Հուլիսի 4-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են այսպես կոչված «բրյուսելյան օրակարգին» առնչվող հարցեր։ Շ․ Միշելն ընդգծել է ԵՄ համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտագության հաստատման կարևորությունը։ Նա հայտարարել է, որ ԵՄ կշարունակի ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և տրանսպորտային ու հաղորդակցային ուղիների բացման ուղղությամբ։
Ի․ Ալիևն ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շ․ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումները և դրանց շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցային ուղիների բացման բանակցությունները և հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն արդյունքների։ Ադրբեջանի ղեկավարը շեշտել է ականների խնդրի մասին, որին Ադրբեջանը բախվել է Արցախի՝ իր կողմից օկուպացված տարածքներում, և խոսել է այսպես կոչված «4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու անհրաժեշտությունից, ովքեր համարվում են ահետ կորած հայ-ադրբեջանական առաջին պատերազմից ի վեր»։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թ․ ապրիլի 13-ին Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկասի նոր տեսլականը. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ, նշել էր, որ Արցախյան առաջին պատերազմում 4000 ադրբեջանցի զինվոր է անհետ կորել, և Ադրբեջանին չի վերադարձվել ոչ մի մարմին։ 2022 թ․ փետրվարի 9-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է․ «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»։
Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել էր առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա… Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի», -ասել էր դե-ֆակտո վարչապետը։
Հայտարարելիս, որ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձը սակարկության առարկա չէ, հավանաբար ՀՀ դե-ֆակտո վարչապետը մոռացել էր, որ 2021 թ․ հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր և իր քաղաքական թիմի կողմից որպես հաղթաթուղթ և ժողովրդին մանիպուլյացնելու միջոց ակտիվորեն օգտագործվում էր ռազմագերիների վերադարձի և դրա դիմաց՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների վերադարձի հարցը։ Մասնավորապես՝ հունիսի 12-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ դե-ֆակտո վարչապետը նշել էր․ «Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենք պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծենք»։ Մի կողմ թողնելով բառախաղը՝ գործ ունենք ինքնախոստովանության հետ, որ հակառակ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր համաձայնության, որում ռազմագերիների վերադարձը կապակցված չէր որևէ այլ պայմանի, հետագայում դե-ֆակտո հայկական կողմն «առևտրի» առարկա է դարձրել այդ թեման՝ օգտագործելով այն ներքաղաքական նպատակներով։
Սրա շնորհիվ Ադրբեջանը հասավ նրան, որ արդեն «բրյուսելյան» փաստաթղթում վերջին պատերազմի հայ ռազմագերիների վերադարձի հարցը հավասարեցվեց և կապակցվեց ադրբեջանական կողմի իբր առաջին պատերազմից անհետ կորած անձանց հետ։