Բացատրագիր

Ժողովրդավարության «բաստիոնը» հասավ Ալավերդի

06 / 12 / 2023

Վերջին երեք օրվա ընթացքում ամենաքննարկվող իրադարձություններից է Ալավերդիում ՔՊ-ականների նախաձեռնությամբ իրականցվող հերթական իշխանազավթումը։ 

Դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ կրկին անգամ օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող վարչական և իրավական լծակները, իմպիչմենտ էր նախաձեռնել և որոշել էր հեռացնել Ալավերդի համայնքի ընտված ղեկավար Արկադի Թամազյանին և նրա փոխարեն նշանակել ՔՊ-ական թեկնածուին։

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» ստացել էր 1 մանդատ։ Ըստ օրենքի՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։ Ուստի «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։ Հոկտեմբերի 12-ին առաջադրված թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում: Ստացվում է, որ մեկ տարի առաջ կայացած ընտրություններն իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

Ինչ վերաբերում է իմպիչմենտ հայտարարելուն և դրանից բխող գործընթացի իրականացմանը, որը ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը մեկնաբանել է նշելով, թե 

«ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, և ընդդիմության գործունեության իմաստն իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ և ՔՊ-ն ավագանու 9 անդամներով կարող է ավագանու նիստ հրավիրել, քանի որ օրենքը թույլ է տալիս։»

Նշենք, որ ըստ օրենքի՝ նիստը սկսելուց առաջ ավագանին պարտավոր էր կես ժամ սպասել համայնքի ղեկավարին, չներկայանալու դեպքում նիստը պետք է վարեր նրա տեղակալը, կամ տարիքով մեծ ավագանու անդամը։ Սակայն նիստը սկսվել է օրենքի խախտումով, և 10։25-ին արդեն քվեարկությունն ավարտված է եղել:

Արդյունքում՝ ՔՊ-ն քվեարկությունն անցկացրել է օրենքի խախտումներով և ուժի գործադրմամբ ու պաշտոնից հեռացրել համայնքապետ Թամազյանին։

Նշենք, որ իրադարձություններին ակտիվորեն ներգրավված իշխող խմբակի ներկայացուցիչ, պատգամավոր Արեն Մկրտչյանը, կատարելով իր լիազորություններից չարաշահող արարքներ, անթաքույց ջերմ շփումներ էր վարում համայնքապետարանի շուրջը գտնվող ոստիկանների հետ՝ ցույց տալով, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։ Վերջինս քաղաքացուն և առավելապես, պետական պաշտոնյային ոչ հարիր կերպով պարբերաբար օգտագործում էր վիրավորական արտահայտություններ։ Ինչպես կռահելի է, ոստիկանության կողմից նման ապօրինությունները մնում էին անարձագանք։

Ըստ էության՝ տեղի ունեցածը իշխանազավթում է, ոտնահարում օրենքով սահմանված դրույթների, քաղաքացու քվեի, տեղական ինքնակառավարման ինքնուրույնության նկատմամբ և լիովին իշխանական վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ուժերի աջակցությամբ։ Արձանագրենք, որ ժողովրդավորության փաշինյանական «բաստիոնը», իսկ իրականում բռնապետական ապարատը հասավ Ալավերդի։

Աիդա Ավետիսյան

 

Related Posts