Արցախ, Արցախյան հիմնահարց

Ինչո՞ւ սխալվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

22 / 10 / 2022

Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում տարածվում է կարծիք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իրավացի էր։ Խոսքն այն մասին է, թե նա իբր ճիշտ էր կանխատեսել Արցախյան հակամարտության հետ կապված իրադարձությունների զարգացումը։ Եվ առաջին հայացքից իսկապես այն, ինչի մասին խոսել է ՀՀ առաջին նախագահը, որոշ առումներով իրականություն է դարձել։ Բայց արդյոք Լ․Տեր-Պետրոսյանն իրավացի էր։ Նա ճի՞շտ էր գնահատել քաղաքական իրավիճակը, ճի՞շտ էին նրա կանխատեսումները։ Ի տարբերություն իր շատ հետևորդների՝ Լ․ Տեր-Պետրոսյանը ժամանակին բավականին մանրամասնությամբ փաստարկել է իր դիրքորոշումը, ուստի՝ մենք այսօր հնարավորություն ունենք դիտարկելու դրանք։ Եթե կարճ, ապա վերջինս կոչ էր անում միակողմանիորեն զիջել հայկական ազատագրված տարածքներն առանց Արցախի կարգավիճակի և նույնիսկ դրա որոշման միջազգային մեխանիզմների փաստաթղթային ամրագրման, ավելին՝ ժամանակին կողմ է արտահայտվել նաև Արցախն ինքնավարության տեսքով Ադրբեջանին հանձնելուն և արցախյան հարցը որպես Ադրբեջանի ներքին հարց դիտարկելուն։

Լ․ Տեր-Պետրոսյանն իր փաստարկները հայտնել է 1997 թ. նոյեմբերի 1-ի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում, ինչպես նաև 1998 թ․ հունվարի 8-ին Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում։

Փոխզիջման այլընտրանքը՝ պատերա՞զմ

Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, սակայն 26 տարվա պատմությունը ցույց է տվել, որ  այլընտրանքը ռազմաքաղաքական հավասարակշռության ստեղծումն է, որը հետ է պահում թշնամական պետություններին ռազմական գործողությունների վերսկսումից։

Կհանդուրժի՞ արդյոք միջազգային հանրությունը

Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Արցախի թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը, և եթե Արցախը չհանձնվի Ադրբեջանին, մենք մարտահրավեր ենք նետելու միջազգային հանրությանը։ Այստեղ ակնհայտ է, որ առաջին նախագահը սխալ էր հասկացել նմանօրինակ գործընթացների զարգացումը։

Նախ՝ Հայաստանում Լ․ Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո (1998 թ.) միջազգային հանրությունը ոչ միայն հանդուրժեց, այլև բանակցեց Արցախի կարգավիճակի շուրջ։ Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկել են Արցախը Հայաստանի կազմում ներառելու տարբերակ։ Դրան դեմ էր Ադրբեջանը, ոչ թե միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Կոսովոյի համանման հակամարտությունում միջազգային հանրությունն ընդգծեց ազգերի ինքնորոշման իրավունքը, և արդյունքում արևմտյան երկրները ճանաչեցին Կոսովոն որպես անկախ պետություն։ Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը գոյություն ունի՝ չնայած միջազգային հանրության դիրքորոշմանն այնպես, ինչպես սիրիական Հաթայ շրջանը, որն անօրինական կերպով ներառվել է Թուրքիայի կազմ 1939 թ․: Ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը բավականին հանդուրժող է նման իրավիճակների նկատմամբ։ Նման իրավիճակներին Ռուսաստանի վերաբերմունքի հարցը կքննարկվի ստորև, սակայն առայժմ ֆիքսենք Լ․ Տեր-Պետրոսյանի սխալ գնահատականը։

Հայկական կողմին ավելի լավ բան չի՞ առաջարկվի, քան 1997 թ

1997 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կողմերին առաջարկեցին կարգավորման ծրագիր, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանին էր հանձնելու 7 շրջան՝ Լաչինի միջանցքը թողնելով Հայաստանի հետ հաղորդակցվելու համար, գալու էին միջազգային խաղաղապահներ, իսկ Արցախը ստանալու էր ինքնավարության կարգավիճակ՝ իր ազգային գվարդիայով, սահմանադրությամբ և օրենքներով, որոնք Արցախի տարածքում գերակայելու էին Ադրբեջանի օրենքների նկատմամբ։ Սա կոչվում էր փաթեթային համաձայնագիր։ Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ լինի փուլային գործընթաց, որը նախատեսում էր վերը նշված բոլոր կետերը, իսկ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում էր ապագայի համար՝ չհստակեցնելով դրա որոշման սկզբունքները։ Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ մեկ-երկու տարի հետո Հայաստանը կխնդրի նման տարբերակ, սակայն իրեն չի տրվի նույնիսկ այն, ինչ առաջարկվում էր այդ պահին։ Սակայն Լ․ Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց անմիջապես հետո Հայաստանի նոր իշխանությունների ջանքերով ԵԱՀԿ Մինսկի խումբն սկսեց առաջարկել շատ ավելի լավ տարբերակներ, քան 1997 թ․ փաթեթային տարբերակը։ Մասնավորապես՝ արդեն 1998 թ․ նոյեմբերին առաջարկվեց «ընդհանուր պետություն», որտեղ Արցախն ուներ նույն ինստիտուտները, ինչ 1997 թ․-ի առաջարկներում, բայց բացառվեց Արցախի ենթակայությունը Ադրբեջանին։ Ավելին՝ Արցախը կարող էր ազդել Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։ Բաքուն, բնականաբար, մերժեց միջնորդների առաջարկած այս տարբերակը։

Հետո՝ 2001 թ․՝ Քի Ուեսթի բանակցությունների ժամանակ, միջնորդներն առաջարկեցին Արցախը ներառել Հայաստանի կազմում։ 2007 թ․ նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկեց Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն Արցախը պետք է հանրաքվեով որոշեր իր կարգավիճակը։ Ավելին՝ հետագա տարիներին հայկական դիվանագիտությանը հաջողվեց ազատագրված տարածքները «7 շրջաններից» բաղկացած մեկ փաթեթից բաժանել երկուսի՝ 5 շրջանների և ևս երկու շրջանների, որոնք մնալուն էին Արցախի վերահսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել համաձայնագրի բոլոր կետերը, առաջին հերթին՝ կայացած հանրաքվեի արդյունքները։

Իլհամ Ալիևը խոստովանել է, որ բանակցություններում փակ դռների հետևում միջազգային միջնորդները ճնշում են գործադրել իր վրա՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ Ի․ Ալիևը նաև խոստովանել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի շրջանակներում Քյալբաջարի և Լաչինի շրջանները չէր փոխանցելու Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ Լ․ Տեր-Պետրոսյանն այստեղ էլ էր սխալ․ Հայաստանին առաջարկվել են շատ ավելի լավ տարբերակներ, քան 1997 թ․ հուլիսյան առաջարկները։

Ռուսաստանում իշխանության կգա՞ն ազգային ուժեր

Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ իր ընդդիմախոսների հայտարարությունները, թե Ռուսաստանում իշխանափոխություն է լինելու, և ազգային ուժեր են գալու, անհեթեթ են։ Սակայն այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ Ռուսաստանում ուժայինները չընդունեցին իրենց վերապահված դերը և պատրաստվում էին վերցնել իշխանությունը․ եղավ նույնիսկ ռազմական հեղաշրջման փորձ։ Ելցինի իրավահաջորդների տարբերակներում դիտարկվում էին ուժային բլոկի մարդիկ, ինչպիսիք են Եվգենի Պրիմակովը և Սերգեյ Ստեպաշինը։ Վերջում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը, որը սերում էր Պետական անվտանգության կազմակերպություն-Անվտանգության դաշնային ծառայություն համակարգից, և ում թիմը հիմնականում կազմված էր ՊԱԿ-ի իր գործընկերներից:

Ակնհայտ է, որ Լ․ Տեր-Պետրոսյանը լրջորեն սխալվել է Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատելիս։ Նրա պաշտոնանկությունից երկու տարի էլ չանցած՝ Ռուսաստանում իշխանությունն անցավ Վ․ Պուտինին, որ սկսեց վերափոխել երկիրը։

Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ճանաչել ինքնահռչակ պետություն

Լ․ Տեր-Պետրոսյանը պնդում էր. «Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միևնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետև իր կազմում ունի քսան Ղարաբաղ»: Լ․ Տեր-Պետրոսյանի այս տողերը գրելուց 11 տարի անց՝ 2008 թ․ օգոստոսին, Ռուսաստանը ճանաչեց երկու ինքնահռչակ հանրապետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Եվս 5 տարի անց Ռուսաստանը ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն, իսկ հետո՝ 2022 թ․ փետրվարին, ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները։ Ինչպես տեսնում ենք, սեփական կազմում ինքնավարությունների առկայությունը Ռուսաստանին ոչ մի կերպ չէր խանգարում։

Ակնհայտորեն չհասկանալով, թե Ռուսաստանի Դաշնությունում ինչ ուժեր են գալու իշխանության՝ Լ․Տեր-Պետրոսյանը վատ էր պատկերացնում աշխարհի մասին իրենց տեսլականը և չէր պատկերացնում այն, ինչ իրականություն էր դարձել՝ Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը։

Հնարավո՞ր էր արդյոք պահպանել ստատուս-քվոն

Լ․ Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հնարավոր չէ երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն, քանի որ միջազգային հանրությունը և Հայաստանի տնտեսական ներուժը դա թույլ չեն տալու։ Պատմությունը ցույց է տվել, որ առաջին նախագահը սխալվել է, քանզի Հայաստանն ու Արցախը գետնի վրա պահպանում էին ստատուս-քվոն ավելի քան 26 տարի, ինչը զուգակցվում էր բանակցային գործընթացի դրական դինամիկայով։ Տնտեսական զարգացման մասին ավելի մանրամասն՝ ստորև։

Հնարավո՞ր է արդյոք զարգանալ չկարգավորված հակամարտության պայմաններում

Լ․ Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հակամարտության և շրջափակման պայմաններում հնարավոր չէ լուրջ տնտեսական աճ ապահովել։ 1998 թ․ հունվարին Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում Լ․ Տեր-Պետրոսյանը հստակ մտահոգություն հայտնեց ՀՆԱ-ի աճի 5․8%-ից 3%-ի անկման կապակցությամբ։ Նախագահի խոսքով՝ սա մի միտում էր, որը հնարավոր չէր լինելու հաղթահարել։

Սակայն Լ․ Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո 10 տարի անընդմեջ Հայաստանը տնտեսական աճի բարձր տեմպեր ունեցավ՝ միջին տարեկան կտրվածքով ավելի քան 10%։ Հարկ է նշել, որ երկրի բյուջեն դոլլարային հաշվարկով աճել է ավելի քան 10 անգամ՝ 240․3 մլն դոլարից հասնելով 2․56 մլրդ դոլարի։ Ինչպես տեսնում եք, այստեղ ևս Լ․ Տեր-Պետրոսյանը չարաչար սխալվեց։

Նոր մտածողություն և փոխզիջումներ

Լ․ Տեր Պետրոսյանը պնդում էր, որ փոխզիջումը կօգնի խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ «հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման և արժեքների վերագնահատման հետևանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, և սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս։ Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են Եվրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաև Մերձավոր Արևելքում, որի մասնավոր վկայությունն է, թերևս, արաբա-իսրայելյան խաղաղության գործընթացը»։

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ Եվրոպայում սահմանները շատ ավելի կարևոր են դարձել, քան 1997 թ․-ին, երբ Լ․ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր տեսլականը։ Առավել ևս՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի տարածաշրջանում։ Ավելին՝ հենց արաբա-իսրայելական հակամարտությունն է, որ արդեն այսօր ցույց է տալիս, որ Իցհակ Ռաբինի խաղաղության համաձայնագրերը (որը վկայակոչում է Լ․Տեր-Պետրոսյանը) խաղաղություն չբերեցին Իսրայելին, և պաղեստինցիների հետ հակամարտությունը շարունակվում է, իսկ Իսրայելը շարունակում է գրավել պաղեստինյան տարածքները։

Այսպիսով՝ այստեղ ևս մենք տեսնում ենք Լ․ Տեր-Պետրոսյանի դատողությունների ակնհայտ սխալ լինելը։

Ինչպես վերը ցույց տրվեց, Լ․ Տեր-Պետրոսյանը սխալվել է բոլոր այն փաստարկներում, որոնց վրա հիմնել է իր դիրքորոշումը։ Իսկ այսօր Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը հենց տերպետրոսյանական թիմի ներկայացուցիչների գործունեության արդյունքն է՝ սկսած դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Գագիկ Ջհանգիրյան, Անդրանիկ Քոչարյան և այլոք։ Լ․ Տեր-Պետրոսյանի «մարգարեությունը» աշխատում է միայն մեկ դեպքում, եթե իշխանության ղեկին են նրա համախոհներն ու կողմնակիցները՝ լինի դա 1998 թ․-ին, 2008 թ․-ին իշխանությունը վերցնելու փորձի ժամանակ, և թե հիմա։

Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին կային մարդիկ, որ կարծում էին, որ հնարավոր է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական դիրքորոշմանը, այդպես էլ լինում էր։ Այսօր էլ դեռևս Հայաստանը (Արցախի հետ միասին) ունի ապագայում զարգացում և անվտանգություն ապահովելու ներուժ։ Ամենակարևորը, Լ․Տեր-Պետրոսյանը սխալվում էր, երբ կարծում էր, որ Ադրբեջանի հետ փոխզիջումը հնարավոր է։ Մեր օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։

Իսկ թե ինչու, ավելի մանրամասն և սկզբնաղբյուրներին արվող հղումներով կարող եք կարդալ «Հայկական նախագծի» հետազոտական թիմի՝ «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը․պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցում։

Կովկասագետ Կարեն Իգիթյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *