Նորություններ

Արցախի ճակատագիրը Հայաստանի հետ չի քննարկվելու

17 / 11 / 2022

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը բացի Ադրբեջան-ԵՄ հարաբերություններից, անդրադարձ է կատարել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին․

• «Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Այս մասին ոչ միայն խոսվում է, այլեւ ստորագրվել է Պրահայում ու Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ, նրանք ցանկանում են խաղաղության համաձայնագրի մեջ մտցնել Ադրբեջանում հայ փոքրամասնությանը վերաբերող հարցերը։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի»։

• «Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե հենց նոր նշածս որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես արդեն ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այս հարցում»։

Եթե համեմատելու լինենք վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի և ՀՀ դե-ֆակտո վարչակազմի ներկայացուցիչների հռետորաբանությունը, ապա կտեսնենք, որ կողմերը համակարծիք են մի շարք հարցերում։ Օրինակ՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մեջ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիշատակում բացակայության մասին։

Հիշեցնենք․ որ հոկտեմբերի 14-ին ՀՀ դե-ֆակտո ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը «CIVILNET» լրատվականի հետ հարցազրույցում նշել էր․ «Հիմա մենք փորձում ենք տարանջատել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղության պայմանագրի գործընթացից, բայց դրա համար երաշխիքներ են անհրաժեշտ։ Առանց երաշխիքների՝ հնարավոր չի լինելու խաղաղության պայմանագրում այն չարտացոլել։ Եթե Հայաստանը տեսնի, որ կան այդպիսի երաշխիքներ և քննարկումներ են տեղի ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև, և դրանք միջազգային հանրության մասնակցության և միջազգային երաշխիքների շրջանակներում են տեղի ունենում, այդ դեպքում մենք կշարժվենք առանց Լեռնային Ղարաբաղի մասին խաղաղության պայմանագրում նշում կատարելու»։

Ինչպես հասկանալի է դառնում այս հայտարարությունից, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պատրաստ են թողնել Արցախը միայնակ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ` ինչ-որ անհասկանալի և անկայուն երաշխիքների դիմաց: Սակայն եթե դե-ֆակտո իշխանությունները, ի դեմս դե-ֆակտո ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի, պնդում են, որ Արցախյան հարցը դուրս կթողնեն պայմանագրից դեռևս անհայտ «միջազգային երաշխիքների առկայության պարագայում», ապա թշնամական պետության ղեկավար բացահայտ հայտարարում է, որ այդ հարցն ուղղակի լուծված է, և Ադրբեջանը չի պատրաստվում քննարկել արցախահայության իրավունքների ու անվտանգության հետ կապված որևէ հարց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ, սակայն իբրև թե պատրաստ է այն քննարկել արցահայության հետ։ Հիմա Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունների կործանարար թեզը առաջ են տանում նաև դե-ֆակտո իշխանությունները՝ դեմ առ դեմ թողնելով Արցախը թշնամական պետության հետ։ Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում արցախահայության հետ քննարկել որևէ իրավունքի և անվտանգության հարց, և այն րոպեից, երբ դե-ֆակտո իշխանությունները կկնքեն կապիտուլյացիոն պայմանագիրը, որի մեջ Արցախի մասին ոչ մի բառ լինի, Արցախի ու արցահայության ապագայի հարցը մեկընդմիշտ կփակվի։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *