Նոյեմբերի 8-ին Շուշիի` թշնամուն հանձնման երկրորդ տարելիցի օրը, Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշիում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական երկրի ղեկավարի ելույթի հիմնական թեզերը համապատասխան մեկնաբանությամբ։
- «Մենք սերտ հարաբերություններ հաստատեցինք մուսուլմանական երկրների հետ և կարողացանք նրանց բացատրել, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհի դեմ։ Մզկիթները ավիրողը չի կարող մտերիմ լինել մուսուլմանական երկրների հետ»։
Սա մուսուլմանական աշխարհում Հայաստանի նկատմամբ թշնամանք սերմանելու Ադրբեջանի ոչ առաջին, սակայն լիովին անհիմն փորձերից է։ Հայաստանն ունի մուսուլմանական, մասնավորապես` արաբական աշխարհի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների բազմամյա, եթե ոչ՝ բազմադարյա պատմություն և նրանց հետ ընդհանուր շահեր է կիսում։ Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի օկուպացիայից հետո ադրբեջանական պաշտոնական հակահայ քարոզչության ուղղություններից մեկն իբրև թե մշակութային վանդալիզմի մեղադրանքն է, մինչդեռ հետևողական մշակութային վանդալիզմ է իրականացնում Ադրբեջանը՝ հիմնահատակ ոչնչացնելով և պղծելով հայկական հնագույն մշակութային ժառանգությունը, օրինակ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ Ժամ եկեղեցիները, Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին և այլն։ Հատկանշական է, որ հայկական կողմը Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների հիմնահատակ ավերման փաստը միջազային հարթակում չի շահարկվում «քրիստոնեական աշխարհի դեմ ագրեսիվ քաղաքականության» համատեքստում։
- «Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը։ Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժերը և շրջանակները, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ»։
Այսպես կոչված «ռևանշիստական ուժերը», որի տակ նկատի են առնվում ազգային ուժերը, որոնք չեն համակերպվել Արցախի 75 %-ի օկուպացիայի և երկրում իշխող ապազգային իշխանությունների հակահայ քաղաքականության հետ, արդեն 2 տարի է՝ ակտիվորեն թիրախավորվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ որպես մեզ պարտադրվող թուրք-ադրբեջանական պայմաններով «խաղաղությանը» ընդդիմացող տարր։ Ակնհայտորեն, այս ուժերի առկայությունը անհանգստացնում է թշնամական երկրներին, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմանների առջև ընկրկող իշխանությունների պարագայում Հայաստանի լիակատար ոչնչացման ճանապարհին միակ խոչընդոտը մնում են հենց Սփյուռքը և հայաստանյան ազգային ուժերը։
- «Կարող եմ ասել, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր զինված ուժերը ավելի են ուժեղացել։ Ամենաբարձր մակարդակով իրականացվում են ինչպես կառուցվածքային բարեփոխումները, այնպես էլ նոր կազմավորումների ստեղծումը, ինչպես նաև գոյություն ունեցող կազմավորումների թվի ավելացումը, սպառազինությամբ և զինամթերքով զինելը։ Ներկայիս ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջվա ադրբեջանական բանակը, և դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանը և բոլորը»։
Պատերազմի ավարտից հետո էլ «խաղաղության» գնացող Ադրբեջանը շարունակում է անթաքույց զինվելու բարեկարգել բանակը՝ անընդհատ շեշտելով ուժի կարևորության մասին՝ միաժամանակ պահանջելով հայկական բանակի կազմալուծում։ Այսօր ականատես ենք, թե ինչպես են դե-ֆակտո իշխանություններն աստիճանաբար կյանքի կոչում թուրք-ադրեջանական պահանջները՝ զանազան ապազգային օրինագծերի միջոցով հետևողականորեն քայքայելով բանակը և թունավորելով հարաբերությունները հիմնական զենք մատակարարող դաշնակիցների հետ։ Արդեն իսկ ադրբեջանական հիմնական պահանջներից մեկը՝ Արցախից զորքերի դուրսբերումը իրականացվել է՝ որպես Արցախի անվտանգության միակ երաշխիք թողնելով ռուս խաղաղապահներին, որոնք էլ պարբերաբար թիրախավորվում են դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Այսպիսով, մենք` ավելի ու ավելի ռազմականացվող և ամեն վայրկյան Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող Ադրբեջանի կողքին ունենք անպաշտպան Արցախ և հետևողականորեն թուլացող ՀՀ ԶՈՒ։
- «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը Հայաստանը չպետք է մոռանա, և նրանք պետք է իմանան, որ կրակի հետ խաղալն իրենց թանկ կարժենա։ Եթե այնտեղ ինչ-որ մեկը՝ լինի իշխանությունը, ընդդիմությունը, թե դրսից ուղարկված կամ վերապատրաստված ինչ-որ տարր, նորից մտադրություն ունենա մեր դեմ ինչ-որ վատ գաղափար ունենալ, նա նորից կտեսնի մեր բռունցքը, և դա ցույց է տվել վերջին երկու տարվա պատմությունը։ Ղարաբաղը մեր հողն է։ Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է նրանց ժամկետը, և եթե նրանք հույսը դնեն ինչ-որ մեկի վրա, նրանց, այնուամենայնիվ, ողբերգություն է սպասում»։
Սա պետության ղեկավարի կողմից բացահայտ սպառնալիք է ուղղված երկրին, որի հետ նա գտնվում է հարաբերությունների կարգավորման գործընթացում և պատրաստվում է ստորագրել «խաղաղության» պայմանագիր։ Սա վկայությունն է նրա, որ ոչ մի պայմանագիր չի երաշխավորելու խաղաղություն Հայաստանի ու Արցախի համար, քանի դեռ չկա ազգային իշխանություն և ուժեղ բանակ: Թշնամու ծրագրերի մեջ ինքնիշխան Հայաստանն առհասարակ չի մտնում, առավել ևս՝ Հայաստանի հետ խաղաղությունը։ Ինչ վերաբերվում է խաղաղապահներին, ապա Ադրբեջանական հետորաբանությունից պարզ է դառնում, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի լրանալուց հետո Ադրբեջանն ամենկերպ խոչընդոտելու է ժամկետի երկարաձգմանը։ Այսօր դե-ֆակտո իշխանությունների ՌԴ խաղաղապահներին թիրախավորող հռետորաբանությունից կարելի է ենթադրել, որ այդ ճանապարհին Ադրբեջանը խոչընդոտների չի հանդիպի։
- «Ուզում եմ կրկնել, որ այս պարտավորությունը դեռ ամբողջությամբ չի կատարվել։ Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում: Մեր համբերությունն անսահմանափակ չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։ Հայաստանը պարտավորվել է նաև ճանապարհային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկու տարի է անցել, ո՛չ տեխնիկատնտեսական հիմնավորում կա, ո՛չ շարժ կա, ո՛չ երկաթուղի , ո՛չ ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Ալիևի ամբողջ ելույթն, ըստ էության, Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների շղթա է։ Անհրաժեշտ է շեշտել, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն պայմանագրի մեջ խոսք չի գնում միջանցքային տրամաբանությամբ որևէ երթուղու մասին։ Ուստի, դատելով «Հայաստանը պարտավորվել է» արտահայտությունից, կարելի է եզրակացնել, որ հերթական բանավոր պայմանավորվածությունն է եղել դե-ֆակտո իշխանությունների կողմից, որոնք, սակայն, ազգային ուժերի ճնշման ներքո խուսափում են այդ դավադիր պայմանավորվածության կատարումից։ Արդյունքում Ադրբեջանը սպառնում է իր նպատակն իրականացնել ուժի կիրառման միջոցով։
- «Սեպտեմբերի 13-14-ի դեպքերը հենց այնպես չեն եղել․․․ Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ առանցքային ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն են։ Նշածս բարձունքներից երևում է Հայաստանի դիրքերի մեծ մասը, և եթե այնտեղ ուժերի կենտրոնացում լինի, մենք դա կտեսնենք և անհապաղ միջոցներ կձեռնարկենք»։
Մինչ դե-ֆակտո ԳՇ պետը հայտարարում է, թե իբրև ադրբեջանական զորքերը լքել են Ջերմուկի մատույցները, թշնամին հայտարարում է, որ վերահսկում է Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները և բացահայտ սպառնում ցանկացած պահի կրակ բացել հայկական բնակավայրերի և դիրքերի վրա, ինչի համար կեղծ առիթ գտնելը դժվարություն չի ներկայացնում ամենօրյա կարգով ապատեղեկատվություն տարածող Ադրբեջանի համար։ Իսկ դե-ֆակտո իշխանությունների թշնամուն համարժեք ուժի կիրառման միջոցով առանցքային բարձունքներից ետ շպրտելու փոխարեն հանդես են գալիս անհասցե և վերացական կոչերով։
- «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկայիս շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ մեկից չենք վախենում։ Եթե մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։ Այստեղ հիմնական խոսքը, հիմնական իշխանությունը մերն է։ Եթե պետք լինի, էլի [ուժ] ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք, սա գիտեն բոլորը, սա պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»։
Այս անուղղակի ակնարկը ուղղված է Իրանին, որը վեջին շրջանում պաշտոնական գրեթե բոլոր մակարդակներով հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրանը հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին, Ադրբեջանը նոյեմբերի 2-ին մեկնարկեց լայնածավալ զորավարժություններ հարավային հատվածներում՝ Իրանի հետ սահմանին։ Բացի այդ՝ Իրանական Ատրպատականում վերջերս գլուխ են բարձրացրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ռադիկալ անջատողական ուժերը, որոնք հանդես են գալիս «Ադրբեջանի հետ միավորման» պահանջով։ Նման համարձակությունը տեղիք է տալիս ենթադրելու, որ «մեծ եղբայրը»՝ Թուրքիան, երաշխիքներ է տվել Ադրբեջանին, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը չէր համարձակվի ատամ ցույց տալ Իրանին։
- «Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմանների հիման վրա։ Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի»։
Ըստ էության, Ալիևը հայտարարում է, որ իր համար միակ ընդունելի խաղաղությունը ադրբեջանական պայմանների վրա հիմնված խաղաղությունն է, ուստի Ադրբեջանի հետ կնքված ցանկացած պայմանագիր հերթական պարտությունն ու կապիտուլյացիան է լինելու Հայաստանի համար։
Արփի Մադոյան