Մեդիա և տեխնոլոգիաներ

Ի՞նչ ֆիլմ դիտել՝ Հայաստանի քաղաքական իրականությունը հասկանալու համար

21 / 01 / 2023

«Հայկական ալիքի» խմբագրությունը խորհուրդ է տալիս 3 գեղարվեստական ֆիլմ, որոնք կարող են օգնել՝ հասկանալու այն իրականությունը և մասնավորապես «հասարակական անտարբերության» մասին պատկերացումը, որը ձևավորվել է վերջին տարիների Հայաստանում։

Անցնող շաբաթ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ զորամասում տեղի ունեցած աղետը, որի արդյունքում առնվազն 15 հայ զինվոր ողջակիզվեց, հասարակական լայն արձագանք ստացավ։ Որևէ այլ երկրում, որտեղ գերակայում են ոչ այնքան ժողովրդավարական, որքան առաջին հերթին բարոյական օրենքները, նման իրավիճակում պահի իշխանությունը հրաժարական կտար։ Սակայն դա տեղի չունեցավ, ինչպես որ չեղավ հրաժարական 2020 թ. նոյեմբերյան կապիտուլիացիայից հետո, 2021 թ. մայիսին հայ զինվորների մասունքների՝ պարկերում ու անմարդկային պայմաններում պահելու բացահայտումից հետո, 2022 թ. ապրիլին ՀՀ դե-ֆակտո վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջ մահացու ավտովթարից հետո, 2022 թ. հուլիսին Ապարանում սպանդից հետո, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակմանը անպատրաստ լինելու պատճառով Հայաստանի սուվերեն տարածքի կորստից հետո, կամ Եռաբլուրում զոհված տղաների ծնողների հանդեպ ոստիկանական անպատիժ բռնությունից հետո։ Եվ այլ բազմաթիվ ողբերգություններ, որոնք մնում են փաստացի անպատիժ, սոցցանցերում քննարկվում են երկու-երեք օր և հեշտորեն մոռացվեն, ինչն այդքան ցանկանում է օրվա դե-ֆակտո իշխանությունը։

Իսկ ինչո՞ւ է այդպես կամ ինչպե՞ս է իշխանությանը հաջողվել փաստացի հեշտորեն փակել կամ մոռացության մատնել իր և իր վարկանիշի համար տհաճ իրադարձությունները, որոնք որևէ այլ քաղաքական ռեժիմի համար կարժենային իշխանության կորստի գինը։

Պատճառները քաղաքագիտորեն վերլուծվել են բազմիցս և կարող են բանաձևվել հետևյալ կերպ. Հայաստանում հանրային տիրույթում ստեղծված է այնպիսի տեղեկատվական իրականություն, որում թելադրողը իշխանությունն է, ինչի շնորհիվ էլ կարողանում է ցանկացած քննարկում թեքել ցանկալի հունով։ Սա հնարավոր է դառնում ստեղծված հարյուր-հազարավոր մեդիա-ռեսուրսների միջոցով՝ մեդիակայսրության, որի մեջ են մտնում թե՛ դասական զլմներ (թերթեր, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ), թե՛ նորագույն մեդիաներ (փորձագետ-բլոգերներ, յութուբյան անոնիմ ալիքներ, կեղծ էջեր և այլն)։

Այս պահին այս մեծ մեդիա-կայսրությանը հակադրվող, ավելին՝ դրա տարածած կեղծ, մանիպուլատիվ և հաճախ անբարոյական բովանդակությունը չեզոքացնող միջոցներ չկան։ Սա է պատճառը, որ զինվորների ողջակիզվելու մասին լուրն այսօր արդեն վերածվել է ոչ թե բանակի (կարդա՛ անվտանգության) հանդեպ պետական անուշադրության և տգիտության, և որպես հետևանք իշխանության պատասխանատվության (կարդա՛՝ հրաժարականի) վերաբերյալ քննարկումների, այլ տեսանյութ տարածել-չտարածելու, եվրոպական ինչ-որ երկրից ուշացող մուդոլային ինչ-որ տնակների գնի և այլ թեմաներով քննարկման, որոնք փաստացի բուն հարցը շեղում են։ Այս մեթոդն աշխատում է ոչ միայն 2018 թվականից ի վեր՝ իշխանության բոլոր գործողությունները կոծկելու համար, այլև լայնորեն կիրառվում էր ներկայիս իշխանության՝ ընդդիմադիր գործունեության ընթացքում (վառ օրինակը՝ մինչ այսօր պարբերաբար հիշատակվող «Կուկուռուզնիկը քանդեցին» թեզն է)։ Իսկ տեղեկատվությունը ցանկացած վարքի և գործողությունների հիմքն է։ Վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ չկա խնդիր հանրային տիրույթում, չկա նաև պատասխանատվություն կանչելուն ուղղված անհրաժեշտ բողոքը։

Այս իրողությունը ոչ միայն չի տեսնում ու նկատում հանրության մեծ մասը, այլև դե-ֆակտո իշխանությունների հանցագործությունների դեմ պայքարող քաղաքական ուժերը, ինչը և պատճառ է, որ մինչ այսօր հաջողության չեն հասնում այս պայքարում։

Եվ քանի որ քաղաքագիտական տեքստերը ոչ բոլորն են սիրում կարդալ, որտեղ շարադրված կլինեն այս իրականության բաղադրիչներն ու դրանց աշխատանքի տրամաբանությունը, ապա առաջարկում ենք դիտել երեք գեղարվեստական ֆիլմ, որոնք կարող են օգտակար լինել՝ հասկանալու համար Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի բնույթն ու առկա ճգնաժամի պատճառները։

«Խաբեություն» («Պոչը խաղացնում է շանը») – Wag the Dog

Wag The Dog Poster.jpg1997 թ. նկարահանված այս ֆիլմը քաղաքական սատիրա է, որը բնորոշում է ոչ միայն ամերիկյան քաղաքականությունը, այլև ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաներն ընդհանրապես։ Դասթին Հոֆմանի և Ռոբետ Դե Նիրոյի հերոսները քաղտեխնոլոգն է և հոլիվուդյան պրոդյուսերը, որոնք նախագահի իշխանական թեկնածուի պատվերով տեղեկատվական դաշտում մի քանի օրում հորինում են պատերազմ, այդ պատերազմում հաղթանակ, որը պետք է հանրության ուշադրությունը շեղի նախագահի թեկնածուի մասնակցությամբ սեքս սկանդալից։ Հետաքրքրականը է, որ ֆիլմի թողարկումից մեկ ամիս անց ԱՄՆ նախագահ Քլինտոնը հայտնվեց նմանատիպ իրավիճակում, իսկ որոշ ժամանակ անց էլ վերջինս ռմբակոծեց Սուդանը, ապա նաև Իրաքը։

Սակայն առավել կարևոր է այն, որ այս ֆիլմը ուշադիր նայելիս կարելի տեսնել, թե ինչպես են կերտվում այնպիսի հասարակական խորհրդանիշներ, ինչպիսին է 2018 թ. իշխանափոխության ժամանակ հայտնի դարձած «չալոն», «Քայլ արա» երգը և այլն։ Ինչպես ասում են, ոչինչ նոր չէ այս արևի տակ և դա լիարժեք կիրառելի է քաղաքական տեխնոլոգիաներին։

«Մի՛ նայիր վերև» – Don’t Look Up

A Netflix poster featuring various characters looking up and the tagline "Based on truly possible events".2021-ի վերջին թողարկված սատիրիկ այս ֆիլմը պատմում է երկու աստղագետների մասին, որոնք հայտնաբերելով Երկիր մոլորակի վրա եկող և վերջինիս կործանման պատճառ հանդիսացող գիսաստղը, փորձում են զգուշացնել կառավարությանը` համապատսխան միջոցները ձեռք առնելու և արհավիրքը կանգնացնելու համար։ Սակայն ԱՄՆ կառավարության անփորձ ու պետական մտածողությունից զուրկ պաշտոնյաները լուրջ չեն մոտենում գիտնականների խոսքին։ Չհուսահատվելով՝ գիտնականները խնդրին հանրային հնչեղության տալու միջոցով են փորձում կասեցնել սպասվող աղետը։ Սակայն կառավարության հովանու ներքո գտնվող մեդիան ևս ծաղրի է ենթարկում գիտնականներին։ Ֆիլմը ունի համեմատաբար հաջող վերջաբան, սակայն կարծում եմ, որ ֆիլմը դիտելիս առաջինը կվերհիշեք հայաստանյան իրականությունը։ Եվ թե ինչպես են Հայաստանում 2018 թվականից ի վեր վատատեսության մեջ մեղադրում և կամ փորձում քաղաքական կողմնապահության մեջ մեղադրել բազմաթիվ մասնագետների՝ արևելագետների, քաղաքագետների, ռազմական փորձագետների, որոնք զգուշացնում են, օրինակ Ադրբեջանի կողմից Սյունիքի հանդեպ հավակնությունների մասին, սակայն մեղադրվում են պանիկա տարածելու մեջ։

«Տրումենի շոուն» – The Truman Show

Постер фильма1998 թվականին թողարկված այս ֆիլմը նախորդ երկուսից տարբերվում է ոչ այնքան ժանրով (սա ևս սատիրայի և կատակերգության արանքում է գտնվում), որքան ցույց է տալիս մեդիա տեխնոլոգիաների միջոցով կերտված իրականության սնանկությունը։ Ու թեև 90-ականների մեդիան և թվային տեխնոլոգիաները այսօրվա պես զարգացած չէին, սակայն արդեն թույլ էին տալիս մարդկանց շուրջ կերտել արհեստական օրակարգեր և դրդել նրանց մտածել այն, ինչ ցանկանում են շոուի կազմակերպիչները։

Հույս ունեմ, որ ֆիլմերը դիտելուց հետո դե-ֆակտո իշխանությունների կերտած կեղծ իրականությունից կարող ենք դուրս գալ, ինչպես վերջին ֆիլմի հերոսը՝ նախընտրելով իրական կյանքը։ Մեր դեպքում՝ իսկական ազգային պետությունում ապրելու նախընտրությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *