Վերլուծություն

Ի՞նչ է պետք իմանալ Ալիևի վերջին ելույթի մասին

17 / 06 / 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 16-ին ելույթ է ունեցել «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Հայկական ալիքն» առանձնացրել է թշնամական երկրի ղեկավարի՝ մեզ համար առավել մեծ կարևորություն ունեցող հատվածները՝ համապատասխան վերլուծությամբ։

■ «Ադրբեջանն իր կողմից արդեն ստեղծել է խաղաղության պայմանագրի հանձնաժողով, և մենք սպասում ենք նույն գործողությանը Հայաստանի կողմից։ Հենց այդ քայլը արվի, և եթե այդպիսի քայլ արվի, կսկսեն բանակցությունները»։ – Հաշվի առնելով ուկրաինական դեպքերով պայմանավորված՝ արևմտյան աշխարհի աչքում իր մեծացած կարևորությունը՝ Ադրբեջանը փորձում է հենվել բանակցային նոր՝ «եվրոպական» ձևաչափի վրա, արագացնել բանակցությունները՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանություններից կորզելով առավելագույն զիջումներ։
«Մենք նաև առաջ ենք քաշել մեր սահմանների սահմանազատումը սկսելու առաջարկը, որովհետև մեր սահմանի ամենամեծ հատվածը նույնպես գտնվում է օկուպացիայի տակ»։ – Ադրբեջանը բացահայտ տարածքային հավակնություններ է հայտնում ՀՀ նկատմամբ, ավելին՝ 2020 թ․ նոյեմբերից սկսած՝ օկուպացրել է տարածքներ բուն ՀՀ-ից, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն այդ մասին խոսում են միայն ներքին լսարանի համար, բազմակողմ հանդիպումների (վերջինը՝ Բրյուսելում) արդյունքներում այդ հարցը որևէ փաստաթղթային ձևակերպում չի ստանում։ Այսինքն՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ձախողում են նաև ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրենց սահմանադրական պարտավորությունը և բանակցությունների են գնում ուժի սպառնալիքի տակ։
«Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքները ու անվտանգությունը նույնպես հաշվի են առնվելու։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք դրան»։ – Այստեղ նկատելի է այդքան չարչրկված «իջեցված նշաձողը»։ Փաստացի Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի միջազգային բանակցային օրակարգից անկում է կատարվել դեպի անորոշ իրավունքների ու անվտանգության պաշտպանություն։ Ըստ որում, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ևս պնդում են, որ իրենց համար կարևորն անվտանգության հարցն է՝ իրենք իրենց դնելով բանակցային փակուղում, քանզի եթե իրենց մտահոգությունը միայն դա է, իսկ Ադրբեջանը դա խոսքով երաշխավորում է, ապա ի՞նչ հիմքով են պահանջելու ավելին, այն էլ՝ առանց վերակառուցված բանակի։
«Բանավոր պայմանավորվածություն է եղել կարգավիճակի հարցը օրակարգ մտցնելուց հրաժարվելու մասին»։ – Թշնամական երկրի ղեկավարից այսպիսով տեղեկանում ենք իր և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև ևս մեկ հակահայկական բանավոր պայմանավորվածության մասին, ինչը վկայում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից բանակցությունները, դրանցում քննարկվող ազգային հարցերը սեփական կարճաժամկետ ներքաղաքական շահերին ծառայեցնելու մոտեցման մասին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր ֆունկցիան։ Անօգուտ են այն վերակենդանացնելու փորձերը»։ – 2018 թ․-ից և նամանավանդ՝ պատերազմից հետո Ադրբեջանի հետ սեպարատ բանակցությունների գնալով, այդպիսով՝ իբր ինքնիշխանությունը բարձրացնել, իսկ ապա՝ իշխանությունը պահել փորձելով՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները բերեցին կառուցվածքային առումով հայանպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանը։
«Հարավային Կովկասը 3 հարավկովկասյան երկրների անկախության տարիներին բաժանված էր»։ – Սա ևս երկարաժամկետ հեռանկարում խիստ մտահոգիչ հայտարարություն է։ Ըստ ամենայնի՝ Թուրքիայի և քաղաքական արևմուտքի լուռ հավանությամբ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային առաջատարություն ստանձնել Հարավային Կովկասում, ձևավորել նոր ինտեգրացիոն մարմին, որի վերջնանպատակն իր շահերի տեսանկյունից սեփական ազդեցության մեծացումն ու Հայաստանի կլանումն է, իսկ Թուրքիայի և քաղաքական արևմուտքի տեսանկյունից՝ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը վերացնելը։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Արցախյան երրորդ պատերազմում (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) հայկական կողմի պարտությունից հետո ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ձախողել են բանակի վերակառուցման միջոցով երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, ավելին՝ սեփական ներքաղաքական շահերից ելնելով՝ թուլացրել են բանակի դիրքերը, և հայկական ազգային շահերը միջազգային բանակցություններում վերածել են մեծ պետությունների աշխարհաքաղաքական հակասությունների մանրադրամի։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *