Հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքը հերթական անգամ պայթեցրեց անկանխատեսելի, սակայն տարածաշջանի համար խիստ սովորական դարձած պատերազմը։ Իսրայելա-պաղեստինյան բախումների սարսափազդու կադրերը վիրուսի արագությամբ տարածվեցին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ դառնալով օրակարգային մեդիայի հայկական տիրույթում։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հայկական փորձագիտական շրջանակներն ու պարզապես հետաքրքրված քաղաքացիները լծվեցին իրավիճակի վերլուծությանը։
Արաբա-իսրայելական բազմամյա հակամարտությունը, սակայն, աշխարհաքաղաքականությանը բարու և չարի հակադրության պարզունակ հարացույցից նայելու դեպքում ոչ միայն անհնար է հասկանալ, այլև ծիծաղելի դրության մեջ է դնում պատերազմին իբրև սպորտային խաղ նայող և կողմերից մեկին երկրպագողի դիրքից հանդես եկողներին։
Իրավիճակով հետաքրքրվածների համար, այսպիսով, առավել օգտակար կլինի հետևել միայն մասնագիտական վերլուծություններին և զուգահեռաբար դիտել ֆիլմեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել տարածաշրջանը և դրանում կատարվող իրադարձությունները։
«Հայկական ալիքը» պատրաստել է ֆիլմերի ընտրանի, որոնք կօգնեն մեր ընթերցողին այդ հարցում։
1. Վալս Բաշիրի հետ / Waltz with Bashir
Իսրայելցի կինոռեժիսորը հարցազրույց է վարում 1982 թ. պատերազմի մասնակիցների հետ, որպեսզի վերակառուցի այդ հակամարտության մեջ իր ծառայության ժամկետի մասին հիշողությունները և հասկանա, թե ինչու են իրեն տանջում տարօրինակ մղձավանջները։ Ֆիլմն այն մասին է, որ պատերազմները չեն լքում ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանը, այլև այն մարդկանց մտքերը, որոնք առաջին հայացքից առանց կորուստների են դուրս եկել այդ պատերազմից։
2. Դրախտն այժմ / Paradise Now
Ֆիլմը պաղեստինցի երկու մանկության ընկերների մասին է, որոնք ապրում են Արևմտյան ափում և հավաքագրվել են որպես մահապարտներ Թել Ավիվում գործողություն իրականացնելու համար։ Ֆիլմը ցուցադրում է ընկերների վերջին օրերը, և նրանց ճանապարհով ցույց տալիս պաղեստինյան հարցի մարդկային շերտերը։ «Օկուպացիան է ձևավորում դիմադրության ձևերը»,- ասվում է ֆիլմում։
3. Կիպուր / Kippur
Ֆիլմն առաջին բուժօգնության փրկարարական խմբում կամավորագրված, այնուհետև հատուկ գործողության մեկնած ուսանողների դիտանկյունից պատմում է 1973 թ․ Յոմ Կիպուրի պատերազմի մասին, որը շատ զուգահեռներ ունի հենց այս օրերին ընթացող պատերազմի հետ։