Վերլուծություն

5 իրադարձություն, որ դուրս են մղվել օրակարգից

17 / 03 / 2023

Հայաստանում տիրող տեղեկատվական վակուումի պայմաններում պետականորեն իրականացվող հստակ քաղաքականության պատճառով, երբ օրակարգը լցվում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, դատավարությունների, իբրև թե կաշառակերության ու պետական գույքի յուրացման դեպքերի բացահայտման, պետական դավաճանությունների և մի շարք անկարևոր, երկրորդական լուրերով, հաճախ կորում է ամենակարևորը։ Դե-ֆակտո իշխանությունների կողմից ուղղորդվող տեղեկատվական հոսքերի հորձանուտում մենք հաճախ մոռանում ենք մի շարք գոյաբանական սպառնալիքների, չբացահայտված հանցագործությունների ու լուծում չստացած խնդիրների մասին։ Թեև դրանցից որոշները ժամանակ առ ժամանակ  բարձրաձայնվում են դե-ֆակտո իշխող շրջանակների կողմից, սակայն դա, ինչպես յուրաքանչյուր հանդիպման ընթացքում անդրադարձը «Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին», կրում է զուտ սիմվոլիկ և իմիտացիոն բնույթ և չի ենթադրում աշխատանք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ «Հայկական ալիք»-ը ներկայացնում է 5 իրադարձություն, որոնք մոռացության են մատնվել և դուրս մղվել օրակարգից, կամ որոնց հետմեզ ստիպել են ակամա համակերպվել։

1Գերիներ և անհետ կորածներ

44-օրյա պատերազմից հետո, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում են պահվում 33 հայ ռազմագերիներ, սակայն ունենք ևս 80 գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ու այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման։ Ադրբեջանի 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո գերեվարված 20 անձանցից 17-ը վերադարձվել են, իսկ 3-ը որակվել են որպես անհետ կորած։ Ընդհանուր առմամբ, ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի, 2020-2022թթ․ ագրեսիաների հետևանքով Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում, որոնց մի մասի գերության փաստը Ադրբեջանը չի ընդունում։ Հիշեցնենք, որ, 2020թ․-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը ներառում է կետ «ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման» մասին, սակայն ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք ամենօրյա կարգով և տարբեր միջազգային հարթակներում հետամուտ են իրենց` անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չամրագրված և ապօրինի պահանջների իրականացմանը, ապա դե-ֆակտո իշխանությունները գերիների հարցը օգտագործում են զուտ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Այն էլ քանի որ քարոզարշավների ժամանակն անցել է, մոռացության է մատնվել առհասարակ:

2 ՀՀ օկուպացված տարածքներ

Ըստ դե-ֆակտո իշխանությունների տվյալների՝ Ադրբեջանը 2021թ․ մայիսի, նոյեմբերի և 2022թ․-ի սեպտեմբերի ագրեսիաների հետևանքով օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի շուրջ 150 քառ․կմ-ը, ընդ որում՝ ներկայացվող թիվն անընդհատ աճում է․ սկզբում դա 127 քառ․կմ էր, հետո՝ 140, հետո՝ 150։ Սակայն ըստ տարբեր բաց աղբյուրների հիման վրա կատարված հետազոտությունների՝ իրականում ՀՀ օկուպացրած տարածքի մակերեսը շատ ավելի մեծ է՝ շուրջ 220 քառ․ կմ։ Թշնամին այսօր էլ շարունակում է մնալ իր զբաղեցրած կարևորագույն ռազմավարական դիրքերում ու բարձունքներում՝ մշտադիտարկման տակ պահելով առանցքային ճանապարհներն ու խաղաղ բնակչությանը։ Դե-ֆակտո իշխանությունների կողմից մինչ օրս, անատամ հայտարարություններն ու միջազգային հանրությանն ուղղված թախանձագին կոչերը չհաշված, ոչ մի գործուն քայլ չի կատարվել ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու համար:

3 Զոհված զինվորների՝ նկուղում պարկերում պահվող մասունքները

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական  գործ հարուցել, դե-ֆակտո վարչապետի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն  քրեական վարույթը կարճել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական մարմինը եզրահանգել էր, որ որևէ մեկը չպետք է պատասխան տա զոհված զինվորների մարմիններն անարգելու համար։ Իսկ 2022 թ․-ի սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Թե ինչ հաջորդեց այս սարսափազդու բացահայտմանը, գիտենք բոլորս. մի երկու օր հանրային տիրույթում աղմուկ-աղաղակ, զայրույթ, հետո ամեն ինչ աստիճանաբար մարեց և մոռացության մատնվեց:

4 Վանդալիզմի արշավը ազգային ինքնության դեմ

Հիշեցնենք, որ 2021-22թթ․-ին վանդալիզմի աննախադեպ արշավ էր սկսվել հայկական ինքնությունը կերտող անձանց կամ խորհրդանիշների հուշարձանների դեմ, որոնց հանցագործները կա՛մ դեռ չեն բացահայտվել կա՛մ ձերբակալվել և ապա ազատ են արձակվել, կա՛մ ձերբակալվել են, սկսվել է նախաքննություն, որի արդյունքները չեն հանրայնացվել և ստացել անհրաժեշտ հնչեղություն։ Այդ հանցագործությունների շարքից ցանկանում ենք առանձնացնել  Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի և հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդանիշ Գարեգին Նժդեհի հուշարձանների պղծման ակտերը։ Առերևույթ հանցագործին բերման էին ենթարկել, սակայն խոստովանական ցուցմունքից հետո բաց էին թողել։ Մասնավոր զրույցի ժամանակ վերջինս ասել էր, որ գնացել է այդ քայլին, քանի որ «[Ազգալդյանն] է մեղավոր 2020 թվականին մեր ունեցած 5000 զոհի համար»։ Սա վանդալիզմի ակտերի շղթայի մի փոքր օղակն է միայն, և շատ կարճ ժամանակային ինտերվալներով պղծվել են նաև Կոմիտասի, Քրիստոսի հուշարձանները, Արցախյան երրորդ պատերազմի հերոսների նկարները, շիրիմները, Արցախի դրոշը։

5 Մերձիշխանական շրջանակների հանցագործությունները       

Այսպես կոչված՝ «նախկինների»՝ քաղաքական և զինվորական էլիտայի դեմ սկսված քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, ձերբակալություների և շինծու դատավարությունների մասին ինֆորմացիոն հոսքերում կորել են հենց դե-ֆակտո իշխանությունների և նրանց մերձավոր շրջանակների կողմից իրագործված հանցագործությունները։ 2022 թ. ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին շարասյան վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին և առանց կանգ առնելու շարունակել ճանապարհը։ Վարչապետին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ ազատ արձակվել, դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը, սկսվել են դատական քաշքշուկներ, որոնք շարունակվում են առ այսօր։

Հունիսի 19-ին Ապարան քաղաքում տեղի ունեցած կոնֆլիկտի հանգամանքները, երբ դե-ֆակտո իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ազգականն ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի զարմիկը կիրառել էին հրազեն՝ սպանելով 3 և վիրավորելով 4 անձի, ևս դեռ բացահայտված չէ, հայտնի չէ, թե ինչ ճակատագիր ունեցավ ձերբակալված մեղադրյալը։ Լայնորեն շրջանառվում է վարկած, որ դեպքն ունի քաղաքական կոնտեքստ, քանզի նախքան դեպքը տուժածները բացասաբար են արտահայտվել դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչը և հանգեցրել է նրանց եղերական սպանությանը։

Իսկ 2023 թ.-ի փետրվարի 3-ին  Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյան և նրա շրջապատից 3 անձ կողոպտել էին ՌԴ քաղաքացուն՝ վերցնելով դրամապանակը և հեռախոսը և վերջինիս ընկերուհու հեռախոսն ու անձնագրերը։ Մեղադրյալները 2 ամսով կալանավորվել են։

Արփի Մադոյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *