ուկրաինայի համար հասանելի են կենսունակ այլընտրանքներ, ինչպիսիք են ռազմաբազաները, մոտակայքում խիտ անտառապատ տարածքները կամ բնակելի տարածքներից ավելի հեռու գտնվող այլ կառույցներ, որոնք չեն վտանգի քաղաքացիական անձանց: Մինչդեռ չկան տեղեկություններ, որ ուկրաինացի զինվորականները խնդրել կամ օգնել են քաղաքացիական անձանց տարհանել մոտակա շենքերից՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:
Կարող ենք արձանագրել, որ Ուկրաինայի նկատմամբ քննադատությունները Եվրոպայից նոր թափ են առնում, և «հանուն Ուկրաինայի» պայքարը սկսում է ճեղքեր տալ` վերածվելով երկարատև քայքայիչ պատերազմի և վտանգելով դառնալ նաև եվրոպական հասարակության հիմնական բաժանարար գծերից մեկը: Այս մասին կարող եք կարդալ Հայկական ալիքի ինֆոգրաֆիկա բաժնում: