Էսսե

Թուրքերի ուխտադրժությունն ու հայերի ոչ զգոնությունը

12 / 02 / 2023

1917 թվականի դեկտեմբերին թուրքական 3-րդ բանակի հրամանատար Վեհիբ փաշայի առաջարկով ռուսական կովկասյան բանակի հրամանատար գեներալ Պրեժեվալսկին զինադադար է կնքում Կովկասյան ռազմաճակատում։ Զինադադարի կնքումից հետո Կովկասյան ռազմաճակատն արժանանում է նույն ճակատագրին ինչ նախորդ ճակատները Առաջին աշխարհամարտում. ռուսական զորքերը սկսում են դուրս գալ:

Ռուսական գրեթե 300 հազարանոց բանակի փոխարեն Անդրկովկասը պետք է պաշտպաներ հայկական ու վրացական կորպուսը և հունական դիվիզիան։ Սակայն այդ հատվածները կազմավորման փուլում էին։

Այլ ճակատներում պարտություններ կրելով՝ Թուրքիան փորձում էր ռազմավարական խնդիր լուծել՝ ոչնչացնել հայ ժողովրդին և հասնել Կասպից ծովի ափեր, ինչը հնարավորություն էր ստեղծում մուտք գործել Կենտրոնական Ասիա, որտեղ մեծաթիվ էր թյուրքական բնակչությունը։ Այդ իսկ պատճառով ռուսական բանակի հեռանալուն սպասելուց հետո Թուրքիան Կովկասյան ճակատում կենտրոնացնում է իր լավագույն զորքերը՝ 10 դիվիզիա։ Խախտելով իրենց առաջարկած զինադադարը՝ 1918 թվականի փետրվարի 12-ին թուրքերը լայնածավալ հարձակման են անցնում։ Թուրքերը, օգտագործելով իրենց թվային գերազանցությունը, պարզապես շրջանցում են  դիմադրության հանգույցներն ու առաջ անցնում։

Անդրկովկասյան սեյմի հայկական, վրացական և հունական կազմավորումները բավարար չէին 700 կիլոմետրանոց ճակատը պաշտպանելու համար, և թուրքերը 2 ամսում գրավում են ողջ Արևմտյան Հայաստանը։ Միաժամանակ նրանք խաղաղության բանակցություններ էին վարում։ Ապրիլի 25-ին Թուրքիայի պահանջով հանձվում է Կարսը։

1918 թվականի մայիսի 15-ի գիշերը քրիստոնյաները, իմանալով Բաթումի բանակցությունների մասին, այնուամենայնիվ կորցրել էին իրենց զգոնությունը և նշում էին Սուրբ Զատիկը։ Հանկարծ, կեսգիշերին թուրքերը վերջնագիր են ուղարկում, որ մինչև առավոտյան ժամը 6-ը Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրին) պետք է հայաթափվեր: Եվ չսպասելով անգամ վերջնաժամկետին, թուրքերը սկսում են թե՛ բերդի, թե՛ բնակելի թաղամասերի զանգվածային հրետակոծությունը։ Ալեքսանդրապոլը գրավվում է, հայկական զորքերը ջախջախվում են և նահանջում։ 1918 թվականի մայիսի 21-ին թուրքական զորքերը հասնում են Սարդարապատի կայարան, որտեղ ջախջախվում են հայերի կողմից։ Բայց դա այլ պատմություն է։

Կարեն Իգիթյան, կովկասագետ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *